1Տեսիլքի ձորի պատգամը։ Հիմա քեզ ինչ եղավ, որ ամենքդ վեր էք գնացել կտուրները.
2Ով խռովութեամբ լցուած, աղմկալից քաղաք, զբօսասէր քաղաք. Քո սպանուածները սուրի սպանած չեն եւ ոչ պատերազմի մեռելներ։
3Բոլոր իշխաններդ միասին փախան, առանց աղեղի կապուեցան, բոլոր քեզ մօտ գտնուողները միասին կապուեցան, որ հեռու էին փախել։
4Նորա համար ասում եմ. Ուշ դարձրէք ինձանից, դառնապէս լաց եմ լինելու. Մի բռնադատէք ինձ մխիթարելու իմ ժողովրդի աղջկայ աւերակի համար։
5Որովհետեւ խռովութեան, ոտնահարութեան եւ շփոթութեան օր է տեսիլքի ձորումը Զօրաց Եհովայ Տիրոջ համար. Պարիսպը քանդում են. Եւ դղրդոցը հասնում է սարը։
6Եւ Եղամը կրում է կապարճը, կառքի հետ մարդկանց եւ ձիաւորներին. Եւ Կիրը բաց է անում վահանը։
7Եւ քո ընտիր հովիտները կառքերով լիքն են լինելու, եւ ձիաւորները շարքով շարուելու են դէպի դռները։
8Եւ նա կբանայ Յուդայի ծածկոցը, եւ դու կնայես այն օր անտառի տան զէնքերին.
9Եւ կտեսնէք Դաւիթի քաղաքի ճեղքերը, որ շատ կլինեն, եւ կժողովէք ցածի աւազանի ջրերը։
10Եւ կհամարէք Երուսաղէմի տները, եւ տները կքանդէք պարիսպը պնդացնելու համար.
11Եւ մի ջրակոյտ կշինէք երկու պարսպի մէջտեղը հին աւազանի ջրերի համար. Բայց չէք նայում այս բանն անողին, եւ այս բանը վաղուց շինողին չէք տեսնում։
12Եւ Զօրաց Եհովայ Տէրը կանչեց այն օրը՝ լաց լինելու եւ սգալու համար, գլուխ կնտացնելու եւ քուրձ հագնելու համար։
13Եւ ահա ցնծութիւն եւ ուրախութիւն, արջառներ սպանե՜լ եւ ոչխարներ մորթե՜լ, միս ուտե՜լ եւ գինի խմե՜լ, ասելով. ուտենք եւ խմենք, որովհետեւ քգուց մեռնելու ենք։
14Բայց Զօրաց Տէրը յայտնել է իմ ականջներին, անշուշտ պիտի չքաւուի ձեր այս տնօրէնութիւնը մինչեւ որ մեռնիք, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։
15Այսպէս է ասում Զօրաց Եհովայ Տէրը. Գնա մտիր այդ պալատական Սեբնայի մօտ, որ պալատի վերակացու է, եւ ասիր.
16Ի՞նչ ունիս այստեղ, եւ ո՞վ ունիս այստեղ, որ այստեղ քեզ համար գերեզման ես փորել. Փորե՜լ է բարձրումն իր գերեզմանը, քանդե՜լ է վէմի մէջ իրան համար բնակարանը։
17Ահա Տէրը քեզ թաւալեցնելու է՝ ուժով մարդի թաւալեցնելու պէս, եւ քեզ բոլորովին ծածկելու է։
18Քեզ կծիկի պէս կծկելու կծիկ է շինելու՝ գնտակի պէս շպրտելու է լայնարձակ երկրի վերայ. Դու այնտեղ պիտի մեռնես, եւ այնտեղ լինելու են քո փառաց կառքերը, դու, ով քո տիրոջ տան անարգանքը։
19Եւ ես քեզ մերժեցի քո պաշտօնիցը. Եւ նա պիտի քեզ խորտակէ քո կանգնած տեղիցը։
20Եւ այն օրը կլինի, որ կկանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի Եղիակիմին։
21Եւ նորան կհագցնեմ քո պատմուճանը, եւ քո գօտին նորան կկապեմ, եւ քո իշխանութիւնըկտամ նորա ձեռքը եւ նա հայր կդառնայ Երուսաղէմի բնակիչների եւ Յուդայի տան համար։
22Եւ Դաւիթի տան բանալին կդնեմ նորա ուսին, որ նա բանայ, եւ ոչ ով չգոցէ. Եւ գոցէ, ու ոչ ով չբանայ։
23Եւ նորան կպնդացնեմ բեւեռի պէս մի հաստատ տեղ, եւ նա փառաց աթոռի պէս կլինի իր հօր տան համար։
24Եւ նորանից կկախուին իր հօր տան բոլոր փառաւոր բաները, ոստերը եւ շառաւիղները, բոլոր նուաստ անօթները՝ սկաւառակների տեսակ անօթներից սկսած մինչեւ ամեն տեսակ սափորները։
25Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, պիտի շարժուի այն հաստատ տեղում պնդացրուած բեւեռը, եւ կոտրուի ու վայր ընկնի, եւ այն բեռը պիտի կոտրատուի որ նորա վերայ էր. Որովհետեւ տէրն է խօսել։