1Պահիր ինձ, ով Աստուած, որովհետեւ քեզ եմ յուսացած։
2Ասեցի Տիրոջը՝ թէ դու ես իմ Տէրը. բարիք չունիմ քեզանից ջոկ։
3Սուրբերին, որ երկրումն են, եւ փառաւորներին՝ նորանց վերայ է իմ բոլոր հաճութիւնը։
4Կշատանան նորանց ցաւերը, որ օտար Աստուծոյ ետեւից են վազում. ես չեմ մատուցանել նորանց ընծաները, որ արիւնից են. եւ նորանց անունները իմ շրթունքների վերայ չեմ առնիլ։
5Տէրն է իմ ժառանգութեան եւ իմ բաժակի բաժինը. դու հաստատ պահում ես իմ ժառանգութիւնը։
6Ինձ վիճակ ընկաւ ցանկալի տեղուանքը, եւ այս ժառանգութիւնը հաճոյ է ինձ։
7Ես կօրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս. եւ գիշերն էլ իմ երիկամունքները յորդորում են ինձ։
8Ես Տիրոջը դրի իմ առաջին ամեն ժամանակ. որովհետեւ նա իմ աջ կողմն է. ես չեմ սասանուիլ։
9Սորա համար իմ սիրտն ուրախ է, եւ իմ փառքը ցնծում է. եւ մարմինս էլ յուսով կբնակուի։
10Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ քո սրբին ապականութիւն տեսնիլ չես տալ։
11Դու ինձ ճանաչեցնում ես կեանքի ճանապարհը. քո երեսի առաջին ուրախութիւնների լիութիւն կայ, եւ քո աջ կողմը՝ քաղցրութիւններ՝ յաւիտեան։