Psalms 40
1 Սպասելով սպասեցի Տիրոջը, եւ նա դէպի ինձ նայեց եւ աղաղակս լսեց։
2 Եւ ինձ հանեց կորստի հորիցը՝ տիղմոտ ցեխիցը, եւ վէմի վերայ կանգնացրեց ոտներս, եւ գնացքս հաստատեց։
3 Եւ նոր երգ դրաւ իմ բերանումը մեր Աստուծոյ օրհնութիւնը. շատերը կտեսնեն եւ կվախենան եւ Տիրոջը կյուսան։
4 Երանի այն մարդին որ նա իր յոյսը Տէրն է շինում, եւ ամբարտաւաններին ու ստութեան հետեւողներին չէ դառնում։
5 Շատ են քո հրաշքները՝ որ դու արիր, ով Տէր Աստուածս. եւ քո խորհուրդները մեզ վերայ են. ոչ ով քեզ հաւասար չէ. կպատմէի եւ կխօսէի նորանց, բայց համարից շատ են։
6 Պատարագի եւ ընծայի չհաւանեցիր, բայց ականջներս բաց արիր. ողջակէզ ու մեղքի համար պատարագ չպահանջեցիր.
7 Ապա ասեցի. Ահա ես գալիս եմ. գրքի տոմսումը գրուած է ինձ համար.
8 Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս. եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է։
9 Ես արդարութիւն եմ քարոզում մեծ ժողովրդի մէջ. ահա իմ շրթունքները չեմ արգելում. Տէր, դու գիտես.
10 Քո արդարութիւնը չեմ թագցնում սրտիս մէջ. քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը պատմեցի. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չեմ ծածկում մեծ ժողովքի առաջին։
11 Բայց դու, Տէր, մի հեռացնիր ինձանից քո գթութիւնը. քո ողորմութիւնն ու հաւատարմութիւնը թող միշտ պաշտպանեն ինձ։
12 Որովհետեւ անթիւ չարիք պատեցին ինձ. իմ անօրէնութիւնները հասան ինձ վերայ՝ որ չեմ կարող տեսնել. աւելի շատ են իմ գլխի մազերիցը. եւ իմ սիրտը թողեց ինձ։
13 Տէր, հաճիր ինձ փրկելու. Տէր, շուտ արա՝ ինձ օգնիր։
14 Թող իրար հետ ամաչեն եւ ամօթ լինին իմ անձը կորցնել խնդրողները. թող ետ դառնան եւ խայտառակ լինին իմ չարն ուզողները։
15 Իրանց ամօթի պատճառովը պիտի զարհուրին նորանք, որ ինձ ասում են Վահ վահ։
16 Թող ցնծան եւ ուրախանան քեզանով. ամեն քեզ խնդրողները. թող քո փրկութիւնը սիրողները միշտ ասեն՝ Տէրը փառաւորուի։
17 Բայց ես խեղճ եմ եւ աղքատ. Տէրը հոգս է անում ինձ համար. իմ օգնութիւնն ու փրկութիւնը դու ես, ով իմ Աստուած, մի ուշանար։