Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Revelation 6

:
Armenian - 2018
1 Տեսա, որ Գառն այն յոթ կնիքներից մեկը բացեց, և լսեցի, որ այն չորս կենդանիներից մեկը որոտի պես ձայնով ասում էր. «Արի՛»։
2 Եվ ահա տեսա մի սպիտակ ձի, և նրա վրա նստողը մի աղեղ ուներ։ Նրան պսակ տրվեց, ու հաղթողը ելավ հաղթանակներ տանելու։
3 Երբ երկրորդ կնիքը բացեց, երկրորդ կենդանուց լսեցի, որ ասում էր. «Արի՛»։
4 Եվ մի ուրիշ՝ կարմիր ձի դուրս ելավ. նրա վրա նստողին արտոնվեց վերացնել խաղաղությունը երկրից, որպեսզի միմյանց սպանեն. նրան մի մեծ սուր տրվեց։
5 Երբ երրորդ կնիքը բացեց, երրորդ կենդանուց լսեցի, որ ասում էր. «Արի՛»։ Եվ ահա տեսա մի սև ձի, և նրա վրա նստողն իր ձեռքին կշեռք ուներ։
6 Եվ չորս կենդանիների միջից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի կապիճ ցորեն՝ մեկ դինարի, և երեք կապիճ գարի՝ մեկ դինարի. ձեթին ու գինուն վնաս չտաս»։
7 Երբ չորրորդ կնիքը բացեց, չորրորդ կենդանու ձայնը լսեցի, որ ասում էր. «Արի՛»։
8 Եվ ահա տեսա մի դեղնականաչ ձի, որի հեծյալի անունը Մահ էր, իսկ նրա հետևից գնում էր Դժոխքը։ Նրանց իշխանություն տրվեց աշխարհի մեկ քառորդի վրա սրով, սովով, մահով ու երկրի գազաններով կոտորած անելու։
9 Երբ հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի տակ տեսա նրանց հոգիները, որոնք մորթվել էին Աստծու խոսքի և վկայության համար, որ պահել էին։
10 Նրանք բարձրաձայն աղաղակում էին և ասում. «Մինչև ե՞րբ, ո՛վ սուրբ և ճշմարիտ Տեր, չպիտի դատես ու չպիտի առնես մեր արյան վրեժը երկրի վրա բնակվողներից»։
11 Եվ նրանցից յուրաքանչյուրին սպիտակ հանդերձներ տրվեցին, ու նրանց ասվեց, որ դեռևս մի փոքր ժամանակ հանգստանան, մինչև որ լրանա նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը, որոնք նրանց պես սպանվելու են։
12 Տեսա՝ երբ վեցերորդ կնիքը բացեց, մեծ երկրաշարժ եղավ. արեգակը մազեղեն քրձի պես սև դարձավ, իսկ լուսինը ամբողջովին արյան պես դարձավ։
13 Եվ երկնքի աստղերը երկրի վրա թափվեցին, ինչպես թզենին է իր խակ պտուղները թափում սաստիկ քամուց շարժվելուց։
14 Երկինքը գալարվող մագաղաթի փաթույթի պես քաշվեց, և բոլոր լեռներն ու կղզիներն իրենց տեղից շարժվեցին։
15 Եվ երկրի թագավորները, մեծամեծներն ու հարուստները, հազարապետներն ու զորավորները, բոլոր ծառաներն ու բոլոր ազատները թաքնվեցին քարայրներում ու լեռների ծերպերում։
16 Եվ լեռներին ու ժայռերին ասում էին. «Ընկե՛ք մեզ վրա ու ծածկե՛ք մեզ գահի վրա նստողի երեսից և Գառան բարկությունից,
17 որովհետև նրա բարկության մեծ օրը եկել է, և ո՞վ կարող է դիմանալ»։