Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 68

:
Armenian - 2018
1 Թող Աստված վեր կենա, նրա թշնամիները ցրվեն, և նրան ատողները փախչեն իր առջևից։
2 Ինչպես ոչնչանում է ծուխը, ոչնչացրո՛ւ նրանց. ինչպես հալվում է մոմը կրակի առջև, այդպես թող ամբարիշտները կորչեն Աստծու առջևից։
3 Բայց արդարները պիտի ուրախանան և ցնծան, պիտի զվարճանան իրենց ուրախությամբ։
4 Երգե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք նրա անվանը, անապատի միջով հեծյալ եկողին ճանապա՛րհ պատրաստեցեք. Եահ է նրա անունը. ցնծացե՛ք նրա առջև։
5 Որբերի հայր և որբևայրիների դատավոր է Աստված իր սուրբ բնակարանում։
6 Աստված միայնակներին բնակեցնում է տան մեջ, գերիներին հանում է հաջողության մեջ, բայց ապստամբները բնակվում են չոր տեղում։
7 Ո՜վ Աստված, երբ դու քո ժողովրդի առջևից գնում էիր, անապատի միջով անցնելիս (Սելա)։
8 Երկիրը դողաց, և երկինքը շաղ տեղաց Աստծու երեսից. Սինա սարն էլ ցնցվեց Աստծու՝ Իսրայելի Աստծու երեսից։
9 Առատության անձրև տեղացիր, ո՜վ Աստված. քո ժառանգությունը, որ հոգնած էր, դու զորացրիր։
10 Քո ժողովուրդը բնակվեց այնտեղ. քո քաղցրությամբ կերակուր պատրաստեցիր խեղճի համար, ո՜վ Աստված։
11 Տերը տալիս է իր խոսքը. ավետող մարդիկ մեծ բազմություն են։
12 Զորքերի թագավորները պիտի փախչեն փախեփախ, տան մեջ բնակվող կինը պիտի բաժանի ավարը։
13 Երբ հանգստանում եք մակաղատեղերում, աղավնու թևերը փայլում են արծաթով պատած, և նրանց փետուրները՝ դեղին ոսկով։
14 Երբ Ամենակարողն այդ երկրում թագավորներին ցրեց, երկիրը ճերմակափայլ դարձավ, ինչպես ձյունը Սաղմոնում։
15 Ո՛վ Աստծու սար, Բասա՛ն, ո՛վ բարձր և պարարտ լեռ.
16 Ո՛վ բարձր լեռներ, ինչո՞ւ եք նախանձով նայում. սա այն լեռն է, որին հավանեց Աստված՝ նրա վրա բնակվելու համար. Տերը պիտի հավիտյան բնակվի նրա վրա։
17 Աստծու կառքերը երկու բյուր են, հազարապատիկ. Տերը նրանց մեջ է, Սինայում՝ իր սուրբ վայրում։
18 Վեր ելար բարձր տեղերը, գերեվարեցիր գերությունը, պարգևներ առար մարդկանց համար և ապստամբների համար էլ, որ Աստված նրանց մեջ էլ բնակվի։
19 Օրհնյալ է Տերը օր օրի. եթե մեզ վրա բեռ դնելու լինեն, Աստված է մեր փրկությունը։ (Սելա)։
20 Աստված փրկության Աստված է մեզ համար, և Տեր Աստված ազատում է մահվանից։
21 Սակայն Աստված պիտի փշրի իր թշնամիների գլուխը և նրանց մազոտ գագաթը, ովքեր գնում են իրենց անօրենությունների մեջ։
22 Տերն ասաց. «Նրանց պիտի ետ դարձնեմ Բասանից, պիտի ետ դարձնեմ ծովի անդունդից։
23 Որ քո ոտքը թրջես արյունով, և քո շների լեզուն իր բաժինն առնի թշնամիներից»։
24 Տեսան քո երթը, ո՜վ Աստված, իմ Աստծու՝ իմ Թագավորի երթը սրբարանի մեջ։
25 Նախ երգողները գնացին, հետո նվագածուները՝ թմբկահար կույս աղջիկների մեջտեղը։
26 Օրհնեցե՛ք Տեր Աստծուն ժողովուրդների մեջ, դուք, որ Իսրայելի աղբյուրից եք։
27 Այնտեղ են փոքր Բենիամինը՝ նրանց տիրակալը, Հուդայի իշխանները՝ իրենց խմբով, Զաբուղոնի իշխանները, Նեփթաղիմի իշխանները։
28 Քո Աստվածը հաստատեց քո զորությունը. զորացրո՛ւ այն, ո՜վ Աստված, ինչ արեցիր մեզ համար։
29 Երուսաղեմում քո տաճարի համար թագավորներն ընծա պիտի բերեն քեզ։
30 Սաստի՛ր եղեգների գազանին, ցլերի բազմությունը՝ ազգերի երինջների հետ, որպեսզի ընկնեն երեսների վրա արծաթի կտորներով. ցրի՛ր այն ազգերին, որոնք կռիվ են կամենում։
31 Իշխաններ պիտի գան Եգիպտոսից, եթովպացիները պիտի իրենց ձեռքերը մեկնեն Աստծուն։
32 Ո՛վ երկրի թագավորություններ, երգեցե՛ք Աստծուն, սաղմո՛ս ասացեք Տիրոջը. (Սելա)։
33 Նրան, որ հավիտյան նստում է երկինքների երկնքի վրա. ահա իր զորավոր ձայնով նա պիտի ձայն տա։
34 Ճանաչե՛ք Աստծու զորությունը. նրա փառքը Իսրայելի վրա է, և ամպերի մեջ է նրա զորությունը։
35 Զարմանալի ես քո սրբարանում, ո՜վ Աստված, Իսրայելի՛ Աստված. նա զորություն և կարողություն է տալիս ժողովրդին. օրհնյա՜լ է Աստված։