Psalms 31
1 Ո՜վ Տեր, ես քեզ եմ ապավինել, թող որ չամաչեմ հավիտյան. քո արդարությամբ ազատի՛ր ինձ։
2 Ականջդ դեպի ի՛նձ խոնարհիր, շուտով ազատի՛ր ինձ. զորավոր վե՛մ եղիր ինձ համար և ամուր տուն, որ փրկես ինձ,
3 Որովհետև դու ես իմ վեմը և ամրոցը. քո անվան համար առաջնորդի՛ր ինձ և հովանի՛ եղիր ինձ։
4 Հանի՛ր ինձ որոգայթից, որ գաղտնի լարեցին ինձ համար, քանզի դու ես իմ ապաստանը։
5 Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին. դու փրկեցիր ինձ, ո՛վ Տեր, ճշմարի՛տ Աստված։
6 Ատում եմ նրանց, որ ունայն կուռքեր են պաշտում, բայց ես Տիրոջը հուսացի։
7 Պիտի ցնծամ և ուրախանամ քո ողորմությամբ, որովհետև տեսար իմ տառապանքը և իմ անձի նեղությունը ճանաչեցիր։
8 Ինձ չմատնեցիր թշնամու ձեռքը, այլ իմ ոտքերը կանգնեցրիր լայնարձակ տեղ։
9 Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև նեղության մեջ եմ. տրտմությամբ մաշվեցին իմ աչքը, իմ անձը և իմ մարմինը։
10 Որովհետև իմ կյանքը վերջացավ վշտով, և տարիներս՝ հառաչանքով. իմ զորությունը տկարացավ իմ թշվառությամբ, և մաշվեցին իմ ոսկորները։
11 Իմ բոլոր թշնամիների առաջ նախատվեցի, մանավանդ իմ դրացիների առաջ. ահ ու վախ եղա իմ բարեկամների համար. փողոցներում ինձ տեսնողները փախչում են ինձնից։
12 Սրտերից մոռացված եղա մեռածի պես. դարձել եմ կոտրած ամանի նման։
13 Որովհետև շատերի բամբասանքը լսեցի. ահ կա իմ չորս կողմը. երբ հավաքվում են իրար հետ, խորհուրդ են անում իմ դեմ, որ հոգիս առնեն։
14 Բայց ես հույսս դրել եմ քեզ վրա, ո՜վ Տեր. ասում եմ. «Դու ես իմ Աստվածը»։
15 Իմ ժամանակը քո ձեռքին է. ազատի՛ր ինձ իմ թշնամիների ձեռքից և ինձ հալածողներից։
16 Փայլեցրո՛ւ երեսդ քո ծառայի վրա. փրկի՛ր ինձ քո ողորմությամբ։
17 Տե՛ր, թող չամաչեմ, որովհետև քեզ եմ կանչում. թող ամաչեն ամբարիշտները և լռեն գերեզմանում,
18 Թող պապանձվեն սուտ շրթունքները, որոնք արդարի դեմ անամոթություն են խոսում գոռոզությամբ և անարգանքով։
19 Որքա՜ն մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզնից երկյուղածների համար և անում ես նրանց համար, որոնք հուսացել են քեզ մարդկանց որդիների առջև։
20 Քո երեսի ծածկույթով ծածկում ես նրանց մարդկանց դավաճանությունից, թաքցնում ես քո պատսպարանի մեջ՝ լեզուների հակառակությունից։
21 Օրհնյա՜լ է Տերը, որ իր հրաշալի ողորմությունը ցույց տվեց ինձ մի ամուր քաղաքի մեջ։
22 Իսկ ես իմ շփոթության մեջ ասացի. «Ես դեն գցվեցի քո աչքի առաջից». բայց երբ ես օգնության աղաղակ բարձրացրի քեզ, դարձյալ լսեցիր աղերսանքիս ձայնը։
23 Սիրեցե՛ք Տիրոջը, ո՛վ նրա բոլոր հավատարիմներ. Տերը պահում է հավատացյալներին և ավելին է հատուցում նրան, ով ամբարտավանություն է գործում։
24 Քա՛ջ եղեք, և թող զորանան ձեր սրտերը, դուք բոլորդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա։