1Շատ վարդապետներ մի լինիք, եղբարքս. գիտենալով որ մեծ դատաստան պիտի ընդունիք։
2Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։
3Տես, ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նորանք հնազանդեն մեզ, եւ նորանց բոլոր մարմինը կառավարում ենք։
4Ահա նաւերն էլ, որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են որ կողմն որ ղեկավարի միտքը կամենայ։
5Այնպէս էլ լեզուն՝ մի փոքր անդամ է, բայց մեծ մեծ բաներ է խօսում. Տես, մի փոքր կրակը ո՞րքան բան է վառում։
6Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրաւութեան աշխարհքը. Այսպէս է լեզուն դրուած մեր անդամների մէջ, որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյութեան անիւը, եւ ինքը բորբոքուած է գեհենիցը։
7Որովհետեւ գազանների, եւ թռչունների, եւ սողունների, եւ ծովում լինողների բոլոր բնութիւնը նուաճուած է եւ նուաճվում է մարդկային բնութիւնից։
8Բայց մարդկանց լեզուն ոչ ով կարող չէ նուաճել, մի անզուսպ չար է՝ լցուած մահաբեր թոյնով։
9Նորանով օրհնում ենք Աստուած եւ Հայրը, եւ նորանով անիծում ենք մարդկանց, որ Աստուծոյ նմանութիւնովը ստեղծուած են։
10Միեւնոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւն եւ անէծք. Պէտք չէ, եղբարքս, որ սա այսպէս լինի։
11Մի՞թէ մի աղբիւր նոյն ակնից քաղցր եւ դառն ջուր կ’բղխէ։
12Մի՞թէ կարելի է, եղբարքս, որ թզենին ձիթապտուղ բերէ, կամ որթը թուզ. Այնպէս էլ աղի աղբիւրը չէ կարող քաղցր ջուր հանել։
13Ո՞վ է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցոյց տայ իր գործերը իմաստութեան հեզութիւնովը։
14Բայց եթէ դառն նախանձ եւ հակառակութիւն ունիք ձեր սրտերումը, մի պարծենաք եւ սուտ մի ասէք ճշմարտութեան դէմ։
15Այս իմաստութիւնը վերեւից իջած չէ, այլ երկրաւոր, շնչաւոր եւ դիւական։
16Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիւ կայ, այնտեղ անկարգութիւն եւ ամեն չար բաներ կան։
17Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, անկեղծ։
18Եւ արդարութեան պտուղը խաղաղութիւնով է սերմվում նորանց համար որ խաղաղութիւն են անում։