1Պօղոս՝ Յիսուս Քրիստոսի կանչուած առաքեալ Աստուծոյ կամքովը, եւ Սոսթենէս եղբայր.
2Աստուծոյ եկեղեցուն, որ Կորնթոսումն է, Յիսուս Քրիստոսումը սրբուածներիդ՝ կանչուած սուրբերիդ՝ այն ամենի հետ, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունը կանչում են ամեն տեղ, իրանցը եւ մերը։
3Շնորհք լինի ձեզ հետ եւ խաղաղութիւն Աստուած մեր Հօրիցը՝ եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
4Ամեն ժամանակ գոհանում եմ իմ Աստուածանից ձեր մասին, Աստուծոյ այն շնորհքի համար՝ որ տրուած է ձեզ Քրսիտոս Յիսուսումը.
5Որ ամեն բանի մէջ հարստացաք նորանով՝ ամեն խօսքով եւ ամեն գիտութիւնով։
6Ինչպէս Քրիստոսի վկայութիւնը հաստատուեցաւ ձեր մէջ։
7Որ դուք չպակասուիք ոչ մի շնորհքով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը սպասելով.
8Որ եւ կհաստատէ ձեզ մինչեւ վերջը՝ անմեղադրելի մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրումը։
9Հաւատարիմ է Աստուած՝ որի ձեռով կանչուեցաք դէպի նորա Որդու՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հաղորդութիւնը։
10Աղաչում եմ ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը, որ ամենդ միեւնոյն խօսքն ունենաք, եւ երկպառակութիւններ չլինին ձեր մէջ. այլ միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք։
11Որովհետեւ ձեր մասին ինձ լուր հասաւ, եղբարք, Քղուէի ընտանիքիցը, թէ հակառակութիւններ կան ձեզանում։
12Եւ այս եմ ասում՝ որ ձեզանից ամեն մէկն ասում է. Ես Պօղոսեան եմ, եւ Ես Ապողոսեան, եւ Ես Կեփասեան, եւ՝ Ես Քրիստոսեան։
13Բաժանո՞ւած է Քրիստոսը. մի՞թէ Պօղոսը խաչուեցաւ ձեզ համար՝ կամ Պօղոսի՞ անունովը մկրտուեցաք։
14Գոհանում եմ Աստուածանից որ ես ձեզանից ոչ մէկին չմկրտեցի. բայց միայն Կրիսպոսին եւ Գայիոսին. որ մէկը չասէ,
15Թէ իմ անունովը մկրտեցի։
16Եւ Ստեփանի տունն էլ մկրտեցի. Էլ չգիտեմ, թէ մի ուրիշն էլ մկրտեցի։
17Որովհետեւ Քրիստոս չուղարկեց ինձ մկրտելու, այլ աւետարանը քարոզելու. ոչ թէ խօսքի իմաստութեամբ, որպէսզի ունայն չլինի Քրիստոսի խաչը։
18Որովհետեւ խաչի խօսքը կորածների համար յիմարութիւն է, բայց մեզ փրկուածներիս համար Աստուծոյ զօրութիւն է։
19Որովհետեւ գրուած է. Իմաստունների իմաստութիւնը կկորցնեմ, եւ խելօքների խորհուրդները կանարգեմ։
20Ո՞ւր է իմաստուն, ո՞ւր է դպիր, ո՞ւր է այս աշխարհքի քննող. չէ՞ որ Աստուած այս աշխարհքի իմաստութիւնը յիմարացրեց։
21Ուրեմն՝ որովհետեւ Աստուծոյ իմաստութեան մէջ աշխարհքը իմաստութիւնով չճանաչեց Աստուծուն, Աստուած հաճեց որ քարոզութեան յիմարութիւնովը ապրեցնէ հաւատացեալներին։
22Եւ որովհետեւ Հրէաները նշան են ուզում, եւ Յոյներն իմաստութիւն են խնդրում.
23Մենք էլ քարոզում ենք խաչեալ Քրիստոսը, Հրէաներին գայթակղութիւն եւ Յոյներին յիմարութիւն։
24Բայց այն կանչուած Հրէաներին եւ Յոյներին, Քրիստոսը քարոզում ենք Աստուծոյ զօրութիւն եւ Աստուծոյ իմաստութիւն։
25Վասնզի Աստուծոյ յիմարն աւելի իմաստուն է քան թէ մարդիկ եւ Աստուծոյ տկարն աւելի զօրաւոր է քան թէ մարդիկ։
26Հէնց ձեր կոչումին մտիկ արէք, եղբայրներ, որ ոչ թէ շատ իմաստուններ մարմնի կողմանէ, եւ ոչ թէ շատ զօրաւորներ, եւ ոչ թէ շատ ազնուականներ.
27Այլ այս աշխարհքի յիմարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ իմաստուններին. եւ աշխարհքիս տկարներին Աստուած ընտրեց՝ որ ամաչեցնէ զօրաւորներին։
28Եւ աշխարհքիս անտոհմներին եւ անարգուածներին Աստուած ընտրեց՝ եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնէ։
29Որպէսզի ոչ մի մարմին չպարծենայ նորա առաջին։
30Եւ դուք նորանից էք Յիսուս Քրիստոսումը՝ որ Աստուածանից մեզ համար եղաւ իմաստութիւն, եւ արդարութիւն եւ սրբութիւն եւ փրկութիւն։
31Որ ինչպէս գրուած է, Նա որ պարծենում է՝ թող Տէրովը պարծենայ։