Ezekiel 34AA1896

1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.

2Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի հովիւների մասին, մարգարէացիր եւ ասիր նորանց՝ այդ հովիւներին. Թէ Այսպէս է ասում Տէր Եհովան. Վա՜յ Իսրայէլի հովիւներին, որոնք իրանց են արածեցնում. հովիւները չէ՞ որ հօտը պիտի արածեցնեն։

3Կաթը ուտում էք, եւ բուրդը հագնում էք, եւ պարարտին մորթում էք. իսկ հօտը չէք արածեցնում։

4Տկարներին չուժովացրիք, եւ հիւանդին չբժշկեցիք, եւ դուք կոտրածին չկապեցիք, եւ մոլորուածին ետ չբերիք, եւ կորածին չորոնեցիք, այլ խստութեամբ տիրեցիք նորանց վերայ եւ բռնութեամբ։

5Եւ նորանք ցրիւ եկան հովիւ չլինելու պատճառով, եւ կերակուր եղան դաշտի բոլոր գազաններին եւ ցիրուցան եղան։

6Մոլորվում են իմ ոչխարները ամեն սարերի վերայ եւ ամեն բարձր բլուրի վերայ, եւ երկրի բոլոր երեսի վերայ ցրուել են իմ ոչխարները. Եւ որոնող չկայ, ու հարցանող չկայ։

7Դորա համար, ով հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը.

8Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ իմ հօտը յափշտակուեցաւ եւ իմ հօտը՝ հովիւ չլինելու համար դաշտի բոլոր գազաններին կերակուր եղաւ, եւ իմ հովիւները չորոնեցին իմ ոչխարներին, եւ հովիւները իրանց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում.

9Դորա համար, ով հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը.

10Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես հովիւների դէմ եմ, եւ իմ ոչխարներին պիտի պահանջեմ նորանց ձեռքիցը, եւ նորանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, եւ հովիւները այլեւս պիտի չարածեցնեն նորանց, եւ պիտի ազատեմ իմ ոչխարներին նորանց բերանիցը, որ նորանք նորանց համար ուտելիք չլինեն։

11Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես ինքս եմ պահանջելու իմ ոչխարներին եւ նորանց որոնելու.

12Ինչպէս որ հովիւն է որոնում իր հօտը երբոր նորանք ցրուած ժամանակ նա իր ոչխարների մէջ է լինում, այնպէս պիտի որոնեմ իմ ոչխարներին եւ նորանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նորանք ցրուած են եղել ամպի եւ մառախուղի օրը.

13Եւ նորանց պիտի հանեմ ազգերի միջից եւ պիտի ժողովեմ նորանց երկիրներից եւ նորանց պիտի բերեմ նորանց երկիրը եւ նորանց պիտի արածեցնեմ Իսրայէլի սարերի վերայ, ձորերումը եւ երկրի բոլոր բնակութիւններումը.

14Նորանց պիտի լաւ արօտում արածեցնեմ, եւ Իսրայէլի բարձր սարերի վերայ պիտի լինի նորանց փարախը. այնտեղ լաւ փարախի մէջ պիտի մակաղեն. Եւ պարարտ արօտում պիտի արածեն Իսրայէլի սարերի վերայ։

15Ես եմ արածեցնելու իմ ոչխարներին եւ ես եմ նորանց մակաղել տալու, ասում է Տէր Եհովան։

16Կորածը որոնելու եմ, եւ մոլորուածը ետ եմ բերելու, եւ կոտրածը պիտի կապեմ եւ հիւանդը պիտի զօրացնեմ, եւ պարարտն ու զօրաւորը պիտի փչացնեմ՝ իրաւունքով պիտի հովուեմ նորանց։

17Եւ դուք, ով իմ ոչխարները, այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես դատաստան եմ անելու ոչխարի եւ ոչխարի մէջ, խոյերի եւ նոխազների մէջ։

18Սա քի՞չ է ձեզ համար որ դուք լաւ արօտում էք արածում, ձեր արօտի մնացորդը ձեր ոտքերովը կոխ է՞լ էք տալիս. Եւ մաքուր ջուրը խմում էք, մնացածը ձեր ոտներովը պղտորո՞ւմ էք։

19Եւ իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածն է ուտում, եւ ձեր ոտներով պղտորածն է խմում։

20Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան նորանց. Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի եւ նիհար ոչխարի մէջ։

21Որովհետեւ դուք ձեր կողքովը հրում էք եւ ձեր եղջիւրներովը հարում էք ամեն տկարներին, մինչեւ որ նորանց ցիրուցան արիք դրսումը։

22Բայց ես պիտի փրկեմ իմ ոչխարներին, եւ նորանք այլ եւս պիտի չյափշտակուին, եւ պիտի դատեմ ոչխարի եւ ոչխարի մէջ։

23Եւ նորանց վերայ մէկ հովիւ պիտի դնեմ, եւ նա պիտի արածեցնէ նորանց, այսինքն իմ Դաւիթ ծառային, նա պիտի արածեցնէ նորանց, եւ նա է լինելու նորանց հովիւը։

24Եւ ես Տէրս կլինեմ նորանց համար Աստուած, իսկ իմ Դաւիթ ծառան՝ իշխան նորանց մէջ. ես Տէրս եմ խօսել։

25Եւ ձեզ հետ խաղաղութեան ուխտ պիտի դնեմ, եւ պիտի դադարեցնեմ չար գազաններին այդ երկրից. Եւ նորանք կբնակուեն անապատումը ապահով. Եւ կքնանան անտառներումը։

26Եւ նորանց եւ իմ բլուրի շրջակայքը պիտի օրհնութիւն շինեմ, եւ անձրեւը պիտի ցած թափեմ իր ժամանակին. անձրեւները պիտի օրհնութիւն լինեն։

27Եւ դաշտի ծառը պիտի իր պտուղը տայ, եւ երկիրը պիտի տայ իր բերքը, եւ նորանք ապահով պիտի լինեն իրանց երկրումը, եւ պիտի իմանան թէ ես եմ Տէրը, երբոր նորանց լուծի փայտերը կկոտրեմ եւ նորանց կազատեմ իրանց ծառայեցնողների ձեռքիցը։

28Եւ այլ եւս ազգերին աւար չեն լինիլ, եւ երկրի գազանները նորանց չեն ուտիլ, եւ ապահով կբնակուեն եւ վախեցնող չի լինիլ։

29Եւ նորանց համար մի անուանի բոյս վեր կկացնեմ, որ այլեւս սովով չսպառուին այն երկրումը, եւ այլեւս չկրեն ազգերի նախատինքը։

30Եւ կգիտենան թէ ես՝ նորանց Տէր Աստուածը իրանց հետ եմ, եւ իրանք իմ ժողովուրդն են՝ Իսրայէլի տունը, ասում է Տէր Եհովան։

31Եւ դուք իմ ոչխարները՝ իմ արօտի ոչխարները մարդիկ էք դուք. ես ձեր Աստուածն եմ, ասում է Տէր Եհովան։

Choose Translation

Switch translation for Ezekiel 34.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.