1Այն ժամումը աշակերտները Յիսուսի մօտ եկան եւ ասեցին. Ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ։
2Եւ Յիսուսն իր մօտ մի երեխայ կանչելով, նորան կանգնեցրեց նորանց մէջտեղը.
3Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ դարձ չգաք եւ չլինիք երեխաների նման, չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։
4Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնէ, նա է մեծ երկնքի արքայութեան մէջ։
5Եւ ով որ մի այսպիսի երեխայ ընդունի իմ անունովը, ինձ է ընդունում։
6Եւ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մէկին, որ հաւատում են ինձ, աւելի լաւ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախուի, եւ նա ծովի անդունդում ընկղմուի։
7Վայ աշխարհքիս՝ գայթակղութիւնների համար. որովհետեւ պէտք է որ գայթակղութիւնները գան, սակայն վա՛յ այն մարդին, որի ձեռովը կգայ գայթակղութիւնը։
8Եւ եթէ քո ձեռքը կամ քո ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. լաւ է քեզ կաղ կամ հաշմանդամ մտնել կեանքը, քան թէ երկու ձեռք եւ երկու ոտք ունենալ՝ եւ յաւիտենական կրակը գցուիլ։
9Եւ թէ որ քո աչքը քեզ գայթակղեցնում է, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, լաւ է քեզ մէկ աչքով մտնել կեանքը, քան թէ երկու աչք ունենալ՝ եւ կրակի գեհենը գցուիլ։
10Զգոյշ կացէք, որ այս փոքրներից մէկին չանարգէք. որովհետեւ ասում եմ ձեզ, որ նորանց հրեշտակներն երկնքումը միշտ տեսնում են իմ Հօր երեսը որ երկնքումն է։
11Որովհետեւ մարդի Որդին եկաւ, որ ապրեցնէ կորածը։
12Ինչպէ՞ս է երեւում ձեզ, եթէ մի մարդի հարիւր ոչխար լինի, եւ նորանցից մէկը մոլորի, նա չի՞ թողիլ իննսուն եւ ինը ոչխարը սարերը եւ գնալ այն մոլորածին որոնել։
13Եւ եթէ լինի որ գտնէ նորան, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նորա վերայ աւելի կուրախանայ քան թէ այն իննսուն եւ իննի վերայ որ չեն մոլորած։
14Այսպէս ձեր Հայրը՝ որ երկնքումն է, չէ կամենում, որ այս փոքրներից մէկը կորչի։
15Եթէ քո եղբայրը քեզ դէմ մեղանչէ, գնա նորան յանդիմանիր՝ երբոր դու եւ նա մինակ լինիք. եթէ քեզ լսէ, քո եղբայրը շահեցիր։
16Բայց եթէ չլսէ, վեր առ մի կամ երկու ուրիշն էլ քեզ հետ, որովհետեւ երկու կամ երեք վկայի բերանով ամեն բան կհաստատուի։
17Բայց եթէ նորանց էլ չլսէ, ասիր եկեղեցուն. ապա եթէ եկեղեցուն էլ չլսէ, թող լինի քեզ համար ինչպէս հեթանոս եւ մաքսաւոր։
18Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ երկրի վերայ կապէք, երկնքումն էլ կապուած կլինի, եւ ինչ որ երկրի վերայ արձակէք, երկնքումն էլ արձակուած կլինի։
19Դարձեալ ասում եմ ձեզ՝ եթէ ձեզանից երկուսը երկրի վերայ միաբանուին՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նորանց իմ Հօրիցն՝ որ երկնքումն է։
20Որովհետեւ ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունովը ժողովուած լինին՝ ես այնտեղ նորանց մէջ եմ։
21Այն ժամանակ Պետրոսը նորա մօտ գալով ասեց. Տէր, քանի՞ անգամ եթէ իմ եղբայրն ինձ դէմ մեղք անէ, ես ներեմ նորան. մինչեւ եօ՞թն անգամ։
22Յիսուսը նորան ասեց. Չեմ ասում քեզ, մինչեւ եօթն անգամ, այլ մինչեւ եօթանասուն անգամ եօթը։
23Սորա համար երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի թագաւոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիւ տեսնել։
24Եւ երբոր սկսեց հաշիւը տեսնել, նորա մօտ մէկը բերուեցաւ տասը հազար քանքար պարտական։
25Բայց որովհետեւ չունէր վճարելու, նորա տէրը հրամայեց որ նա եւ նորա կինն եւ նորա որդիները եւ ամեն ինչ որ ունէր ծախուի եւ պարտքը վճարուի։
26Եւ ծառան էլ երեսի վերայ ընկնելով երկրպագում էր նորան եւ ասում. Տէր, համբերիր ինձ համար, եւ բոլորը կհատուցանեմ քեզ։
27Տէրն էլ գթաց այն ծառայի վերայ՝ նորան արձակեց, եւ պարտքն էլ շնորհեց նորան։
28Եւ երբոր այն ծառան դուրս եկաւ, իր ծառայակիցներից մէկին գտաւ՝ որ իրան հարիւր դահեկան էր պարտական, եւ նորան բռնած խեղդում էր եւ ասում, Վճարիր ինձ ինչ որ պարտական ես։
29Հիմա նորա այն ծառայակիցը նորա ոտներն ընկաւ, նորան աղաչում էր եւ ասում. Համբերիր ինձ համար եւ բոլորը կհատուցանեմ քեզ։
30Բայց նա չէր կամենում, այլ գնաց նորան գցեց բանտը, մինչեւ որ պարտքը վճարէ։
31Երբոր նորա ծառայակիցները տեսան եղած բաները շատ տրտմեցան եւ եկան իրանց տիրոջը յայտնեցին բոլոր եղածը։
32Այն ժամանակ նորա տէրը մօտը կանչեց նորան եւ ասեց. Չար ծառայ, ես այն բոլոր պարտքը շնորհեցի քեզ, որովհետեւ դու աղաչեցիր ինձ։
33Պէտք չէ՞ր որ դու էլ քո ծառայակցին ողորմէիր՝ ինչպէս որ ես էլ քեզ ողորմեցի։
34Եւ նորա Տէրը բարկանալով՝ նորան մատնեց դահիճներին, մինչեւ որ բոլոր պարտքը վճարէ նորան։
35Այսպէս էլ իմ երկնաւոր Հայրը կանէ ձեզ, եթէ դուք ամեն մէկդ իր եղբօրը՝ ձեր բոլոր սրտիցը չթողէք նորանց յանցանքը։