Ezekiel 33
1 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
2 Մարդի որդի, խօսիր քո ժողովրդի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի երկրի վերայ սուր բերեմ, եւ այն երկրի ժողովուրդը մէկ մարդ ընտրէ իր միջիցը եւ նորան իրանց համար դէտ շինեն.
3 Եւ նա տեսնէ այն սուրը գալիս երկրի վերայ, եւ փողը հնչեցնէ եւ ժողովրդին զգուշացնէ.
4 Բայց մէկը փողի ձայնը որոշ լսէ եւ չզգուշանայ, եւ սուրը գայ եւ նորան վեր առնէ. նորա արիւնը նորա գլուխը պիտի լինի։
5 Նա լսել էր փողի ձայնը եւ չզգուշացաւ. նորա արիւնը իր վերայ պիտի լինի. Եւ եթէ նա զգուշացած լինէր իր անձը կազատէր։
6 Բայց եթէ դէտը տեսնէ սուրը գալիս եւ փողը չհնչեցնէ, եւ ժողովուրդը չզգուշանայ, եւ սուրը գայ եւ նորանցից մի հոգի վեր առնէ. նա իր անօրէնութիւնովը վեր առնուեցաւ, բայց նորա արիւնը ես դէտի ձեռքիցն եմ պահանջելու։
7 Եւ դու, մարդի որդի, ես քեզ դէտ դրի Իսրայէլի տան վերայ, եւ դու պիտի իմ բերանից խօսքը լսես եւ նորանց զգուշացնես իմ կողմանէ։
8 Ես ամբարշտին ասելիս, Ով ամբարիշտ, դու անպատճառ պիտի մեռնես, եւ դու եթէ չխօսես ամբարշտին՝ իր ճանապարհիցն զգուշացնելու համար. այն ամբարիշտը կմեռնէ իր անօրէնութեան համար, բայց նորա արիւնը քո ձեռքիցն ես կպահանջեմ։
9 Իսկ եթէ դու զգուշացնես ամբարշտին իր ճանապարհիցը, որ նորանից ետ դառնայ, բայց նա ետ չդառնայ, նա իր անօրէնութեան համար կմեռնէ, բայց դու ազատած կլինես քո անձը։
10 Եւ դու, մարդի որդի, ասիր Իսրայէլի տանը. Դուք այսպէս էք խօսում եւ ասում թէ Մեր յանցանքներն ու մեր մեղքերը մեզ վերայ է, եւ մենք նորանցով մաշվում ենք. ուրեմն ինչպէս պիտի ապրենք։
11 Նորանց ասիր. Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որ ես ամբարշտի մեռնելը չեմ ուզում, այլ որ ամբարիշտը դարձի գայ իր ճանապարհիցը եւ ապրէ։ Դարձէք, դարձէք ձեր չար ճանապարհներիցը, եւ ինչո՞ւ համար դուք մեռնէք, ով Իսրայէլի տուն։
12 Եւ դու, մարդի որդի, ասիր քո ժողովրդի որդկանցը թէ՝ Արդարի արդարութիւնը նորան չի փրկիլ երբոր նա յանցանք գործէ, եւ ամբարիշտը իր ամբարշտութիւնովը չի գլորուիլ՝ երբոր իր ամբարշտութիւնից ետ դառնայ, եւ արդարը չէ կարող իր արդարութիւնովը ապրիլ երբոր մեղանչէ։
13 Երբոր ես արդարին ասեմ թէ Նա անպատճառ պիտի ապրէ, եւ նա վստահանայ իր արդարութեան վերայ եւ անօրէնութիւն անէ. նորա բոլոր արդարութիւնը պիտի չյիշուի, եւ այն իր արած անօրէնութիւնովը պիտի մեռնէ։
14 Բայց երբոր ամբարշտին ասեմ. Դու անպատճառ պիտի մեռնես, եւ նա ետ դառնայ իր մեղքիցը եւ իրաւունք ու արդարութիւն գործէ.
15 Ամբարիշտը գրաւը ետ դարձնէ, յափշտակածը հատուցանէ, կեանքի կանոններովը գնայ առանց անօրէնութիւն գործելու. նա անշուշտ պիտի ապրէ եւ չպիտի մեռնէ։
16 Այն ամեն մեղքերը, որ նա արել էր, պիտի չյիշուին. նա իրաւունք ու արդարութիւն գործեց. նա անշուշտ պիտի ապրէ։
17 Եւ քո ժողովրդի որդիքը կասեն. Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ. բայց իրանց ճանապարհն է որ ուղիղ չէ։
18 Երբոր արդարը ետ դառնայ իր արդարութիւնից եւ անօրէնութիւն գործէ, այն ժամանակ նա պէտք է նորանցում մեռնէ։
19 Եւ երբոր ամբարիշտը ետ դառնայ իր ամբարշտութիւնից եւ իրաւունք ու արդարութիւն գործէ, նա պէտք է ապրէ նորանցով։
20 Բայց դուք ասում էք թէ Տիրոջ ճանապարհը ուղիղ չէ, ես ձեզանից ամեն մէկին իր ճանապարհների համեմատ պիտի դատեմ, ով Իսրայէլի տուն։
21 Եւ եղաւ որ մեր գերութեան տասնեւերկուերորդ տարուայ տասներորդ ամսի հինգին մէկ ազատուած եկաւ ինձ մօտ Երուսաղէմից ասելով թէ՝ Քաղաքը կոտրուեցաւ։
22 Եւ Տիրոջ ձեռքը ինձ վերայ եղաւ այն իրիկունը ազատուածի գալուց առաջ եւ բացաւ իմ բերանը մինչեւ որ նա առաւօտը ինձ մօտ եկաւ, եւ բերանս բացուեցաւ եւ այլեւս համր չէի։
23 Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
24 Մարդի որդի, այս աւերակների բնակիչները Իսրայէլի երկրի վերայ ասում են թէ՝ Աբրահամը մէկ հատ մարդ էր եւ ժառանգեց երկիրը. Իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրուի իբրեւ ժառանգութիւն։
25 Դորա համար ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Դուք արիւնովն էք ուտում եւ ձեր աչքերը բարձրացնում էք դէպի ձեր կուռքերը եւ արիւն էք թափում. Եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։
26 Դուք հաստատ կանգանած էք ձեր սրի վերայ, պղծութիւն էք անում, եւ ձեզանից ամեն մէկը իր ընկերի կնոջը պղծում է. Եւ դուք ժառանգէ՞ք երկիրը։
27 Այսպէս ասիր նորանց. Այսպէս է ասում Տէր Եհովան. Կենդանի եմ ես, որ աւերակներումը եղողները սրով պիտի ընկնեն, եւ դաշտի վերայ եղողները գազաններին եմ տալիս իբրեւ նորանց կերակուր, եւ բերդերումն ու քարայրներումն եղողները ժանտախտով պիտի մեռնեն։
28 Եւ երկիրը ամայի ու ամայացած պիտի շինեմ, եւ պիտի փչանայ նորա զօրութեան հպարտութիւնը. Եւ ամայի պիտի դառնան Իսրայէլի սարերը որ անց կենող չլինի։
29 Եւ կիմանան որ ես եմ Տէրը, երբոր երկիրը ամայի ու ամայացած կանեմ նորանց արած բոլոր պղծութիւնների համար։
30 Իսկ դու, մարդի որդի, քո ժողովրդի որդիքը որ խօսակցում են քեզ դէմ պատերի մօտ եւ տների դռներումը եւ մէկզմէկի հետ խօսում են իրար ասելով. Մէկ եկէք ու լսեցէք թէ ինչ բան կայ դուրս եկած Տիրոջ կողմից։
31 Եւ նորանք քեզ մօտ կգան հէնց որ ժողովուրդը եկաւ եւ քո առաջին կնստեն իբրեւ իմ ժողովուրդ, եւ կլսեն քո խօսքերը, բայց նորանց չեն կատարիլ. այլ նորանք իրանց բերանովը հաճութիւն ցոյց կտան, բայց նորանց սիրտն իրանց ագահութեան քամակիցն է գնում։
32 Եւ ահա դու նորանց համար քաղցր երգի պէս ես՝ գեղեցկաձայն եւ բարեյարմար. Եւ նորանք կլսեն քո խօսքերը, բայց նորանց կատարողները չեն։
33 Եւ երբոր սա կգայ, (ահա պիտի գայ), այն ժամանակ պիտի իմանան, որ իրանց միջումը մարգարէ է եղել։