1Եւ ես էլ, եղբարք, որ ձեզ մօտ եկայ, ոչ թէ խօսքի կամ իմաստութեան գերազանցութիւնովն եկայ Աստուծոյ վկայութիւնը ձեզ պատմելու։
2Որովհետեւ միտքս չէի դրած՝ մի ուրիշ բան գիտենալ ձեր մէջ բայց միայն Յիսուս Քրիստոսին՝ եւ այն էլ խաչուածին։
3Եւ ես տկարութիւնով եւ վախով եւ շատ դողով եղայ ձեզ մօտ։
4Եւ իմ խօսքը եւ քարոզութիւնը ոչ թէ մարդկային իմաստութեան պատիր խօսքերովն եղաւ, այլ Հոգու եւ զօրութեան ապացուցութեամբը.
5Որ ձեր հաւատքը մարդկանց իմաստութիւնով չլինի՝ այլ Աստուծոյ զօրութիւնովը։
6Բայց իմաստութիւն ենք խօսում կատարեալների հետ, եւ ոչ թէ այս աշխարհքի իմաստութիւնը, եւ ոչ էլ այս աշխարհքի իշխաններինը՝ որ պիտի խափանուին։
7Այլ Աստուծոյ ծածուկ իմաստութիւնն ենք խօսում խորհրդով, որ Աստուած յաւիտենից առաջ սահմանեց նորան մեր փառքի համար։
8Որն այս աշխարհքի իշխաններիցն ոչ ով չճանաչեց. քանզի եթէ ճանաչած լինէին՝ փառքի Տիրոջը չէին խաչ հանիլ.
9Այլ ինչպէս գրուած է. Ինչ որ աչք չտեսաւ եւ ականջ չլսեց եւ մարդի սիրտ չընկաւ, այն պատրաստեց Աստուած իրան սիրողների համար։
10Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ։
11Որովհետեւ մարդկանցից ո՞վ գիտէ մարդի բաները եթէ ոչ մարդի հոգին, որ նորանում է. այնպէս էլ Աստուծոյ բաներն ոչ ով չգիտէ, եթէ ոչ Աստուծոյ Հոգին։
12Եւ մենք ոչ թէ այս աշխարհքի հոգին առանք, այլ այն Հոգին՝ որ Աստուածանից է. որ ճանաչենք այն բաները որ Աստուածանից տրուեցաւ մեզ։
13Որն էլ խօսում ենք՝ ոչ թէ մարդկային իմաստութեան սովորած խօսքերով, այլ Սուրբ Հոգու սովորեցրածներովը՝ հոգեւորներն հոգեւորների հետ համեմատելով։
14Բայց շնչաւոր մարդն Աստուծոյ Հոգու բաները չէ ընդունում. որովհետեւ նորանք յիմարութիւն են նորա համար. եւ չէ կարող էլ գիտենալ՝ որովհետեւ հոգեւոր կերպով են քննվում։
15Բայց հոգեւոր մարդը ամեն բան քննում է, եւ ինքը ոչ ոքից չէ քննվում։
16Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, որ բան սովորեցնէ նորան. բայց մենք Քրիստոսի միտքն ունինք։