1Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, Գալիլեայիցը վեր կացաւ Հրէաստանի սահմաններն եկաւ, Յորդանանի այն կողմը։
2Եւ շատ ժողովուրդներ նորա ետեւից գնացին, եւ նորանց այնտեղ բժշկեց։
3Եւ Փարիսեցիները նորա մօտ եկան եւ նորան փորձելով ասում էին նորան. Արժա՞ն է արդեօք մարդիս, որ իր կինն արձակէ ամեն որեւէ պատճառի համար։
4Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Չէ՞ք կարդացել թէ նա որ սկզբիցն ստեղծեց, արու եւ էգ ստեղծեց նորանց, եւ ասեց.
5Սորա համար մարդ կթողէ հայրը եւ մայրը եւ իր կնոջը կյարի եւ երկուսը կլինին մէկ մարմին։
6Որովհետեւ այլեւս երկու չեն, այլ մէկ մարմին. արդ այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չբաժանէ։
7Նորան ասեցին. Ապա ինչո՞ւ Մովսէսը պատուիրեց մեզ, արձակման թուղթ տալ եւ արձակել նորան։
8Նորանց ասեց, թէ Մովսէսը ձեր քարասրտութեան համար հրաման տուաւ ձեզ, ձեր կնիկներին արձակելու. բայց սկզբիցն այնպէս չեղաւ։
9Եւ ես ասում եմ ձեզ թէ՝ Ամեն ով որ իր կինն արձակէ, առանց պոռնկութեան պատճառի եւ ուրիշն առնէ, շնութիւն է գործում. եւ արձակուածն առնողը շնութիւն է գործում։
10Իրան աշակերտները նորան ասեցին. Եթէ այդպէս է մարդի բանը կնկայ հետ, լաւ չէ ամուսնանալ։
11Նա էլ ասեց նորանց. Ամենքը չեն տանում այդ բանը, բայց որոնց որ տրուած է։
12Որովհետեւ կան ներքինիներ, որ մօր որովայնից այնպէս են ծնուել. եւ կան ներքինիներ՝ որ մարդկանցից են ներքինացրուել. եւ կան ներքինիներ՝ որ իրանց ներքինացրին երկնքի արքայութեան համար. ով որ կարող է տանել՝ թող տանի։
13Այն ժամանակ երեխաներ բերուեցան նորա մօտ՝ որ ձեռքերը դնէ նորանց վերայ եւ աղօթք անէ. իսկ աշակերտները յանդիմանում էին նորանց։
14Բայց Յիսուսն ասեց. Թոյլ տուէք այդ երեխաներին՝ եւ դորանց մի արգիլէք ինձ մօտ գալ. որովհետեւ այդպիսիներին է երկնքի արքայութիւնը։
15Եւ նորանց վերայ ձեռք դրաւ, եւ այնտեղից գնաց։
16Եւ ահա մէկն եկաւ նորա մօտ եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ։
17Նա էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. ոչ ոք է բարի բայց միայն մէկն՝ Աստուած. իսկ թէ որ կամիս կեանքը մտնել, պահիր պատուիրանքները։
18Նորան ասեց. Որո՞նք։ Յիսուսն էլ ասեց, Սորանք. Մի՛ սպանիր, Մի՛ շնար, Մի՛ գողանար, Մի՛ սուտ վկայիր,
19Պատուի՛ր քո հօրը եւ քո մօրը, եւ սիրի՜ր քո ընկերին քո անձի պէս։
20Պատանին նորան ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահեցի. էլ ի՞նչ բանով եմ պակաս։
21Յիսուսը նորան ասեց. Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա ունեցածներդ ծախիր եւ տուր աղքատներին, եւ գանձ կունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։
22Երբոր պատանին այս խօսքը լսեց, տրտմած գնաց, որովհետեւ շատ ստացուածք ունէր։
23Յիսուսն էլ ասեց իր աշակերտներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ հարուստը դժուար կմտնէ երկնքի արքայութիւնը։
24Բայց դարձեալ ասում եմ ձեզ. Աւելի հեշտ է, որ մի ուղտ ասեղի ծակովն անցնի, քան թէ մի հարուստ Աստուծոյ արքայութիւնը մտնէ։
25Եւ նորա աշակերտներն երբոր լսեցին, շատ զարմացան եւ ասեցին. Ապա ո՞վ կարող է փրկուիլ։
26Յիսուսն էլ նորանց մտիկ տալով ասեց. Մարդկանց կողմանէ դա անկարելի է, բայց Աստուծոյ կողմանէ ամեն բան կարելի է։
27Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց եւ ասեց նորան. Ահա մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետեւից եկանք. Հիմա ի՞նչ կլինի մեզ.
28Յիսուսն էլ ասեց նորանց. Ճշմարիտն ասում եմ ձեզ, թէ դուք՝ իմ ետեւից եկողներդ, վերստին ծննդումը՝ երբոր մարդի Որդին իր փառաց աթոռի վերայ կնստի, դուք էլ տասնեւերկու աթոռի վերայ կնստիք՝ եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերը կդատէք։
29Եւ ամեն ով որ թողեց տներ, կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիք, կամ արտեր իմ անունի համար, հարիւրապատիկ կառնէ եւ յաւիտենական կեանքը կժառանգէ։
30Եւ շատ առաջիններ յետինք կլինին, եւ յետիններ առաջինք։