1Եւ այս է այն օրհնութիւնը՝ որով օրհնեց Աստուծոյ մարդ՝ Մովսէսն Իսրայէլի որդկանց իր մեռնելուց առաջ.
2Եւ ասեց. Եհովան Սինայիցն եկաւ, Եւ Սէիրիցն երեւեցաւ նորանց, Փայլեցաւ Փառան սարիցը, Եւ եկաւ բիւրաւոր սուրբերով. Նորա աջ ձեռքիցը օրէնքի կրակը նորանց համար։
3Այո, նա սիրում է ժողովուրդներին. Նորա բոլոր սուրբերը քո ձեռքին են. Եւ նորանք նստում են քո ոտքերի մօտ Քո խօսքերիցն ընդունելու համար։
4Մովսէսը մեզ օրէնքը պատուիրեց. Յակոբի ժողովքի ժառանգութիւնը։
5Եւ Յեսուրունի մէջ թագաւոր եղաւ, Ժողովրդի գլխաւորները ժողովուելիս Իսրայէլի ցեղերի հետ մէկտեղ,
6Ռուբէնը ապրէ եւ չմեռնէ, Եւ նորա ժողովուրդը բազմաթիւ լինի։
7Եւ սա՝ Յուդայի համար, եւ ասեց. Լսիր, ով Եհովայ, Յուդայի ձայնը, Եւ իր ժողովրդի մօտ տար նորան. Նորա ձեռքերն իրան բաւական են, Եւ նորա թշնամիների դէմ օգնական եղիր։
8Եւ Ղեւիի համար ասեց. Թումիմդ ու Ուրիմդ քո սուրբ մարդին լինի, Որին փորձեցիր Մասսայի մէջ, Եւ Մերիբայի ջրի վերայ նորա հետ վիճեցիր։
9Այն որ իր հօրն ու մօրը համար ասեց՝ Ես նորան չտեսայ, Եւ իր եղբայրներին չճանաչեց, Եւ իր որդիներին չիմացաւ. Որովհետեւ նորանք քո խօսքին զգուշութիւն արին, Եւ քո ուխտը պահեցին։
10Քո դատաստանները սովորեցնում են Յակոբին՝ Եւ քո օրէնքն՝ Իսրայէլին. Քո առաջին խունկ կմատուցանեն, Եւ քո սեղանի վերայ՝ ողջակէզ։
11Եհովայ, օրհնիր նորա զօրութիւնը, Եւ նորա ձեռքի գործքը ընդունիր. Փշրիր նորա հակառակորդների մէջքը, Եւ նորա ատողներին, որ այլ եւս վեր չկենան։
12Բենիամինի համար ասեց. Եհովայի սիրելին ապահով բնակուէ նորա մօտ. Միշտ պաշտպանում է նորան, Եւ նորա ուսերի մէջ է բնակվում։
13Եւ Յովսէփի համար ասեց. Նորա երկիրը Եհովայիցն օրհնուած լինի Երկնքի ընտիր պարգեւներովը, ցօղովը, Եւ ցածումը պառկող անդունդներովը,
14Եւ արեգակից առաջ եկած ընտիր բերքերովը, Եւ ամիսների ընտիր արդիւնքներովը,
15Եւ վաղեմի սարերի ընտիր պտուղներովը, Եւ մշտնջենաւոր բլուրների ընտիր պարգեւներովը,
16Եւ երկրիս եւ նորա առատութեան ընտիր պարգեւներովը, Ու մորենումը բնակողի բարեհաճութիւնովը Գան Յովսէփի գլխի վերայ, Եւ իր եղբայրների մէջ երեւելի եղողի գագաթի վերայ։
17Իր ցուլի առաջինեկի պէս գեղեցկութիւն ունի նա, Եւ նորա եղջիւրները միեղջերուի եղջիւրներ են, Նորանցով կզարկէ ժողովուրդներին միասին, Մինչեւ երկրի ծայրերը. Եւ սորանք են Եփրեմի բիւրաւորները Եւ Մանասէի հազարաւորները։
18Եւ Զաբուղոնի համար ասեց. Ուրախացիր, Զաբուղոն, քո դուրս գալու ժամանակին, Եւ դու, Իսաքար, քո վրաններումը։
19Ժողովուրդներին սարն են հրաւիրում՝ Այնտեղ արդարութեան զոհեր են մատուցանում։ Որովհետեւ նորանք կծծեն ծովերի առատութիւնը Եւ աւազի ծածուկ գանձերը։
20Եւ Գադի համար ասեց. Օրհնուած է Գադին ընդարձակողը. Մատակ առիւծի պէս է նստել, Եւ գիշատում է թեւերը նաեւ գլուխը.
21Եւ տեսաւ առաջի մասն իրան յարմար. Որովհետեւ այնտեղ օրէնսդրի տուած բաժինը որոշուեցաւ, Եւ ժողովրդի գլխաւորների հետ եկաւ, Եհովայի արդարութիւնը գործեց Եւ նորա դատաստանները Իսրայէլի հետ։
22Եւ Դանի համար ասեց. Դանը առիւծի ձագ է. Բասանիցն է դուրս թռչում։
23Եւ Նեփթաղիմի համար ասեց. Նեփթաղիմը շնորհքով կշտացած, Եւ Եհովայի օրհնութիւնովը լցուած, Արեւմուտքն ու հարաւը կժառանգէ։
24Եւ Ասերի համար ասեց. Ասերը որդիներիցն օրհնուած է. Նա իր եղբայրներին հաճոյ լինի. Եւ ոտքը իւղի մէջ թաթախէ։
25Քո կօշիկները երկաթ եւ պղինձ լինեն, Եւ քո ոյժը քո օրերի չափ լինի։
26Յեսուրունի Աստուծոյ նմանը չկայ. Որ նստած է երկնքումը քեզ օգնութիւն անելու համար՝ Եւ իր մեծ վայելչութեամբը՝ ամպերի վերայ։
27Յաւիտենական Աստուածը ապաւէն է, Եւ ցածումը ոյժ ունեն նորայաւիտենական բազուկները. Եւ նա կքշէ թշնամիներիդ քո առաջիցը, Եւ կասէ՝ Փչացրու։
28Եւ Իսրայէլն ապահովութեամբ առանձին կբնակուէ. Յակոբին աղբիւրը՝ առանձին Ցորենի եւ գինիի երկրումը, Եւ նորա երկնքիցը ցօղ կկաթէ։
29Երանի քեզ, Իսրայէլ, ով է քեզ նման՝ Եհովայի ձեռքովը փրկուած ժողովուրդ. Որ նա է քո օգնութեան ասպարը Եւ քո յաղթութեան սուրը. Եւ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն, Եւ նորանց բարձր տեղերը պիտի կոխես։