1«Հծծիւնով կը հասցնեմ նրան իմ խօսքերը. կը խօսեմ թախծոտած իմ հոգու դառնութեամբ։
2Ու կ՚ասեմ. «Տէ՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ լինեմ ամբարիշտ». եւ ինչո՞ւ դատեցիր այսպէս ինձ։
3Բարւո՞ք է քեզ թւում անիրաւուած լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, նայել պիղծերի խորհրդին։
4Մի՞թէ դու նայում ես, ինչպէս մարդն է նայում, կամ տեսնում, ինչպէս մահկանացուն է տեսնում։
5Տարիներդ մարդու տարինե՞ր են միթէ,
6որ փնտռում ես կրկին յանցանքներս ու քննում մեղքերս։
7Գիտես, որ երբեք չեմ մեղանչել, բայց ո՞վ ինձ կ՚ազատի քո ձեռքից։
8Քո ձեռքն է արարել ու ինձ ձեւ է տուել, բայց յետոյ դարձել ես, զարկել ինձ։
9Յիշի՛ր, որ կաւից ես ստեղծել. վերստին դու հող ես ինձ դարձնում։
10Մի՞թէ չես կաթի պէս կթել ինձ, պանրի պէս մակարդել։
11Մորթ ու միս հագցրել, ոսկրերով, ջիլերով ես օժտել։
12Կեանք ու կարեկցանք ես դրել ինձ վրայ. հոգատարութեամբ ես պահել իմ ոգին։
13Եւ քանի այս բոլորն ունես դու՝ գիտեմ, որ ամէն բան կարող ես. քեզ համար չի լինի ոչ մի բան ուժից վեր։
14Մեղանչեմ թէկուզ ես՝ կը պահես. չես պահել զերծ դու ինձ՝ մեղքերից։
15Ամբարիշտ թէ եղայ՝ օ՜, վա՜յ ինձ. արդար էլ թէ լինեմ՝ չեմ կարող հայեացքս բարձրացնել, զի մէջս անարգանք կայ լեցուն։
16Որսուած եմ իբր առիւծ, որին պիտ սպանեն։ Ինձ դարձեալ չարաչար ջնջում ես,
17նորոգում հարուածներս իմ գլխին։ Բարկութեամբ ես ձեռքդ իջեցրել ինձ վրայ, փորձիչներ ես բերել դու իմ դէմ։
18Ինչո՞ւ ինձ հանեցիր արգանդից, ու տեղում չմեռայ։ Ոչ մի աչք չէր տեսնի ինձ այնժամ, ու կարծես թէ եղած էլ չէի լինի ես։
19Եւ ինչո՞ւ արգանդից ուղղակի գերեզման չիջայ ես,
20կամ մի՞թէ շատ կարճ չէ ժամանակն իմ կեանքի։ Թո՛յլ տուր ինձ, որ փոքր-ինչ հանգչեմ ես,
21մինչեւ այնտեղ գնամ, որտեղից երբեք չեմ դառնալու՝ երկիրն այն խաւարին ու մթին,
22երկիրը, ուր յաւերժ աղջամուղջ է տիրում, եւ որտեղ լոյս չկայ, ու ոչ ոք չի կարող տեսնել կեանք մարդկային»։