1Եւ Մովսէսին ասեց. Ելիր Եհովայի մօտ դու եւ Ահարօնը, Նադաբը եւ Աբիուդը եւ Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի, եւ հեռուից երկրպագութիւն արէք։
2Եւ միայն Մովսէսը մօտենայ Եհովային, իսկ նորանք չմօտենան, եւ ժողովուրդը նորա հետ վեր չգնայ։
3Եւ Մովսէսը եկաւ, եւ Եհովայի բոլոր խօսքերը եւ բոլոր դատաստանները պատմեց ժողովրդին. եւ բոլոր ժողովուրդը միաձայն պատասխան տուին եւ ասեցին. Եհովայի բոլոր խօսքերը, որ խօսել է, կանենք։
4Եւ Մովսէսը Եհովայի բոլոր խօսքերը գրեց, եւ առաւօտը վեր կացաւ, եւ սարի տակին սեղան շինեց. եւ Իսրայէլի տասնեւերկու ցեղերի համեմատ տասնեւերկու արձան կանգնեցրեց։
5Եւ Իսրայէլի որդիների պատանիներին ուղարկեց, եւ նորանք ողջակէզներ մատուցրին եւ խաղաղութեան զոհերի համար զուարակներ զոհեցին Եհովային։
6Եւ Մովսէսն արիւնի կէսն առաւ, եւ կոնքերի մէջ դրաւ. եւ արիւնի կէսն այն սեղանի վերայ սրսկեց։
7Եւ առաւ ուխտի գիրքը՝ եւ ժողովրդի ականջների առաջին կարդաց. եւ նորանք ասեցին. Եհովայի բոլոր ասածը կանենք եւ կլսենք։
8Եւ Մովսէսն առաւ արիւնը, եւ ժողովրդի վերայ սրսկեց, եւ ասեց. Ահա այն ուխտի արիւնը, որ Եհովան արաւ ձեզ հետ այս բոլոր խօսքերի համեմատ։
9Այն ժամանակ Մովսէսն ու Ահարօնը՝ Նադաբը եւ Աբիուդը՝ եւ Իսրայէլի ծերերից եօթանասուն հոգի վեր գնացին.
10Եւ Իսրայէլի Աստուծոյն տեսան. եւ նորա ոտքերի տակը շափիւղայ աղիւսով յատակածի պէս եւ բուն երկնքի պէս պայծառ էր։
11Եւ նա Իսրայէլի որդիների ընտրեալների վերայ իր ձեռքը չձգեց. եւ նորանք Աստուծոյն տեսան եւ կերան եւ խմեցին։
12Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սարը ելիր ինձ մօտ եւ այնտեղ կանգնիր. եւ քարի տախտակները եւ իմ գրած օրէնքը եւ պատուիրանքները քեզ կտամ որ նորանց սովորեցնես։
13Եւ Մովսէսն ու նորա պաշտօնեայ Յեսուն վեր կացան, եւ Մովսէսն Աստուծոյ սարը ելաւ.
14Եւ ծերերին ասեց. Դուք այստեղ մեզ սպասեցէք, մինչեւ որ ձեզ մօտ դառնանք. եւ ահա Ահարօնը եւ Ովրը ձեզ հետ են. ով որ դատ ունենայ, թող նորանց մօտ գնայ։
15Եւ Մովսէսը սարը ելաւ, եւ ամպը ծածկեց սարը։
16Եւ Եհովայի փառքը Սինայ սարի վերայ հանգչեց, եւ ամպը ծածկեց նորան վեց օր. եւ եօթներորդ օրը ամպի միջիցը կանչեց Մովսէսին։
17Եւ Եհովայի փառքի տեսիլքը սարի գագաթի վերայ մաշող կրակի պէս էր Իսրայէլի որդիների աչքի առաջին։
18Եւ Մովսէսն ամպի մէջը մտաւ, եւ սարը ելաւ, եւ Մովսէսը քառասուն օր եւ քառասուն գիշեր սարումն էր։