Titus 2
1 Բայց դու խոսի՛ր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը։
2 Ծերերը թող լինեն զգոն, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հավատով, սիրով, համբերությամբ։
3 Նույնպես էլ ծեր կանայք թող լինեն սրբավայել, ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարի խրատ տվող,
4 որպեսզի դեռատի կանանց խրատեն, որ լինեն այրասեր, որդեսեր,
5 խոհեմ, անարատ, տնարար, բարեգործ, իրենց ամուսիններին հնազանդ, որպեսզի Աստծու խոսքը չհայհոյվի։
6 Նույն կերպ էլ երիտասարդների՛ն հորդորիր, որ խոհեմ լինեն
7 ամեն ինչում՝ քեզ բարի գործերում օրինակ դարձնելով. ուսուցանելու մեջ պահի՛ր անեղծություն, պարկեշտություն,
8 թող խոսքը լինի ողջամիտ, անառարկելի, որպեսզի հակառակորդն ամաչի՝ որևէ չար բան չունենալով ձեր դեմ խոսելու։
9 Թող ծառաներն իրենց տերերին ամեն ինչում հնազանդ լինեն, հաճոյանան նրանց և ոչ թե հակառակվեն։
10 Չգողանան, այլ կատարյալ բարիք և հավատարմություն ցուցաբերեն, որպեսզի մեր Փրկիչ Աստծու վարդապետությունը ամեն ինչով զարդարեն։
11 Աստծու փրկարար շնորհը հայտնվեց բոլոր մարդկանց.
12 այն մեզ խրատում է, որ մերժենք ամբարշտությունն ու աշխարհիկ ցանկությունները և խոհեմությամբ, արդարությամբ ու աստվածապաշտությամբ ապրենք այս աշխարհում՝
13 սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծու ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը,
14 որն իր կյանքը մեզ համար տվեց, որպեսզի մեզ ամեն անօրենությունից փրկի ու մաքրի և իր սեփական ժողովուրդը դարձնի՝ բարի գործերի նախանձախնդիր։
15 Այս բաները խոսի՛ր ու հորդորի՛ր և ամենայն խստությամբ հանդիմանի՛ր. թող ոչ ոք քեզ չարհամարհի։