1Ով Տէր, ես քեզ եմ յուսացած՝ թող չամաչեմ յաւիտեան։
2Քո արդարութիւնովն ապրեցրու եւ ազատիր ինձ. խոնարհեցրու քո ականջները ինձ մօտ՝ եւ փրկիր ինձ։
3Ապաւինութեան վէմ եղիր ինձ համար, որ միշտ քեզ մօտ գամ. դու հրամայեցիր որ փրկես ինձ, որովհետեւ իմ վէմը եւ իմ բերդը դու ես։
4Աստուած իմ, փրկիր ինձ ամբարշտի ձեռքիցը՝ անօրէն եւ բռնաւոր մարդի ձեռքիցը։
5Որովհետեւ դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես։
6Ես քեզ վերայ հաստատուեցայ արգանդիցը. դու ես իմ պահապանն իմ մօր փորիցը. իմ օրհնութիւնը միշտ քեզ համար է։
7Ես հրաշքի պէս եղայ շատերի համար. բայց դու ես իմ զօրաւոր ապաւէնը։
8Թող իմ բերանը լցուի քո գովասանքովը. ամեն օր քո փառաբանութիւնովը։
9Իմ ծերութեան ժամանակումը դէն մի գցիր ինձ. զօրութիւնս պակասուելիս մի թողիր ինձ։
10Որովհետեւ թշնամիներս խօսում են ինձ դէմ. եւ իմ անձին սպասողները իրար հետ խորհուրդ են անում.
11Եւ ասում. Աստուած թողեց նորան, հալածեցէք եւ բռնեցէք նորան. որովհետեւ ոչ ով չկայ, որ փրկէ նորան։
12Ով Աստուած, մի հեռանար ինձանից. ով Աստուածս, շուտով օգնիր ինձ։
13Թող ամաչեն ու կորչեն իմ անձի հակառակողները. թող նախատինքով եւ ամօթով ծածկուին ինձ չար ուզողները։
14Բայց ես միշտ կսպասեմ, եւ քո ամեն փառաբանութիւնների վերայ փառաբանութիւն կաւելացնեմ։
15Թող իմ բերանը պատմէ քո արդարութիւնը, ամեն օր քո փրկութիւնը, որովհետեւ ես չգիտեմ նորանց համրանքը։
16Ես կգամ Տէր Աստուծոյ զօրութիւնովը. ես կյիշեմ մինակ քո արդարութիւնը։
17Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները։
18Եւ հիմա մինչեւ իմ ծերութիւնը եւ ալեւորութիւնը մի թողիր ինձ, ով Աստուած. մինչեւ որ քո բազուկը պատմեմ յաջորդ սերունդին եւ քո զօրութիւնը բոլոր եկողներին։
19Եւ քո արդարութիւնը, ով Աստուած, մինչեւ բարձրն է որ դու մեծամեծ բաներ արիր. ով Աստուած, ո՞վ է քեզ նման։
20Դու որ նեղութիւններ եւ չարչարանք ցոյց տուիր ինձ. դարձեալ կենդանի ես անում ինձ՝ եւ երկրի անդունդիցը դարձեալ հանում ես ինձ։
21Դու շատացնում ես իմ մեծութիւնը, եւ դարձեալ մխիթարում ես ինձ։
22Ես կգոհանամ քեզանից, ով Աստուած, նուագարանով քո ճշմարտութեանը համար. սաղմոս կասեմ քեզ քնարով, Ով Իսրայէլի Սուրբդ։
23Իմ շրթունքները կցնծան՝ երբոր սաղմոս ասեմ քեզ. եւ իմ անձը՝ որ դու փրկեցիր։
24Եւ իմ լեզուն էլ ամեն օր կխօսի քո արդարութեանը համար, որովհետեւ ամաչեցին եւ ամօթ եղան ինձ չար ուզողները։