Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 106

:
Armenian - AA1896
1 Ալէլուիա։ Գոհացէք Տէրիցը որ բարի է. որ նորա ողորմութիւնը յաւիտեան է։
2 Ո՞վ կպատմէ Տիրոջ զօրութիւնը. ո՞վ կիմացնէ նորա բոլոր գովասանքը։
3 Երանի իրաւունք պահողներին եւ ամեն ժամանակ արդարութիւն անողներին։
4 Յիշիր ինձ, Տէր, քո ժողովրդի վերայ ունեցած հաճութեանդ պէս, այցելութիւն արա ինձ քո փրկութիւնովը։
5 Որ տեսնեմ քո ընտրեալների յաջողութիւնը. ուրախանամ քո ազգի ուրախութիւնովը. պարծենամ քո ժառանգութիւնովը։
6 Մենք մեղանչեցինք մեր հայրերի հետ. անօրէնութիւն արինք եւ ամբարշտութիւն գործեցինք։
7 Մեր հայրերը Եգիպտոսումը չհասկացան քո հրաշքները. չյիշեցին քո մեծ ողորմութիւնը եւ հակառակ կացան ծովի մօտ՝ Կարմիր ծովի մօտ։
8 Բայց նա փրկեց նորանց իր անունի համար, որ հասկացնէ իր զօրութիւնը։
9 Եւ Կարմիր ծովին սաստեց՝ եւ նա ցամաքեց, եւ նորանց գնալ տուաւ անդունդի միջովն ինչպէս անապատում։
10 Եւ նորանց փրկեց ատողի ձեռքիցը. եւ նորանց ազատեց թշնամիի ձեռքիցը։
11 Եւ ջուրերը ծածկեցին նորան նեղացնողներին, որ նորանցից մէկն էլ չմնաց։
12 Եւ հաւատացին նորա խօսքերին, օրհնեցին նորա օրհնութիւնը։
13 Բայց շուտով մոռացան նորա գործերը, եւ չսպասեցին նորա խորհուրդներին։
14 Եւ ցանկացան ցանկութիւնով անապատումը, եւ փորձեցին Աստուծուն անջուր տեղումը։
15 Եւ նա նորանց տուաւ իրանց ուզածը. եւ վատուժութիւն ուղարկեց նորանց անձերին։
16 Եւ նորանք նախանձեցին Մովսէսի դէմ բանակումը, եւ Տիրոջ սուրբ՝ Ահարօնի դէմ։
17 Երկիրը բացուեցաւ եւ կուլ տուաւ Դաթանին. եւ ծածկեց Աբիրոնի ժողովքին։
18 Կրակ բորբոքուեցաւ նորանց ժողովքումը. բոց մաշեց ամբարիշտներին։
19 Հորթ շինեցին Քորեբումը եւ երկրպագութիւն տուին ձուլածոյ պատկերին։
20 Եւ իրանց փառքը փոխեցին խոտաճարակ հորթի նմանութեան։
21 Մոռացան իրանց փրկիչ Աստուծուն, որ մեծամեծ գործեր արաւ Եգիպտոսումը,
22 Հրաշքներ Քամի երկրումը, ահաւոր բաներ Կարմիր ծովի վերայ։
23 Եւ ասեց որ սատկեցնէ նորանց, եթէ նորա ընտրեալ Մովսէսը կանգնած չլինէր մէջտեղը նորա առաջին որ ետ դարձնէ նորա բարկութիւնը սատակեցնելուց։
24 Եւ նորանք անարգեցին այն ցանկալի երկիրը. չհաւատացին նորա խօսքին։
25 Տրտնջեցին իրանց վրաններումը, Տիրոջ ձայնին չլսեցին։
26 Եւ նա բարձրացրեց իր ձեռքը նորանց վերայ, որ նորանց վայր գցէ անապատումը.
27 Եւ նորանց զաւակը հեթանոսների մէջ գցէ, եւ նորանց ցրուէ երկիրների մէջ։
28 Բայց նորանք Բել-Փեգովրին կպան, եւ մեռելների զոհերը կերան։
29 Եւ բարկացրին Աստուծուն իրանց գործերովը, եւ ժանտամահը հասաւ նորանց վերայ։
30 Ապա Փենեհէսը վեր կացաւ եւ դատաստան արաւ, եւ մահն արգիլուեցաւ։
31 Եւ սա համարուեցաւ նորան արդարութիւն ազգից մինչեւ ազգ յաւիտեան։
32 Եւ բարկացրին նորան Մերիբայի ջրերի վերայ, եւ Մովսէսին չար եղաւ նորանց պատճառովը։
33 Որովհետեւ դառնացրին նորա հոգին, եւ նա մեղանչեց իր շրթունքներովը։
34 Նորանք չկորցրին այն ազգերին, որ Տէրն ասեց նորանց.
35 Այլ խառնուեցան հեթանոսների հետ եւ սովորեցին նորանց գործերը։
36 Եւ ծառայեցին նորանց կուռքերին. նորանք էլ որոգայթ եղան նորանց համար։
37 Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին։
38 Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. եւ երկիրը պղծուեցաւ արիւնով։
39 Եւ նորանք պղծուեցան իրանց գործերովը, եւ պոռնկութիւն արին իրանց արարմունքներովը։
40 Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց իր ժողովրդի վերայ, եւ նա զզուեց իր ժառանգութիւնիցը։
41 Եւ նորանց մատնեց հեթանոսների ձեռքը. եւ նորանց ատողները տիրապետեցին նորանց վերայ։
42 Եւ նորանց թշնամիները նեղացրին նորանց, եւ նորանք խոնարհուեցան նորանց ձեռքի տակ։
43 Նա շատ անգամ փրկեց նորանց, բայց նորանք դառնացրին նորան իրանց խորհուրդներովը, եւ փչացան իրանց անօրէնութիւնների պատճառով։
44 Եւ նա նայեց նորանց նեղութեանը, երբոր նորանց աղաղակը լսեց։
45 Եւ իր ուխտը յիշեց նորանց համար, եւ զղջաց իր մեծ ողորմութեան պէս։
46 Եւ նորանց ողորմութիւն գտնել տուաւ այն ամենի առաջին, որ գերի արին նորանց։
47 Փրկիր մեզ, ով Տէր՝ մեր Աստուածը, եւ ժողովիր մեզ հեթանոսների միջից, որ գոհանանք քո սուրբ անունիցը եւ օրհնութիւնովդ պարծենանք։
48 Օրհնեալ է Եհովան՝ Իսրայէլի Աստուածը յաւիտենից մինչեւ յաւիտեանս. եւ բոլոր ժողովուրդն ասէ. Ամէն։ Ալէլուիա։