Psalms 35
1 Հակառակվի՛ր, Տե՛ր, ինձ հակառակվողներին և կռվի՛ր ինձ հետ կռվողների դեմ։
2 Զենք ու վահա՛ն առ և վե՛ր կաց ինձ օգնելու համար։
3 Հանի՛ր գեղարդը և փակի՛ր ճանապարհն ինձ հալածողների դեմ. ասա՛ իմ անձին. «Քո փրկությունը ես եմ»։
4 Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ մահը կամեցողները. թող հետ դառնան և ամոթով մնան իմ դեմ չար խորհողները։
5 Թող քամու առաջ մղեղի պես լինեն նրանք, և Տիրոջ հրեշտակը հալածի նրանց։
6 Նրանց ճանապարհը թող խավար լինի և սայթաքուն, և Տիրոջ հրեշտակը նեղի նրանց։
7 Որովհետև զուր տեղը որոգայթ լարեցին ինձ բռնելու համար, զուր տեղը փոս փորեցին իմ անձի համար։
8 Թող հանկարծակի ավերում հասնի նրան. իր լարած որոգայթը բռնի իրեն. թող ավերումով ընկնի նրա մեջ։
9 Բայց իմ անձը պիտի ցնծա Տիրոջով և ուրախանա նրա փրկությամբ։
10 Իմ բոլոր ոսկորները պիտի ասեն. «Տե՛ր, ո՞վ է քեզ նման. դու փրկում ես աղքատին իրենից զորավորից, իսկ տնանկին ու աղքատին՝ իրենց հափշտակողից»։
11 Անգութ վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից։
12 Չար են հատուցում ինձ բարու փոխարեն՝ իմ անձն անմխիթար թողնելով։
13 Բայց ես քուրձ էի հագնում նրանց հիվանդանալու ժամանակ. իմ անձը չարչարում էի ծոմով, բայց իմ աղոթքն իմ ծոցն էր վերադառնում։
14 Ես նրանց հետ վարվում էի, ինչպես իմ բարեկամի և իմ եղբոր հետ, և տրտմությամբ խոնարհվում էի իր մոր համար սուգ անողի նման։
15 Սակայն երբ ես սայթաքում եմ, նրանք ուրախանում են և հավաքվում. հավաքվում են իմ դեմ, որ խոցեն ինձ, և ես չգիտեի. հայհոյում են ու չեն դադարում։
16 Խնջույքի նվաստ ծաղրածուների հետ իրենց ատամներն են կրճտացնում ինձ վրա։
17 Տե՛ր, մինչև ե՞րբ պիտի նայես. իմ անձն ազատի՛ր նրանց մեծ վնասից, միայնակ հոգիս՝ առյուծի կորյուններից։
18 Պիտի գովերգեմ քեզ, Տե՛ր, մեծ բազմության մեջ և պիտի փառաբանեմ քեզ շատ ժողովրդի մեջ։
19 Թող չչարախնդան ինձ վրա զուր տեղն ինձ թշնամություն անողները, և թող իրար աչքով չանեն ինձ առանց պատճառի ատողները։
20 Որովհետև նրանք խաղաղությունից չեն խոսում, այլ նենգավոր բաներ են մտածում երկրի վրա հանգիստ եղողների դեմ։
21 Իրենց բերանը լայն բաց են անում ինձ վրա և ասում. «Վա՜հ, վա՜հ, հիմա մեր աչքերը տեսան»։
22 Դու տեսար, Տե՛ր, լուռ մի՛ մնա. Տե՛ր, մի՛ հեռացիր ինձնից։
23 Զարթնի՛ր և վե՛ր կաց, ո՛վ իմ Աստված և իմ Տե՛ր, ինձ իրավունք տալու և ինձ դատաստան անելու համար։
24 Դատաստա՛ն արա ինձ քո արդարության համեմատ, ո՜վ Տեր իմ Աստված, և թող չուրախանան ինձ վրա։
25 Թող իրենց սրտում չասեն. «Օ՜, մեր փափագը կատարվեց », թող չասեն. «Մենք կուլ տվինք նրան»։
26 Թող ամաչեն իրար հետ և ամոթահար լինեն իմ մեծ դժբախտության համար ուրախացողները. թող ամոթ և անարգանք կրեն իմ դեմ պարծեցողները։
27 Թող ցնծան և ուրախ լինեն նրանք, որ ցանկանում են իմ արդարությունը, և միշտ ասեն. «Թող փառավորվի Տերը, որ կամենում է իր ծառայի բարօրությունը»։
28 Եվ իմ լեզուն թող խոսի քո արդարության մասին և ամբողջ օրը քո գովասանքն անի։