1Այն ժամանակ Սոփար Նաամացին պատասխանելով ասեց.
2Մի՞թէ շատ խօսքերին պատասխան չի լինիլ, կամ լեզուանի մարդը պիտի արդա՞ր դուրս գայ.
3Քո բարբաջանքնե՞րը պիտի մարդկանց լռեցնեն, եւ դու ծաղրես, եւ յանդիմանող չլինի՞։
4Որ ասում ես. Իմ խրատը մաքւոր է. Եւ իստակ եմ քո աչքի առաջին։
5Սակայն երանի՜ թէ Աստուած խօսէր, եւ իր շրթունքը բանար քեզ հետ.
6Եւ քեզ իմաստութեան գաղտնիքը յայտնէր, որ կրկնապատիկ էր վայելուչը. Ուրեմն իմացիր որ Աստուած մոռանում է քո անօրէնութեան մէկ մասը։
7Կարո՞ղ ես Աստուծոյ խորհուրդը գտնել. Կամ Ամենակարողի էութեանը հասնի՞լ։
8Նա երկնքի բարձրութիւնն ունի, ի՞նչ կանես դու. Դժոխքից խոր է նա, ի՞նչ կհասկանաս։
9նորա չափը երկրից երկայն է, եւ լայն է ծովիցը։
10Եթէ նա անց կենայ եւ բռնէ, եւ դատի ժողովէ, ո՞վ նորան ետ կպահէ.
11Որովհետեւ նա ճանաչում է խաբեբայ մարդկանց, եւ տեսնում է անօրէնութիւն, եւ ուշը չէ դարձնում։
12Բայց փուճ մարդը մտածում է մեծամեծ, եւ մի վայրի էշի ձագն էլ է իբրեւ մարդ ծնվում։
13Եթէ դու ուղղես քո սիրտը, եւ ձեռքերդ դէպի նորան տարածես,
14Թէ որ ձեռքումդ անօրէնութիւն կայ, նորան հեռացրու, եւ քո վրաններումը անզգամութիւն թող չբնակուէ։
15Ահա այն ժամանակ կբարձրացնես երեսդ անարատ եւ հաստատ կլինիս եւ չես վախենալ։
16Որովհետեւ թշուառութիւնը կմոռանաս, անցած ջրերի պէս միտքդ կգայ.
17Եւ կեանքը կէսօրից պայծառ կկանգնէ, խաւարուի էլ՝ առաւօտեան պէս պիտի լինի։
18Եւ դու ապահով կլինիս, որովհետեւ յոյս կայ. Եւ խորը կմտնես՝ ապահով կքնես.
19Եւ կպառկես, ու վախեցնող չի լինիլ. Եւ շատերը քեզ կաղաչեն։
20Բայց ամբարիշտների աչքերը պիտի նուաղին, եւ ապաստանը պիտի կորչէ նորանցից, եւ նորանց յոյսը հոգեվարքի է։