1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
2Այսօր էլ դառն է գանգատս, հարուածս ծանր է իմ հառաչանքիցը։
3Երանի՜ թէ գիտենայի թէ նորան ինչպէս գտնեմ. Կգնայի մինչեւ նորա աթոռը։
4Կտարածէի նորա առաջին իմ դատը, եւ բերանս փաստերով կլցնէի։
5Կգիտենայի այն խօսքերը որ պիտի պատասխանէր. Եւ կիմանայի թէ ինձ ինչ կասէր։
6Մի՞թէ ոյժի շատութեամբը կվիճէր ինձ հետ. Ոչ. Այլ Նա ինձ ուշադրութիւն կանէր։
7Այնտեղ ուղիղը վիճաբանում է նորա հետ. Եւ ես յաւիտեան կազատուէի իմ Դատաւորիցը։
8Ահա գնում եմ դէպի արեւելք, եւ նա չկայ. Եւ դէպի արեւմուտք՝ եւ նորան չեմ նշմարում։
9Դէպի հիւսիս՝ իր գործողութիւնումը, եւ չեմ գիտում. Հարաւումն է ծածկվում, եւ ես նորան չեմ տեսնում։
10Սակայն նա գիտէ իմ ճանապարհը. ինձ փորձելիս՝ ես ոսկիի նման դուրս կգամ։
11Նորա քայլումը պինդ է իմ ոտքը, նորա ճանապարհը պահել եմ եւ չեմ մոլորուել։
12Նորա շրթունքների պատուիրանքներից չեմ շեղուել, իմ կանոնիցն աւելի պահեցի նորա բերանի խօսքերը։
13Բայց նա մէկ մտքի վերայ է, ո՞վ նորան կդարձնէ. Եւ սրտին ուզածն անում է։
14Այսպէս նա կկատարէ ինձ համար սահմանուածը. Եւ սորանց նման շատ բաներ կան նորա մօտ։
15Նորա համար նորա ներկայութիւնիցը զարհուրում եմ, մտածելիս վախենում եմ նորանից։
16Եւ Աստուած թուլացնում է սիրտս, եւ Ամենակարողը զարհուրեցնում է ինձ։
17Որովհետեւ ես չփչացայ խաւարիցն առաջ, եւ իմ առաջին չծածկեց մութը։