1Ականջ դրէք, ով երկինք, որ խօսեմ. Եւ երկիր լսէ իմ բերանի խօսքերը։
2Անձրեւի պէս թող կաթի իմ խրատը. Ցօղի պէս իջնէ իմ խօսքը՝ Ինչպէս անձրեւը կանանչեղէնի վերայ, Եւ ինչպէս առատ անձրեւներ խոտի վերայ։
3Որովհետեւ ես կանչում եմ Եհովայի անունը. Պատիւ տուէք մեր Աստուծուն։
4Աստուծոյ գործը կատարեալ է. Որովհետեւ նորա ամեն ճանապարհները իրաւունք են. Աստուած հաւատարիմ է եւ անիրաւութիւն չունի. Արդար եւ ուղիղ է նա։
5Ապականուեցան նորա դէմ. նորա որդիքը չեն. իրանցն է արատը Մէկ խոտորուած եւ ծռած ազգ է։
6Դա՞ է ձեր Եհովային արած հատուցումը, Ով յիմար եւ անմիտ ժողովուրդ։ Նա չէ՝ քո հայրը, քեզ ստացողը. Նա քեզ ստեղծեց եւ քեզ հաստատեց։
7Յիշիր հին օրերը, Մտածիր անցած դարերի տարիները. Քո հօրդ հարցրու, եւ նա քեզ կպատմէ. Եւ քո ծերերին, եւ նորանք քեզ կասեն.
8Երբոր Բարձրեալը ազգերին ժառանգութիւն բաժանեց, Եւ տարածեց Ադամի որդիները, Ազգերի սահմանները դրաւ Իսրայէլի որդկանց թիւովը.
9Որովհետեւ Եհովայի բաժինը իր ժողովուրդն է, Յակոբը նորա ժառանգութեան վիճակն է։
10Նորան ամայի երկրի մէջ գտաւ, Վայրի ոռնացող անապատումը. Նորան շրջապատեց, նորան խրատեց, Նորան պահպանեց իր աչքի բիբին պէս։
11Ինչպէս որ արծիւը քրքրում է իր բոյնը, Շուռ է գալիս իր ձագերի վերայ, Տարածում է թեւերը, վեր առնում նորանց, Տանում նորանց իր թեւերի վերայ,
12Այնպէս Եհովան միայն ման ածեց նորան, Եւ նորա հետ օտար աստուած չկար։
13Նորան վեր հանեց երկրիս բարձր տեղերը, Որ ուտէ արտերի պտուղը. Եւ նորան վէմից մեղր ծծել տուաւ, Եւ ապառաժ ժայռից՝ իւղ.
14Կովերի իւղ եւ ոչխարների կաթ, Գառների եւ Բասանի խոյերի եւ նոխազների ճարպով, Եւ ցորենի երիկամունքի ճարպովը. Եւ խաղողի արիւնը՝ խմեցիր գինի։
15Եւ գիրացաւ Յեսուրունը եւ քացի տուաւ. (Գիրացա՜ր, հաստացա՜ր, իւղ կապեցի՜ր.) Եւ թողեց իր Արարիչ Աստուծուն, Եւ արհամարհեց իր փրկութեան վէմը։
16Օտար աստուածներով նորան նախանձեցրին, Գարշելի բաներով նորան բարկացրին։
17Զոհեցին դեւերին, որ Աստուած չեն, Աստուածների, որ չէին ճանաչում. Նորեր՝ որ մօտերից եկան. Որոնցից ձեր հայրերը չվախեցան.
18Դու քեզ ծնող Վէմը թողեցիր, Եւ քեզ ստեղծող Աստուծուն մոռացար։
19Եւ Եհովան տեսաւ եւ զզուեց, Բարկութիւնով իր տղերքից եւ աղջիկներից.
20Եւ ասեց Երեսս ծածկեմ նորանցից, Տեսնեմ նորանց վերջը ինչ կլինի. Որովհետեւ նորանք մի ծուռ ազգ են, Որդիք՝ որոնց մէջ հաւատ չկայ։
21Նորանք գրգռեցին իմ նախանձը չաստուածով Ինձ բարկացրին իրանց սնոտի բաներովը. Եւ ես էլ կգրգռեմ նորանց նախանձը մի չժողովուրդով, Մի անմիտ ազգով կբարկացնեմ նորանց.
22Որովհետեւ կրակ վառուեցաւ իմ բարկութիւնովը, Եւ կայրէ մինչեւ դժոխքի ներքին տեղերը. Եւ կուտէ երկիրը եւ նորա արմտիքը, Եւ կորբոքեցնէ սարերի հիմունքը։
23Նորանց վերայ չարիքներ կդիզեմ, Իմ նետերը կվերջացնեմ նետելով նորանց վերայ։
24Նորանք կմաշուին սովով, Եւ կսպառուին տենդով ե լեղի ժանտախտով, Եւ գազանների ժանիք կուղարկեմ նորանց վերայ Գետնի վերայ սողացողների թոյնի հետ։
25Դրսիցը սուրը անորդի կանէ եւ սենեակներից՝ երկիւղը. Երիտասարդներին եւ կոյս աղջիկներին, Կաթնկերին ալեւոր ծերի հետ։
26Ես ասեցի՝ Ցրուեմ նորանց, Նորանց յիշատակը մարդկանց միջիցը վերացնեմ,
27Միայն թէ թշնամիի բարկութիւնից վախեցայ. Մի գուցէ նորանց հակառակորդներն ուրանան. Մի գուցէ ասեն՝ Մեր բարձր ձեռքն է, Եւ ոչ թէ Եհովան որ արաւ այս բոլոր բաները։
28Որովհետեւ նորանք մի խորհրդակորոյս ազգ են, Եւ իմաստութիւն չկայ նորանց մէջ։
29Երանի թէ իմաստուն լինէին, այս բանը հասկանային, Իրանց վախճանը մտածէին։
30Մէկ մարդն ի՞նչպէս կհալածէր հազարին. Եւ երկու մարդը ի՞նչպէս կփախցնէր տասը հազարին, Եթէ նորանց Վէմը նորանց չծախէր, Եւ Եհովան նորանց չմատնէր։
31Որովհետեւ մեր Վէմի պէս չէ նորանց վէմը. Եւ մեր թշնամիները թող դատաւոր լինեն։
32Որովհետեւ Սոդոմի որթիցն է նորանց որթը, Եւ գոմորի արտիցը. Նորանց խաղողները թունաւոր խաղողներ են, Նորանց ողկոյզները դառն են.
33Նորանց գինին վիշապների թոյն է Եւ իժերին սատակող մահադեղն է։
34Միթէ սա ծածկուած չէ՞ ինձ մօտ, Կնքուած չէ՞ իմ շտեմարաններումը։
35Իմն է վրէժխնդրութիւնը եւ հատուցումը. Ժամանակին կգլորուի նորանց ոտքը, Որովհետեւ մօտ է նորանց կորուստի օրը։ Եւ շտապում է նորանց համար պատրաստուածը։
36Որովհետեւ Եհովան կդատէ իր ժողովրդին, Եւ կգթայ իր ծառաների վերայ, Որովհետեւ կտեսնէ որ նորանց ձեռքը տկար է, Եւ չկայ կապուածը եւ ազատը.
37Եւ կասէ. Ո՞ւր են նորանց աստուածները. Այն վէմը, որի վերայ յոյս էին դրել,
38Որոնք նորանց զոհերի ճարպն ուտում էին, Խմում էին նորանց թափելու նուէրների գինին. Թող վեր կենան եւ ձեզ օգնեն, Ձեզ վերայ պաշտպան լինեն։
39Հիմա նայեցէք, որ Ես ԵՍ ԵՄ, Եւ Ինձ հետ միասին է՛լ աստուած չկայ. Ես կմեռցնեմ եւ կապրեցնեմ. Եւ ես կզարկեմ եւ կբժշկեմ, Եւ իմ ձեռքիցն ազատող չկայ։
40Որովհետեւ իմ ձեռքը դէպի երկինքն եմ բարձրացնում Եւ ասում՝ Ես յաւիտեան կենդանի եմ,
41Եթէ կայծակի սուրս սրեմ, Եւ ձեռքս դատաստանը բռնէ, Իմ թշնամիներին վրէժխնդրութիւն կանեմ, Եւ ինձ ատողներին հատուցում կանեմ։
42Իմ նետերն արիւնով կարբեցնեմ, Եւ իմ սուրը միս կուտէ, Սպանուածների եւ գերիների արիւնիցը, Թշնամիների իշխանների գլխիցը։
43Ուրախացէք, ով ազգեր, նորա ժողովուրդը. Որովհետեւ իր ծառաների արիւնի վրէժը խնդրում է. Եւ իր թշնամիներից վրէժ է առնում, Եւ քաւում է իր երկիրը ու իր ժողովուրդը։
44Եւ Մովսէսն եկաւ, եւ այս երգի բոլոր խօսքերը ժողովրդի ականջներին խօսեց, եւ Նաւէի որդի Յեսուն էլ։
45Եւ երբոր Մովսէսն այս ամեն խօսքերը բոլոր Իսրայէլի հետ խօսեց վերջացրեց,
46Նորանց ասեց. Ձեր ուշը դարձրէք այն ամեն խօսքերին, որոնք այսօր ձեզ համար վկայութիւն բերի, որ նորանք ձեր տղերանցը պատուիրէք, որ նորանք այս օրէնքի ամեն խօսքերը պահեն եւ կատարեն։
47Որովհետեւ այս ձեզ համար դարտակ բան չէ. որովհետեւ ձեր կեանքն է, եւ այս բանովը երկայնակեաց կլինէք այն երկրի վերայ, որի համար Յորդանանովն անցնում էք նորան ժառանգելու համար։
48Եւ Եհովան նոյն օրը խօսեց Մովսէսի հետ ասելով.
49Վեր ելիր այդ Աբարիմ սարը՝ Նաբաւ սարը որ Մովաբի երկրումն է Երիքովի դիմացին, եւ տես Քանանի երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցն իբրև կալուածք.
50Եւ մեռիր քո վեր ելած սարի վերայ, եւ քո ժողովրդի վերայ աւելացիր, ինչպէս որ քո եղբայր Ահարօնը Հովր սարի վերայ մեռաւ եւ իր ժողովրդի վերայ աւելացաւ.
51Որովհետեւ ինձ դէմ անհնազանդ եղաք Իսրայէլի որդկանց մէջ՝ Սին անապատումը Կադեսի հակառակութեան ջրերի վերայ. որովհետեւ Իսրայէլի որդկանց մէջ ինձ չսրբեցիք։
52Ուրեմն այն երկիրը հեռուից կտեսնես, բայց այնտեղ չես մտնիլ, այն երկիրը որ ես Իսրայէլի որդկանցը կտամ։