Isaiah 10
1 Վա՜յ անօրէն կանոններ դնողներին, եւ այն դպիրներին, որ անիրաւութիւն են գրում.
2 աղքատների դատաստանը ծռելու համար, եւ իմ ժողովրդի տնանկների իրաւունքը յափշտակելու, որբեւայրիները նորանց աւարը լինելու համար եւ որ որբերին կողոպտեն։
3 Եւ ի՞նչ էք անելու այցելութեան օրը, եւ այն կործանման ժամանակին՝ որ գալիս է հեռուանց, դէպի ո՞ւմ էք վազելու օգնութեան համար, եւ ո՞ւր էք ձգելու ձեր փառքը։
4 Եթէ ոչ՝ գերիների մէջ ծռուին, եւ սպանուածների մէջ ընկնեն։ Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
5 Վա՜յ Ասորեստանին՝ իմ բարկութեան գաւազանին, որի ձեռքի ցուպը իմ ցասումն է։
6 Մի կեղծաւոր ազգի դէմ եմ ուղարկելու նորան, եւ իմ բարկացած ժողովրդի վերայ նշանակելու եմ նորան, աւար աւարելու եւ կողոպուտ կողոպտելու համար, եւ որ նորան ոտնահար անէ ինչպէս փողոցների ցեխը։
7 Բայց նա այնպէս չէ մտածում, եւ նորա սիրտը այնպէս չէ խորհում, այլ նորա սրտինը փչացնել է, եւ շատ ազգեր բնաջինջ անել է։
8 Որովհետեւ նա ասում է. Մի՞թէ իմ իշխաններն ամենքն էլ թագաւորներ չեն։
9 Մի՞թէ Քարքամիսի պէս չէ Քաղանէն, կամ թէ Արփադի պէս չէ՞ Եմաթը, կամ թէ Դամասկոսի պէս՝ Սամարիա՞ն։
10 Ինչպէս որ իմ ձեռքը հասաւ կուռքերի թագաւորութիւններին, եւ նորանց քանդակածոյները շատ էին Երուսաղէմինիցն ու Սամարիայինիցը։
11 Մի՞թէ ինչպէս որ արել եմ Սամարիային եւ նորա կուռքերին, նոյնպէս չե՞մ անելու նաեւ Երուսաղէմին եւ նորա կուռքերին։
12 Եւ կլինի որ երբ Տէրը կկատարէ իր բոլոր գործքը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը, կքննեմ Ասորեստանի թագաւորի հպարտ սրտի պտուղը եւ նորա ամբարտաւան աչքերի փառքը։
13 Որովհետեւ նա ասում է. Իմ ձեռքի ուժովն արի եւ իմ իմաստութեամբը, որովհետեւ ես խելօք եմ, եւ ազգերի սահմանները վերցրի, եւ նորանց պաշարները յափշտակեցի, եւ նուաճեցի զօրաւորի պէս նորանց գահակալներին։
14 Եւ իմ ձեռքը հասաւ ազգերի ստացուածքին ինչպէս մի բոյնի, եւ թողուած ձգուած ձուեր հաւաքելու պէս ես հաւաքեցի բոլոր երկիրը. եւ չկար մի թեւ շարժող, կամ բերան բացող եւ ճիչ հանող։
15 Մի՞թէ կացինը կպարծենայ իրանով կտրողի դէմ, կամ սղոցը կգոռոզանա՞յ իրանով քաշողի դէմ. իբր թէ գաւազանը շարժէր իրան վեր առնողին, իբր թէ ցո՜ւպը բարձրացնում լինէր՝ փայտ չլինելով։
16 Նորա համար Տէրը՝ Զօրաց Տէրը նորա պարարտների դէմ նիհարութիւն պիտի ուղարկէ, եւ նորա փառքի տակին պիտի հրդեհուի հրդեհը՝ ինչպէս բոցավառ հրդեհութիւն։
17 Եւ Իրսայէլի Լոյսը հուր պիտի դառնայ եւ նորա Սուրբը՝ բոց, եւ այրէ ու սպառէ նորա փուշն ու ցախը մէկ օրում։
18 Եւ նորա անտառի եւ նորա բարեբեր ագարակի փառքը պիտի փչացնէ՝ հոգին էլ մարմինն էլ. եւ նա հաշող մաշողի պէս կլինի։
19 Եւ նորա անտառի ծառերի մնացորդը սակաւաթիւ կլինի, եւ մի երեխայ կարող էր նորանց գրել։
20 Եւ այն օրը կլինի, որ Իսրայէլի մնացորդը եւ Յակոբի տան ազատուածները այլ եւս պիտի չապաւինեն իրանց զարկողին, այլ պիտի ապաւինեն Եհովայ՝ Իսրայէլի Սուրբին՝ ճշմարտութեամբ։
21 Մնացորդը պիտի դառնայ, Յակոբի մնացորդը՝ դէպի Հզօր Աստուածն պիտի դառնայ։
22 Որովհետեւ եթէ քո ժողովուրդը, ով Իսրայէլ, ծովի աւազին չափ լինի, նորանցից մէկ մնացորդ է ետ դառնալու. աւերումը որոշուած է, յորդում է արդարութիւն։
23 Որովհետեւ աւերումը եւ որոշումը անում է տէրը՝ Զօրաց Տէրը բոլոր երկրի մէջ։
24 նորա համար Զօրաց Եհովայ Տէրը այսպէս է ասում. Ով իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիօնումը, Ասորեստանից մի վախենար. նա քեզ զարկում է գաւազանով, եւ իր մահակը բարձրացնում է քեզ վերայ Եգիպտոսին պէս։
25 Որովհետեւ շատ փոքրիկ ժամանակ էլ կայ, որ յետոյ ցասումը կվերջանայ, եւ իմ բարկութիւնը կլինի նորանց փչացնելու համար։
26 Եւ Զօրաց տէրը կբարձրացնէ նորա վերայ խարազանը՝ Օրէբ վէմի մօտ Մադիամի հարուածին նման. եւ իր գաւազանը ծովի վերայ է, եւ նա կբարձրացնէ նորան ինչպէս որ Եգիպտոսի վերայ։
27 Եւ այն օրը կլինի որ նորա բեռը վեր կառնուի քո ուսիցը, եւ նորա լուծը՝ քո պարանոցի վերայից, եւ լուծը պիտի կոտրուի ճարպի պատճառովը։
28 Գալիս է Անգէն, անցնում է Մագրոնը, Մաքմասումը տեղաւորում է իր կահ կարասիքը.
29 անցնում են անցքովը, Գաբայումն օթեւանում, Ռաման սարսափում է, Սաւուղի Գաբաան փախչում.
30 ձայնովդ բղաւիր, ով Գաղղիմի աղջիկ, ականջ դիր, Լայիս. խե՜ղճ Անաթովթ.
31 տարագրուեցաւ Մադմենան, Գեբիմի բնակիչները շտապում են պրծնելու.
32 այսօր էլ Նոբումը պիտի կենայ եւ ձեռքը շարժէ Սիօնի աղջկան սարի վերայ՝ Երուսաղէմի բլուրի վերայ։
33 Ահա Զօրաց Եհովայ Տէրը կտորելու է ճիւղերը ահաւոր զօրութեամբ, եւ հասակով բարձրերը պիտի կրճատուին, եւ բարձրացածները պիտի ցածանան.
34 եւ նա պիտի կտրէ անտառի ծմակները կացինով, եւ Լիբանանը վայր պիտի ընկնի Հզօրի միջոցովը։