1Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, եւ եղեւնափայտեր եւ որմնադիրներ եւ հիւսեր, որ նորա համար տուն շինեն։
2Եւ Դաւիթն իմացաւ, որ Տէրը նորան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ. որովհետեւ նորա թագաւորութիւնը բարձարացաւ իր ժողովրդի Իսրայէլի պատճառով։
3Եւ Դաւիթն ուրիշ կանայք էլ առաւ Երուսաղէմում, եւ Դաւիթը՝ էլ տղերք եւ աղջկերք ծնեց։
4Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնած տղերց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան,
5Սողոմոն, Յեբաար, Եղիսուա,
6Եղիփաղէտ, Նոգա, Նափեկ,
7Յափիէ, Եղիսամա, Բաղիադա եւ Եղիփաղէտ։
8Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթը թագաւոր է օծուել բոլոր Իսրայէլի վերայ, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն, եւ Դաւիթը լսեց ու դուրս եկաւ նորանց առաջը։
9Եւ Փղշտացիները եկան եւ փռուեցան Ռափայնոց հովտումը։
10Եւ Դաւիթը հարցրեց Աստուծուն թէ Վեր գնա՞մ Փղշտացիների վերայ, եւ դու նորանց իմ ձեռքը կմատնե՞ս։ Եւ Տէրն ասեց նորան. Գնա, եւ ես նորանց քո ձեռքը կմատնեմ։
11Այն ժամանակ գնացին Բաաղփարասին. և Դաւիթը նորանց այնտեղ յաղթեց, եւ Դաւիթն ասեց. Աստուած իմ թշնամիներին իր ձեռքովը պատառեց ջրերի պատառուածքի պէս. նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։
12Եւ նորանք այնտեղ ձգեցին իրանց աստուածները. և Դաւիթը հրամայեց, եւ նորանք այրեցին կրակով։
13Եւ Փղշտացիները դարձեալ եկան եւ փռուեցան հովտումը։
14Եւ Դաւիթը դարձեալ հարցրեց Աստուծուն, եւ Աստուած ասեց նորան. Վեր մի գնար նորանց ետեւից, դարձիր նորանց ետեւից, եւ նորանց վերայ գնա թթենիների կողմից։
15Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայնը լսես, այն ժամանակ դուրս եկ պատերազմի. որովհետեւ Աստուած պիտի դուրս գայ քո առաջից Փղշտացիների բանակը զարկելու համար։
16Եւ Դաւիթն այնպէս արաւ ինչպէս որ Տէրը հրամայեց իրան, եւ զարկեցին Փղշտացիների բանակը Գաբաւոնից մինչեւ Գազեր։
17Եւ Դաւիթի անունը հռչակուեցաւ ամեն երկիրներում, եւ Տէրը նորա վախը գցեց ամեն ազգերի վերայ։