Psalms 73
1 Հիրավի, Աստված բարի է Իսրայելի համար, սրտով ուղիղների համար։
2 Եվ քիչ էր մնացել, որ ոտքերս ծռվեին, և բան չէր մնացել, որ քայլվածքս սահեր։
3 Որովհետև նախանձեցի ամբարտավաններին՝ ամբարիշտների խաղաղությունը տեսնելով,
4 Որովհետև նրանք ցավ չունեն մինչև իրենց մահը, և նրանց մարմինն էլ ամուր է։
5 Նրանք մարդու նեղության մեջ չեն և չեն տանջվում ուրիշ մարդկանց հետ։
6 Դրա համար էլ ամբարտավանությունը վզնոցի պես պատում է նրանց, և բռնությունը զարդարանքի պես ծածկում է նրանց։
7 Նրանց աչքերը դուրս են գալիս պարարտությունից, նրանք իրենց սրտի խորհուրդներով են վարվում։
8 Ծիծաղում են և չարությամբ խոսում բռնության համար, բարձրից են խոսում։
9 Իրենց բերանը երկնքի մեջ են դնում, բայց նրանց լեզուն ման է գալիս երկրի մեջ։
10 Դրա համար էլ նրա ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, և լիությամբ պիտի ջուր քամեն իրենց համար։
11 Եվ ասում են. «Աստված ինչպե՞ս գիտի, և կա՞ արդյոք գիտություն Բարձրյալի մոտ»։
12 Սրանք են ահա ամբարիշտները, որ հաջողակ են այս աշխարհում և ավելացնում են հարստությունը։
13 Հիրավի, զուր տեղն եմ իմ սիրտը սրբում և իմ ձեռքերը լվանում սրբությամբ
14 Եվ ամեն օր տանջվում եմ ու խրատվում ամեն առավոտ։
15 Եթե ասեի, թե ես էլ նրանց նման կխոսեմ, ապա քո որդիների ազգին նենգություն պիտի անեի։
16 Եվ ես միտք արեցի, որ այդ իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ,
17 Մինչև որ Աստծու սրբարանը մտա և նրանց վերջն իմացա։
18 Հիրավի, դու նրանց հեշտ սահելու տեղեր ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց։
19 Ինչպե՜ս են հանկարծակի ոչնչանում, սատկում, կորչում զարհուրանքով։
20 Ինչպես երազն է զարթնելուց հետո, այնպես էլ դու, Տե՛ր, զարթնելիս պիտի անարգես նրանց պատկերը։
21 Երբ իմ սիրտը դառը ցավեց, և իմ հոգուց խոցվեցի,
22 Այն ժամանակ ես հիմար էի և չիմացա. անասունի պես եղա քո առաջ։
23 Բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ աջ ձեռքից։
24 Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ։
25 Ո՞վ ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզնից բացի ուրիշ բան չեմ ուզում։
26 Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը։
27 Որովհետև քեզնից հեռացողներն ահա պիտի կորչեն. դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։
28 Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն. իմ հույսը դնում եմ Տեր Աստծու վրա, որ քո բոլոր գործերը պատմեմ։