Romans 16
1 Ձեզ եմ ներկայացնում Փիբեին՝ մեր քրոջը, որ Կենքրայի եկեղեցու սպասավորն է,
2 որպեսզի նրան Տիրոջով ընդունեք, ինչպես որ վայել է սրբերին, հոգ տանեք նրան, ինչ կարիքի համար էլ ձեզ դիմի, որովհետև նա ինքն էլ հոգաց շատերին և հենց ինձ։
3 Ողջունե՛ք Պրիսկիղային, Ակյուղասին՝ Քրիստոս Հիսուսով իմ գործընկերներին,
4 որոնք կյանքս փրկելու համար իրենց պարանոցը սրի տակ դրեցին՝ վտանգի ենթարկվելով, և որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները.
5 ողջունե՛ք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն։ Ողջունե՛ք Եպենետոսին՝ իմ սիրելիին, որ Ասիայից Քրիստոսի առաջին պտուղն է։
6 Ողջունե՛ք Մարիամին, որ շատ աշխատեց ձեզ համար։
7 Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Հունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք առաքյալների մեջ երևելի են և որոնք ինձանից առաջ են Քրիստոսին պատկանել։
8 Ողջունե՛ք Ամպղիասին՝ իմ սիրելիին Տիրոջով։
9 Ողջունե՛ք Ուրբանոսին՝ Քրիստոսով մեր գործակցին, և Ստաքեսին՝ իմ սիրելիին։
10 Ողջունե՛ք Ապեղեսին, որ փորձված է Քրիստոսով։
11 Ողջունե՛ք նրանց, որ Արիստոբուղոսի ընտանիքից են։ Ողջունե՛ք Հերովդիոնին՝ իմ ազգականին։ Ողջունե՛ք նրանց, որ Նարկիսոսի ընտանիքից են և Տիրոջ մեջ են։
12 Ողջունե՛ք Տրիփեային ու Տրիփոսային, որ աշխատում են Տիրոջ համար։ Ողջունե՛ք սիրելի Պերսիդային, որ Տիրոջ համար շատ աշխատեց։
13 Ողջունե՛ք Ռուփոսին, որ ընտրված է Տիրոջով, և նրա մորը, որ նաև ինձ է մայր։
14 Ողջունե՛ք Ասյունկրիտոսին, Փղեգոնին, Երմասին, Պատրոբասին, Երմեսին և եղբայրներին, որ նրանց հետ են։
15 Ողջունե՛ք Փիղողոգոսին, Հուլիային, Ներեասին ու նրա քրոջը, Ողիմպիային ու բոլոր սրբերին, որ նրանց հետ են։
16 Սուրբ համբույրով ողջունե՛ք միմյանց։ Քրիստոսի բոլոր եկեղեցիները ողջունում են ձեզ։
17 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, որ զգուշանաք նրանցից, ովքեր հերձվածներ ու գայթակղություններ են առաջացնում այն վարդապետությունից դուրս, որ դուք սովորել եք. նրանցից հեռո՛ւ մնացեք։
18 Այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքներով են մոլորեցնում։
19 Քանզի ձեր հնազանդությունն ամենքին է հայտնի դարձել, արդ ձեզ համար ուրախ եմ. միայն ուզում եմ, որ դուք բարու հանդեպ իմաստուն լինեք, իսկ չարի հանդեպ՝ անմեղ։
20 Եվ խաղաղության Աստվածը թող շուտով սատանային ձեր ոտքերի տակ խորտակի։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի. ամեն։
21 Ձեզ ողջունում են իմ գործընկեր Տիմոթեոսը և Ղուկիոսը, Յասոնն ու Սոսիպատրոսը՝ իմ ազգականները։
22 Ողջունում եմ ձեզ նաև ես՝ Տերտիոսս, որ Տիրոջով այս նամակը գրեցի։
23 Ձեզ ողջունում է Գայիոսը՝ իմ և ամբողջ եկեղեցու հյուրընկալը։ Ձեզ ողջունում է Երաստոսը՝ քաղաքի գանձապահը, ինչպես նաև Կվարտոս եղբայրը։
24 Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր բոլորի հետ թող լինի: Փառաբանություն
25 Եվ հիմա նրան, որ կարող է ձեզ հաստատ պահել ըստ իմ Ավետարանի և ըստ Հիսուս Քրիստոսի քարոզության, ըստ այն խորհրդի հայտնության, որ հավիտենական ժամանակներից ի վեր լուռ պահված էր,
26 սակայն այժմ հայտնված է մարգարեների գրքերի միջոցով հավիտենական Աստծու հրամանով և բոլոր հեթանոսներին ծանուցված է հավատին հնազանդվելու համար,
27 միակ իմաստուն Աստծուն, Հիսուս Քրիստոսի միջոցով նրան փա՜ռք հավիտյանս։ Ամեն։