1Ո՜վ Աստված, մեզ դեն գցեցիր, ցրեցիր մեզ, բարկացար. ե՛տ դարձիր դեպի մեզ։
2Դու դողացրիր երկիրը և պատռեցիր այն. բժշկի՛ր նրա կոտրած տեղերը, որովհետև երերում է։
3Խստություն ցույց տվեցիր քո ժողովրդին. մեզ թմրության գինի խմել տվեցիր։
4Բայց քեզնից վախեցողներին դրոշակ տվեցիր, որ բարձրացնեն ճշմարտության համար, (Սելա)։
5Որ քո սիրելիներն ապրեն. թող փրկի քո աջը, և լսի՛ր ինձ։
6Աստված խոսեց իր սուրբ տեղից. «Ես պիտի ցնծամ, Սյուքեմը պիտի բաժանեմ և պիտի չափեմ Սոկքովթի հովիտը։
7Իմն է Գաղաադը, և իմն է Մանասեն, և Եփրեմն իմ գլխի զորությունն է, և Հուդան՝ իմ գավազանը։
8Մովաբն իմ լվացվելու ամանն է. իմ կոշիկը պիտի գցեմ Եդովմի վրա, ո՛վ փղշտացիների երկիր, ցնծա՛ ինձ համար»։
9Ո՞վ ինձ պիտի տանի ամուր քաղաք, ո՞վ ինձ պիտի առաջնորդի մինչև Եդովմ։
10Ո՞չ արդարև դու, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքի հետ, ո՜վ Աստված։
11Նեղության մեջ տո՛ւր մեզ քո օգնությունը, որովհետև փուչ է մարդու օգնությունը։
12Մենք Աստծով զորություն պիտի գործենք, և նա ոտնակոխ պիտի անի մեր թշնամիներին։