1Սորա համար այս պաշտօնն ունենալով, ինչպէս որ ողորմութիւն գտանք, չենք ձանձրանում,
2Այլ ամօթալի ծածուկ բաները մերժել ենք. Եւ խորամանկութեամբ չենք վարվում։ Եւ Աստուծոյ խօսքն էլ չենք ծռում. այլ ճշմարտութեան յայտնութիւնովը մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին՝ Աստուծոյ առաջին։
3Իսկ եթէ մեր աւետարանը ծածկուած էլ լինի, նա կորածների մէջ է ծածկուած։
4Որոնցում այս աշխարհքի աստուածը այն անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է։
5Որովհետեւ մենք ոչ թէ մեր անձերն ենք քարոզում, այլ Տէր Յիսուս Քրիստոսին. եւ մեզ ձեր ծառաներ Յիսուսի համար։
6Որովհետեւ Աստուած որ ասեց թէ խաւարիցը լոյս ծագէ, ինքը մեր սրտերի մէջ ծագեցրեց՝ Աստուծոյ փառքի գիտութեան լուսաւորութիւնը տալու համար Յիսուս Քրիստոսի դէմքումը։
7Բայց այս գանձն ունինք հողի անօթներում. որ զօրութեան գերազանցութիւնը Աստուծունը լինի, եւ ոչ թէ մեզանից։
8Ամեն բանի մէջ նեղուած ենք, բայց չենք ճնշուած. Կարօտ ենք, բայց չենք տարակուսել.
9Հալածուած, բայց երեսից չ’ընկած. վայր ընկած, բայց չ’կորած։
10Ամեն ժամանակ Յիսուսի մեռնելը մեր մարմնումը կրում ենք՝ որ Յիսուսի կեանքն էլ մեր մարմնումը յայտնուի։
11Որովհետեւ մենք կենդանիներս միշտ Յիսուսի համար մահի ենք մատնվում. Որ Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմնումը։
12Այնպէս որ մահը մեզանում է զօրանում, եւ կեանքը ձեզանում։
13Բայց միեւնոյն հաւատքի հոգին ունենալով, ինչպէս գրուած է. Հաւատացի եւ նորա համար խօսեցի. Մենք էլ հաւատում ենք եւ սորա համար էլ խօսում ենք։
14Գիտենալով որ Տէր Յիսուսին յարուցանողը մեզ էլ Յիսուսի հետ կ’յարուցանէ, եւ ձեզ հետ իր առաջին կ’կանգնեցնէ։
15Որովհետեւ ամեն բան ձեզ համար է. որ շատացած շնորհքը շատերի գոհութիւնիցն՝ աւելանայ Աստուծոյ փառքի համար։
16Նորա համար չենք թուլանում. Այլ թէ եւ մեր դրսի մարդը փճանում է, բայց մեր ներսի մարդն օրէցօր նորոգվում է։
17Որովհետեւ մեր այժմեան թեթեւ նեղութիւնը ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար,
18Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. Որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չ’երեւողները յաւիտենական։