1Դարձեալ սկսում ե՞նք մեր անձերը յանձնարարել. Կամ թէ ոմանց պէս պէտք են մեզ յանձնարարական թղթեր ձեզ վերայ՝ կամ ձեզանից յանձնարարականներ։
2Մեր թուղթը դուք էք՝ մեր սրտի մէջ գրուած՝ ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած։
3Դուք յայտնի էք թէ Քրիստոսի թուղթն էք՝ մեր ծառայութիւնովը եղած. Եւ գրուած՝ ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստուծոյ Հոգովը. ոչ թէ քարի տախտակների վերայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վերայ։
4Եւ այսպիսի վստահութիւն ունինք առ Աստուած Քրիստոսի ձեռովը։
5Ոչ թէ մենք մեզանից բաւական ենք մի բան միտք անելու ինչպէս մեզանից, այլ մեր բաւական լինելն Աստուածանից է.
6Որ մեզ բաւական էլ արաւ Նոր Կտակարանի պաշտօնեայք լինելու՝ ոչ թէ գրի, այլ հոգու. որովհետեւ գիրն սպանում է, այլ հոգին կենդանացնում է։
7Բայց եթէ մահի պաշտօնը գրով քարերի վերայ փորուած՝ փառքով եղաւ, մինչեւ որ Իսրայէլի որդիքը չէին կարող Մովսէսի երեսին մտիկ անել նորա երեսի փառքի համար, որ խափանուող էր,
8Ո՞րքան աւելի հոգու պաշտօնը փառքով չ’լինի։
9Որովհետեւ եթէ դատապարտութեան պաշտօնը փառքով էր, ապա ո՞րքան աւելի արդարութեան պաշտօնը փառքով է։
10Վասնզի այն փառավորն էլ փառավոր չէ այս մասին այն գերազանցող փառքի համար։
11Որովհետեւ եթէ այն խափանուողը փառքով էր, ո՞րքան աւելի փառքով է հաստատ մնացողը։
12Արդ այսպիսի յոյս ունենալով շատ համարձակութեամբ ենք վարվում։
13Եւ ոչ թէ ինչպէս Մովսէսն իր երեսի վերայ քօղ էր գցում՝ որ Իսրայէլի որդիքը չ’նայեն խափանուելիք բաների վախճանին.
14Բայց նորանց միտքը կուրացաւ. Որ մինչեւ այս օրուայ օրը այն քօղը մնում է Հին Կտակարանի կարդացմունքի վերայ վեր չ’առնուած, որովհետեւ Քրիստոսով խափանվում է։
15Այլ մինչեւ այսօր երբոր Մովսէսին կարդում են, մի քօղ ընկած է նորանց սրտերի վերայ։
16Բայց երբոր դէպի Տէրը կ’դառնան, այն քօղը վեր կ’առնուի։
17Որովհետեւ Տէրն է Հոգին. Որտեղ որ Տիրոջ Հոգին է՝ այնտեղ է ազատութիւն։
18Բայց մենք ամենս՝ բաց երեսով Տիրոջ փառքն ինչպէս հայելու մէջ տեսնելով՝ նոյն պատկերի նման կերպարանափոխվում ենք փառքից դէպի փառք, ինչպէս թէ Տիրոջ Հոգուցը։