Zechariah 8
1 Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
2 «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես մեծապես նախանձախնդիր եղա Սիոնի համար և մեծ զայրույթով նախանձեցի նրան”։
3 Տերն այսպես է ասում. “Ես պիտի վերադառնամ դեպի Սիոն և բնակվեմ Երուսաղեմում, և Երուսաղեմը Հավատարիմ քաղաք պիտի կոչվի, իսկ Զորքերի Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ”։
4 Այսպես է ասում Զորքերի Տերը. “Երուսաղեմի հրապարակներում կրկին ծերեր և պառավներ պիտի բնակվեն, և տարիքի պատճառով ամեն մեկի ձեռքին իր գավազանը պիտի լինի։
5 Եվ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղաներով ու աղջիկներով, որոնք խաղալու են նրա հրապարակներում”։
6 Այսպես է ասում Զորքերի Տերը. “Այն օրերին եթե այս ժողովրդի մնացորդի աչքերին անհնար լինի, մի՞թե իմ աչքերին էլ պիտի անհնար լինի”,- ասում է Զորքերի Տերը։
7 Այսպես է ասում Զորքերի Տերը. “Ես ահա իմ ժողովրդին ազատելու եմ արևելյան երկրից և արևմտյան երկրից
8 և նրանց բերելու եմ բնակվելու Երուսաղեմում, և ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց Աստվածը կլինեմ ճշմարտությամբ և արդարությամբ”։
9 Այսպես է ասում Զորքերի Տերը. “Թող զորանան ձեր ձեռքերը, ո՛վ դուք, որ այս օրերում մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը, որոնք խոսվեցին այն օրը, երբ հիմնվեց Զորքերի Տիրոջ տաճարը, և տաճարը կառուցվեց։
10 Որովհետև այն օրերից առաջ չկար մարդու համար վարձ, անասունի վարձ չկար. ոչ էլ խաղաղություն կար նրան, որ դուրս էր գալիս ու ներս մտնում՝ թշնամու պատճառով, որովհետև ես բոլոր մարդկանց իրար դեմ էի հանել։
11 Բայց հիմա ես այս ժողովրդի մնացորդի հետ նախկին օրերի պես չեմ,- ասում է Զորքերի Տերը,-
12 այլ խաղաղություն պիտի սերմանեմ, որթատունկն իր պտուղը պիտի տա, երկիրն իր արգասիքը պիտի տա, երկինքն իր ցողը պիտի տա, և այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը։
13 Դուք ինչպես որ անեծք էիք ազգերի մեջ, ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն, նույնպես էլ պիտի ազատեմ ձեզ, և դուք օրհնություն պիտի լինեք. մի՛ վախեցեք, թող զորանան ձեր ձեռքերը”։
14 Որովհետև այսպես է ասում Զորքերի Տերը. “Ինչպես որ մտադրեցի չարիք անել ձեզ, երբ որ ձեր հայրերը զայրացրին ինձ,- ասում է Զորքերի Տերը,- և չզղջացի,
15 նույնպես դարձյալ մտադիր եմ այս օրերին բարիք անելու Երուսաղեմին և Հուդայի տանը, մի՛ վախեցեք։
16 Սրանք են այն բաները, որ պետք է անեք. ամեն մեկդ ձեր ընկերոջ հետ ճշմարտությո՛ւնը խոսեք, ձեր դարպասներում արդարությամբ ու խաղաղարար դատաստանո՛վ դատեք։
17 Եվ ձեզանից ոչ մեկը իր ընկերոջ դեմ չարիք թող չխորհի իր սրտում. սուտ երդում մի՛ սիրեք, որովհետև այս ամենը ես ատում եմ”»,- ասում է Տերը։
18 Եվ Զորքերի Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
19 «Այսպես է ասում Զորքերի Տերը. “Չորրորդ ամսի ծոմը և հինգերորդի ծոմը և յոթերորդի ծոմը և տասներորդի ծոմը Հուդայի տան համար ցնծություն և ուրախություն և խնդալից տոնախմբություններ պիտի դառնան, ուստի ճշմարտությունն ու խաղաղությո՛ւնը սիրեք”»։
20 Այսպես է ասում Զորքերի Տերը. «Կրկին ժողովուրդներ պիտի գան և շատ քաղաքների բնակիչներ,
21 և մեկի բնակիչները պիտի գնան մյուսի մոտ՝ ասելու. “Եկե՛ք անմիջապես գնանք Տիրոջ առաջ պաղատելու և Զորքերի Տիրոջը փնտրելու”։ Ես ևս գալու եմ։
22 Եվ շատ ժողովուրդներ ու զորավոր ազգեր պիտի գան Երուսաղեմում Զորքերի Տիրոջը փնտրելու, Տիրոջ պաղատելու»։
23 Այսպես է ասում Զորքերի Տերը. «Այդ օրը տարբեր ազգերից տասը հոգի կբռնեն մի հրեա մարդու քղանցքից՝ ասելով. “Գնանք ձեզ հետ, որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է”»։