1Այն օրը Յիսուսը տանիցը դուրս գալով ծովի եզերքումը նստեց։
2Եւ շատ ժողովուրդներ նորա մօտ ժողովուեցան, մինչեւ որ նա նաւը մտաւ նստեց. եւ բոլոր ժողովուրդը ծովեզրին կանգնել էր։
3Եւ նորանց հետ շատ բաներ խօսեց առակներով ասելով.
4Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու. եւ նա սերմելիս՝ մի քանիսը ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչուններն եկան եւ կերան նորանց։
5Եւ ուրիշներն ընկան քարքարուտ տեղ, ուր շատ հող չկար, եւ շուտով բուսան՝ խոր հող չունենալու պատճառովը։
6Բայց երբոր արեգակը ծագեց, տաքացաւ. եւ որովհետեւ արմատ չունէին՝ չորացան։
7Եւ ուրիշներն ընկան փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորանց։
8Եւ ուրիշներն ընկան բարի երկրի վերայ, եւ պտուղ էին տալիս. որը հարիւր, եւ որը վաթսուն, եւ որը երեսուն։
9Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
10Եւ աշակերտները մօտ գալով ասեցին նորան. Ինչո՞ւ առակներով ես խօսում նորանց հետ։
11Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց. Որովհետեւ ձեզ տրուած է երկնքի արքայութեան խորհուրդները գիտենալ, բայց նորանց չէ տրուած։
12Որովհետեւ ով որ ունի՝ նորան կտրուի եւ կաւելանայ. եւ ով որ չունի, ունեցածն էլ կառնուի նորանից։
13Նորա հանար եմ առակներով խօսում նորանց հետ, որ տեսնելով չեն տեսնում, եւ լսելով չեն լսում, եւ չեն իմանում։
14Եւ նորանց վերայ կատարվում է Եսայիի մարգարէութիւնն, որ ասում է. Լսելով կլսէք, եւ չէք իմանալ, եւ տեսնելով կտեսնէք, եւ չէք տեսնիլ։
15Որովհետեւ թանձրացաւ այս ժողովրդի սիրտը, եւ իրանց ականջներովը ծանր լսեցին, եւ իրանց աչքերը խփեցին, միգուցէ աչքերով տեսնեն՝ եւ ականջներով լսեն՝ եւ սրտով իմանան, եւ ետ դառնան, եւ ես նորանց բժշկեմ։
16Բայց երանելի են ձեր աչքերը՝ որ տեսնում են, եւ ձեր ականջները՝ որ լսում են։
17Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ շատ մարգարէներ եւ արդարներ ցանկացան տեսնել ինչ որ տեսնում էք՝ եւ չտեսան, եւ լսել ինչ որ լսում էք՝ եւ չլսեցին։
18Դուք հիմա լսեցէք սերմ ցանողի առակը։
19Այն ամենից՝ որ արքայութեան խօսքը լսում է եւ չէ իմանում, գալիս է չարը՝ եւ յափշտակում նորա սրտի մէջ սերմածը. սա է ճանապարհի մօտ սերմածը։
20Եւ քարքարուտ տեղը սերմածը նա է, որ խօսքը լսելիս շուտով ուրախութիւնով ընդունում է նորան։
21Բայց արմատ չունի իր մէջ, այլ ժամանակաւոր է. եւ երբոր նեղութիւն կամ հալածանք են լինում այն խօսքի համար, շուտով գայթակղում է։
22Եւ փշերի մէջ սերմածը նա է, որ խօսքը լսում է, եւ այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը խեղդում են այն խօսքը, եւ անպտուղ է լինում։
23Բայց բարի երկրումը սերմածը նա է, որ խօսքը լսում է եւ իմանում. որ եւ պտուղ է տալիս, որը հարիւր եւ որը վաթսուն եւ որը երեսուն։
24Մի ուրիշ առակ նորանց առաջին դրաւ եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նմանուեցաւ մի մարդի, որ իր արտումը բարի սերմ ցանեց,
25Եւ մարդիկը քնելիս, նորա թշնամին եկաւ եւ ցորենի մէջ որոմներ ցանեց եւ գնաց։
26Եւ երբոր խոտը բուսաւ եւ պտուղ տուաւ, այն ժամանակ որոմներն էլ երեւեցան։
27Եւ տան տիրոջ ծառաները մօտ գալով ասեցին նորան. Տէ՛ր, մի՞թէ դու քո արտումը բարի սերմ չսերմեցիր, ապա ի՞նչ տեղից են որոմները։
28Նա էլ ասեց նորանց. Թշնամի մարդ է արել այդ։ Ծառաներն էլ ասեցին նորան. Հիմա կամենո՞ւմ ես որ գնանք քաղենք նորանց դուրս հանենք։
29Նա էլ ասեց, Ոչ. միգուցէ որոմները քաղելիս, ցորենն էլ նորանց հետ պոկէք։
30Թող տուէք որ երկուսը միասին մեծանան մինչեւ հունձքը, եւ հնձի ժամանակին հնձողներին կասեմ. Առաջ որոմները քաղեցէք եւ նորանց խուրձ խուրձ կապեցէք այրելու, իսկ ցորենը ժողովեցէք իմ ամբարի մէջ։
31Մի ուրիշ առակ դրաւ նորանց առաջին եւ ասեց. Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատի, որ մի մարդ առաւ իր արտի մէջ սերմեց.
32Որ ամեն սերմունքից փոքրն է, բայց երբոր կաճի, բոլոր բանջարներից մեծ է, եւ ծառ է լինում, այնպէս որ երկնքի թռչունները գալիս են նորա ճղերումը հանգիստ առնում։
33Մի ուրիշ առակ խօսեց նորանց. Երկնքի արքայութիւնը նման է խմորի՝ որ մի կնիկ առաւ՝ եւ երեք չափ ալիւրի մէջ թագցրեց մինչեւ որ բոլորը խմորուեցաւ։
34Այս բոլորը Յիսուսն առակներով խօսեց ժողովուրդների հետ, եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ,
35Որ մարգարէի ձեռով ասուածը կատարուի՝ որ ասում է, Առակներով կբանամ իմ բերանը, եւ դուրս կբղխեմ աշխարհքի սկզբից ծածկուածները։
36Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդներին թողելով եկաւ տուն, եւ նորա աշակերտները նորա մօտ եկան եւ ասեցին. Մեկնիր մեզ արտի որոմների առակը։
37Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց նորանց, Բարի սերմը ցանողը մարդի Որդին է։
38Եւ արտը աշխարհքս է, եւ բարի սերմը նորանք են, որ արքայութեան որդիքն են. եւ որոմները չարի որդիքն են։
39Եւ թշնամին, որ նորանց սերմեց, սատանան է. եւ հունձքն աշխարհքի վերջն է, եւ հնձողները հրեշտակներն են։
40Արդ՝ ինչպէս որ որոմները հաւաքվում են եւ կրակով այրվում, այնպէս կլինի աշխարհքիս վերջումը։
41Մարդի Որդին կուղարկէ իր հրեշտակներին, եւ նորա արքայութիւնիցը կհաւաքեն բոլոր գայթակղութիւնները եւ անօրէնութիւն գործողներին.
42Եւ կգցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։
43Այն ժամանակ արդարները կծագեն ինչպէս արեգակը իրանց Հօր արքայութեան մէջ։ Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
44Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի արտի մէջ թագցրուած գանձի, որ նորան մի մարդ գտնելով թագցրեց, եւ ուրախութիւնիցը գնում ամեն ինչ որ ունի ծախում է, եւ արտը առնում։
45Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը մի վաճառական մարդի, որ գեղեցիկ մարգարիտներ է որոնում.
46Որ մի թանկագին մարգարիտ գտնելով, գնաց ամեն ինչ որ ունէր՝ ծախեց, եւ առաւ նորան։
47Դարձեալ նման է երկնքի արքայութիւնը ծովը գցուած ուռկանի, որ ամեն տեսակից ժողովում է.
48Որ երբոր լցուեցաւ՝ ցամաքը հանեցին, ու նստեցին լաւերը ժողովեցին ամանների մէջ, եւ անպէտքները դուրս գցեցին։
49Այսպէս կլինի աշխարհքի վերջումը. հրեշտակները դուրս կգան եւ կջոկեն չարերին արդարների միջից.
50Եւ կգցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կլինի լացը եւ ատամների կրճտելը։
51Յիսուսը ասեց նորանց. Իմացա՞ք այդ բոլորը։ Ասեցին նորան. Այո, Տէր։
52Նա էլ ասեց նորանց. Սորա համար ամեն դպիր, որ երկնքի արքայութեանն է աշակերտել, նման է տանտէր մարդի, որ հանում է իր գանձիցը նոր եւ հին բաներ։
53Եւ եղավ՝ երբոր Յիսուսը այս առակները վերջացրեց, գնաց այնտեղից։
54Եւ գալով իր գաւառը, նորանց ժողովարանումը սովորեցնում էր նորանց, այնպէս որ զարմանում էին նորանք եւ ասում, որտեղի՞ց է սորան այս իմաստութիւնը եւ զօրութիւնները։
55Չէ՞ որ սա հիւսան որդին է, չէ՞ որ սորա մայրը Մարիամ է կոչվում. եւ եղբայրները՝ Յակոբոս եւ Յովսէս եւ Սիմօն եւ Յուդա.
56Եւ չէ՞ որ սորա ամեն քոյրերը մեզ մօտ են, ապա որտեղի՞ց է սորան այս ամեն բաները։
57Եւ գայթակղում էին նորա վերայ։ Յիսուսն էլ նորանց ասեց. Մի մարգարէ անարգուած չէ, բայց միայն իր գաւառի եւ իր տան մէջ։
58Եւ այնտեղ շատ զօրութիւններ չարաւ նորանց անհաւատութեան պատճառովը։