Psalms 772018

1Իմ ձայնը Աստծուն է ուղղված, և ես կանչում եմ. իմ ձայնը Աստծուն է ուղղված, և նա կլսի ինձ։

2Իմ նեղության օրը խնդրում եմ Տիրոջը. իմ ձեռքը մեկնած է գիշերը և չի թուլանում. իմ անձը չի կամենում մխիթարվել։

3Հիշում եմ Տիրոջը և անհանգիստ եմ. միտք եմ անում, և նվաղում է հոգիս։ (Սելա)։

4Արթուն ես պահում իմ աչքերը. խռովված եմ և չեմ կարող խոսել։

5Մտածում եմ առաջվա օրերի մասին, հավիտյան անցած տարիների մասին։

6Հիշում եմ գիշերվա մեջ իմ երգելը, խոսում եմ իմ սրտի հետ, և հոգիս քննություն է անում։

7Մի՞թե Տերը հավիտյան դեն է նետելու և այլևս քաղցրություն ցույց չի տալու։

8Մի՞թե հավիտյան վերջանալու է նրա ողորմությունը, և պակասելո՞ւ է նրա խոսքը ազգից մինչև ազգ։

9Մի՞թե Աստված մոռացավ շնորհ ցույց տալ. մի՞թե բարկությամբ արգելեց իր ողորմությունը։ (Սելա)։

10Բայց ես ասում եմ. «Սա իմ ցավն է. փոխելը Բարձրյալի ձեռքին է»։

11Հիշում եմ Տիրոջ գործերը, որովհետև հիշում եմ հավիտենության քո հրաշքները։

12Քննում եմ քո բոլոր գործերը և մտաբերում եմ քո արածները։

13Ո՜վ Աստված, քո ճանապարհը սրբության մեջ է. ո՞ր աստվածն է մեծ, ինչպես մեր Աստվածը։

14Դու ես Աստվածը, որ հրաշք է գործում. դու ցույց տվեցիր քո զորությունը ժողովուրդների մեջ։

15Դու քո բազկով փրկեցիր քո ժողովրդին՝ Հակոբի և Հովսեփի որդիներին։ (Սելա)։

16Ջրերը տեսան քեզ, ո՜վ Աստված, ջրերը տեսան քեզ ու դողացին, և անդունդները սարսափեցին։

17Ամպերը ջուր թափեցին, երկինքները ձայն հանեցին, և քո նետերը գնացին։

18Քո որոտման գոռոցը երկնքի ոլորտների մեջ էր. փայլատակումները լուսավորեցին աշխարհը, երկիրը դղրդաց և դողաց։

19Քո ճանապարհը ծովի մեջ էր, և քո շավիղները՝ հորդառատ ջրերի մեջ, և քո հետքերը չհայտնվեցին։

20Քո ժողովրդին առաջնորդեցիր ոչխարի հոտի նման՝ Մովսեսի և Ահարոնի ձեռքով։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Psalms 77.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.