1Ով Աստուած, քո իրաւունքները թագաւորին տուր, եւ քո արդարութիւնը թագաւորի որդիին։
2Նա քո ժողովրդին դատէ արդարութիւնով. եւ քո խեղճերին իրաւունքով։
3Սարերը խաղաղութիւն բուսացնեն ժողովրդի համար եւ բլուրները` արդարութիւնով լցուին։
4Նա իրաւունք անէ ժողովրդի աղքատներին. խեղճերի որդիքը փրկէ եւ զրկողներին ջարդէ.
5Վախենան քեզանից քանի որ արեգակը կայ, եւ լուսնի առաջին՝ ազգից մինչեւ ազգ։
6Վայր գայ ինչպէս անձրեւ հնձած խոտի վերայ. ինչպէս շաղ՝ որ ոռոգում է երկիրը։
7Նորա օրերումը ծաղկի արդարը. եւ շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չլինի։
8Եւ նա տիրապետէ ծովիցը մինչեւ ծովը. եւ Գետիցը մինչեւ երկրի ծայրերը։
9Նորա առաջին խոնարհուին անապատում բնակողները, եւ նորա թշնամիները փոշի լիզեն։
10Թարսիսի եւ կղզիների թագաւորներն ընծայ մատուցանեն. Շաբայի եւ Սաբայի թագաւորներն պարգեւ բերեն։
11Եւ ամեն թագաւորները երկրպագութիւն տան նորան. ամեն ազգերը ծառայեն նորան։
12Որովհետեւ նա կփրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չունի։
13Նա կխղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կապրեցնէ։
14Նենգութիւնից եւ բռնութիւնից կփրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կլինի նորա առաջին։
15Եւ նա կապրի եւ կտան նորան Շաբայի ոսկիիցը. եւ աղօթք կանեն նորա համար ամեն ժամանակ. ամեն օր կօրհնեն նորան։
16Ցորենի առատութիւն կլինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ. նորա պտուղը կշարժուի ինչպէս Լիբանանը. եւ քաղաքիցը կծաղկեն ինչպէս երկրի խոտը։
17Նորա անունը կլինի յաւիտեան. դեռ քանի որ արեգակը կկենայ. նորա անունը կմնայ, եւ կօրհնուին նորանով. ամեն հեթանոսները երանի կտան նորան։
18Օրհնեալ է Տէր Աստուած՝ Իսրայէլի Աստուածը. որ մինակ նա է հրաշք անող։
19Եւ օրհնեալ է նորա փառաւոր անունը յաւիտեան. եւ թող ամեն երկիր լցուի նորա փառքովը. ամէն եւ ամէն։
20Վերջացան Յեսսէի որդի՝ Դաւիթի աղօթքները։