Psalms 119
1 Երանելի են ճանապարհով անմեղները, որոնք գնում են Տիրոջ օրենքով։
2 Երանելի են նրա վկայությունները պահողները, որ ամբողջ սրտով փնտրում են նրան։
3 Որովհետև նրանք անօրենություն չեն գործում, այլ գնում են նրա ճանապարհներով։
4 Դու պատվիրեցիր, որ քո հրամանները պինդ պահենք։
5 Երանի՜ իմ ճանապարհները հաջող լինեն՝ պահելու քո կանոնները։
6 Այդ դեպքում չեմ ամաչի, երբ քո բոլոր պատվիրաններին հետևեմ։
7 Ես քեզ պիտի գովաբանեմ ուղիղ սրտով, երբ որ քո արդար վճիռներն իմանամ։
8 Քո կանոնները պիտի պահեմ. ինձ բոլորովին մի՛ լքիր։
9 Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ։
10 Իմ ամբողջ սրտով փնտրեցի քեզ. մի՛ թող ինձ, որ մոլորվեմ քո պատվիրաններից։
11 Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեղանչեմ քո դեմ։
12 Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, սովորեցրո՛ւ ինձ քո կանոնները։
13 Իմ շրթունքներով պատմում եմ քո բերանի բոլոր իրավունքները։
14 Ուրախանում եմ քո վկայությունների ճանապարհով, ինչպես ամեն տեսակ հարստությամբ։
15 Քո հրամանների մասին պիտի մտածեմ, քո ճանապարհներին պիտի նայեմ։
16 Քո կանոններով պիտի ուրախանամ և քո խոսքը չպիտի մոռանամ։
17 Բարությո՛ւն արա քո ծառային, որ ապրեմ և գործադրեմ քո խոսքը։
18 Բա՛ց իմ աչքերը, որ տեսնեմ քո օրենքի հրաշքները։
19 Ես պանդուխտ եմ երկրի վրա, ինձնից մի՛ թաքցրու քո պատվիրանները։
20 Իմ անձը մաշվել է ամեն ժամանակ քո իրավունքները ցանկանալուց։
21 Դու սաստեցիր անիծված ամբարտավաններին, որ մոլորվեցին քո պատվիրաններից։
22 Նախատինքն ու անարգանքը վերցրո՛ւ ինձնից, որ պահեմ քո վկայությունները։
23 Իշխաններ էլ են նստում և խոսում իմ դեմ. քո ծառան մտածում է քո հրամանների մասին։
24 Հիրավի, քո վկայություններն իմ ուրախությունն են և իմ խորհրդականները։
25 Իմ անձը կպավ հողին. քո խոսքի համաձայն ապրեցրո՛ւ ինձ։
26 Ես պատմում եմ իմ ճանապարհների մասին, և դու լսում ես ինձ. սովորեցրո՛ւ ինձ քո հրամանները։
27 Իմացրո՛ւ ինձ քո պատվիրանների ճանապարհները, և ես պիտի մտածեմ քո սքանչելիքների մասին։
28 Իմ անձը հալվեց տրտմությունից. հաստատի՛ր ինձ քո խոսքի համեմատ։
29 Ստության ճանապարհը հեռացրո՛ւ ինձնից և քո օրենքը շնորհի՛ր ինձ։
30 Ես ընտրեցի ճշմարտության ճանապարհը. քո իրավունքները դրեցի իմ առջև։
31 Մոտեցա քո վկայություններին, Տե՛ր, ինձ մի՛ ամաչեցրու։
32 Պիտի վազեմ քո պատվիրանների ճանապարհով, որովհետև դու լայնացրիր իմ սիրտը։
33 Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո կանոնների ճանապարհը, որ մինչև վերջը պահեմ այն։
34 Իմաստո՛ւն դարձրու ինձ, որ պահեմ քո օրենքը և ամբողջ սրտով կատարեմ այն։
35 Առաջնորդի՛ր ինձ քո պատվիրանների շավիղներով, որոնք հավանեցիր։
36 Իմ սիրտը խոնարհեցրո՛ւ դեպի քո վկայությունները և ոչ թե դեպի ագահությունը։
37 Դեպի հե՛տ դարձրու իմ աչքերը, որ ունայն բան չտեսնեն, և ինձ ապրեցրո՛ւ քո ճանապարհների մեջ։
38 Քո խոսքը հաստատի՛ր քո ծառայի համար, որ վախենում է քեզնից։
39 Ինձնից վանի՛ր իմ նախատինքը, որից վախեցա, որովհետև բարի են քո իրավունքները։
40 Ահա ցանկացա քո պատվիրանները. քո արդարությամբ ապրեցրո՛ւ ինձ։
41 Տե՛ր, քո ողորմությունը թող գա ինձ վրա, և քո փրկությունը՝ քո խոսքի համաձայն։
42 Ես պատասխան կտամ խոսքով ինձ նախատողներին, որովհետև հույսս քո խոսքի վրա եմ դրել։
43 Քո ճշմարտության խոսքն ամենևին մի՛ հեռացրու իմ բերանից, որովհետև հույսս դրել եմ քո իրավունքի վրա։
44 Քո օրենքը պիտի պահեմ ամեն ժամանակ՝ հավիտյանս հավիտենից։
45 Ես ազատ պիտի գնամ, որովհետև խնդրեցի քո պատվիրանները։
46 Քո վկայությունների մասին պիտի խոսեմ թագավորների առջև և չպիտի ամաչեմ։
47 Ես պիտի ուրախանամ քո պատվիրաններով, որոնք սիրում եմ։
48 Իմ ձեռքը պիտի բարձրացնեմ դեպի քո պատվիրանները, որոնք սիրում եմ, և պիտի մտածեմ քո հրամանների մասին։
49 Հիշի՛ր քո ծառայի համար տրված խոսքը, որի վրա դրեցի իմ հույսը։
50 Նեղությանս մեջ իմ մխիթարությունն այն է, որ քո խոսքն ապրեցնում է ինձ։
51 Ամբարտավանները շատ խիստ ծաղրում են ինձ, բայց ես չեմ շեղվում քո օրենքից։
52 Տե՛ր, հիշում եմ քո հավերժական վճիռները և մխիթարվում։
53 Բարկությունը տիրեց ինձ այն ամբարիշտների դեմ, որոնք թողնում են քո օրենքը։
54 Քո հրամանները երգ են ինձ համար իմ պանդխտության տան մեջ։
55 Տե՛ր, գիշերը հիշում եմ քո անունը և պահում եմ քո օրենքը։
56 Այս ինձ համար պատճառ եղավ, որ պահեմ քո հրամանները։
57 Իմ բաժինը դու ես, Տե՛ր. ես ասացի, որ պիտի պահեմ քո խոսքերը։
58 Ամբողջ սրտով աղաչում եմ քո առջև. ողորմի՛ր ինձ քո խոսքի համաձայն։
59 Ես մտածում եմ քո ճանապարհների մասին և իմ ոտքերը շրջում եմ դեպի քո վկայությունները։
60 Շտապում եմ և չեմ ուշանում, որ պահեմ քո պատվիրանները։
61 Ամբարիշտների պարանները պատեցին ինձ, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։
62 Կեսգիշերին վեր եմ կենում, որ գովաբանեմ քեզ քո արդար իրավունքի համար։
63 Ես ընկերն եմ բոլոր նրանց, ովքեր վախենում են քեզնից և պահում են քո պատվիրանները։
64 Տե՛ր, երկիրը լիքն է քո ողորմությամբ. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։
65 Բարություն արեցիր, Տե՛ր, քո ծառային՝ քո խոսքի համաձայն։
66 Բարի իմաստություն և գիտությո՛ւն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրաններին։
67 Քանի դեռ խոնարհված չէի, սխալվում էի, բայց հիմա պահում եմ քո խոսքը։
68 Բարի ես դու և բարերար. քո հրամանները սովորեցրո՛ւ ինձ։
69 Ամբարտավանները սուտ են հնարում իմ մասին, բայց ես ամբողջ սրտով պիտի պահեմ քո պատվիրանները։
70 Նրանց սիրտը պարարտ է, ինչպես ճարպը, բայց ես ուրախանում եմ քո օրենքով։
71 Ինձ համար լավ էր, որ խոնարհվեցի, որ սովորեմ քո հրամանները։
72 Քո բերանի օրենքն ինձ համար բարի է ավելի, քան հազարավոր ոսկի ու արծաթ։
73 Քո ձեռքերն արարեցին ինձ և հաստատեցին ինձ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ սովորեմ քո պատվիրանները։
74 Քեզնից վախեցողները պիտի տեսնեն ինձ և ուրախ լինեն, որովհետև հույսս քո խոսքերի վրա դրեցի։
75 Գիտեմ, Տե՛ր, որ արդարությամբ են քո դատաստանները, և իրավունքով ինձ խոնարհեցրիր։
76 Թող քո ողորմությունն ինձ համար մխիթարություն լինի քո ծառային տված խոսքիդ համաձայն։
77 Քո բարեգթությունը թող գա ինձ վրա, որ ապրեմ, որովհետև քո օրենքն է իմ ուրախությունը։
78 Ամբարտավանները թող ամոթահար լինեն, որովհետև իզուր անիրավություն գործեցին իմ դեմ, բայց ես պիտի մտածեմ քո պատվիրանների մասին։
79 Ինձ մոտ թող վերադառնան քեզնից վախեցողները և քո վկայությունները ճանաչողները։
80 Իմ սիրտը թող անմեղ լինի քո հրամանների մեջ, որպեսզի չամաչեմ։
81 Իմ անձը մաշվեց՝ սպասելով քո փրկությանը, բայց ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
82 Իմ աչքերը մաշվեցին քո խոսքը ցանկանալու համար. ես ասում եմ. «Ե՞րբ պիտի մխիթարես ինձ»։
83 Որովհետև ես ծխի մեջ կախված տիկի պես եղա, բայց քո հրամանները չմոռացա։
84 Որքա՞ն են քո ծառայի կյանքի օրերը. ե՞րբ պիտի դատաստան անես ինձ հալածողներին։
85 Ամբարտավանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրենքի համաձայն չեն։
86 Քո բոլոր պատվիրանները ճշմարիտ են, զուր տեղն են հալածում ինձ. օգնի՛ր ինձ։
87 Քիչ էր մնացել, որ ինձ կորցնեին երկրի մեջ, բայց ես չեմ թողնում քո պատվիրանները։
88 Քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ, և ես պիտի պահեմ քո բերանի վկայությունները։
89 Ո՜վ Տեր, քո խոսքը հավիտյան հաստատված է երկնքում։
90 Քո ճշմարտությունը մնում է սերնդից սերունդ. դու հաստատեցիր երկիրը, և նա կա։
91 Ըստ քո հրամանների մնում են այսօր էլ, որովհետև բոլորը քո ծառաներն են։
92 Եթե քո օրենքն իմ ուրախությունը չլիներ, ես վաղուց կորած կլինեի իմ խեղճության մեջ։
93 Հավիտյան չեմ մոռանա քո պատվիրանները, որովհետև նրանցով ապրեցրիր ինձ։
94 Ես քոնն եմ, փրկի՛ր ինձ, որովհետև փնտրում եմ քո պատվիրանները։
95 Ամբարիշտները սպասում են ինձ, որ ինձ կորցնեն, բայց ես մտաբերում եմ քո պատվիրանները։
96 Ամեն մի կատարյալ բանի վերջը տեսա, բայց քո պատվիրանը չափազանց ընդարձակ է։
97 Որքա՜ն եմ սիրում քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը։
98 Քո պատվիրաններն ինձ իմ թշնամիներից իմաստուն դարձրին, որովհետև դրանք իմն են հավիտյան։
99 Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը քո վկայություններն են։
100 Ծերերից ավելի խելացի եղա, որովհետև պահում եմ քո պատվիրանները։
101 Ամեն մի չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում, որ քո խոսքը պահեմ։
102 Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև դու սովորեցնում ես ինձ։
103 Որքա՜ն քաղցր է քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։
104 Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ։
105 Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար։
106 Ես երդվեցի և պիտի կատարեմ այն, որ պահեմ քո արդարության իրավունքը։
107 Ես շատ խոնարհվեցի. Տե՛ր, ապրեցրո՛ւ ինձ քո խոսքի համաձայն։
108 Ընդունի՛ր իմ բերանի կամավոր զոհերը, Տե՛ր, և ինձ սովորեցրո՛ւ քո իրավունքները։
109 Իմ անձն ամեն ժամանակ իմ ձեռքի մեջ է, բայց ես չեմ մոռանում քո օրենքը։
110 Ամբարիշտները որոգայթ դրեցին իմ դեմ, բայց ես չեմ մոլորվում քո պատվիրաններից։
111 Ես քո վկայությունները ժառանգեցի մինչև հավիտյան, որովհետև նրանք իմ սրտի ցնծությունն են։
112 Ես խոնարհեցրի իմ սիրտը, որ քո հրամանները կատարեմ հավիտյան՝ մինչև վախճանը։
113 Ես ատում եմ երկմիտներին. քո օրե՛նքը սիրեցի։
114 Իմ հովանին և պահապանը դու ես. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
115 Հեռո՛ւ կացեք ինձնից, ո՛վ չարամիտներ, որովհետև ես պիտի պահեմ իմ Աստծու պատվիրանները։
116 Ինձ պահպանի՛ր քո խոսքի համաձայն, որ ապրեմ, և ինձ մի՛ ամաչեցրու իմ հույսի համար։
117 Օգնի՛ր ինձ, և ես կապրեմ. ամեն ժամանակ պիտի մտածեմ քո հրամանների մասին։
118 Դու անարգում ես բոլոր նրանց, ովքեր հեռանում են քո հրամաններից, որովհետև նրանց նենգությունը սուտ է։
119 Դու կեղտ ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին, դրա համար էլ ես սիրում եմ քո վկայությունները։
120 Մարմինս դողում է քո ահից, և ես վախենում եմ քո դատաստաններից։
121 Ես իրավունք և արդարություն գործեցի. ինձ մի՛ մատնիր ինձ նեղողների ձեռքը։
122 Քո ծառային երաշխավորի՛ր իր բարիքի համար, որ ամբարտավանները չնեղացնեն ինձ։
123 Աչքերս մաշվեցին քո փրկությանը և քո արդարության խոսքին սպասելով։
124 Քո ծառայի հետ վարվի՛ր քո ողորմության համեմատ և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։
125 Ես քո ծառան եմ. իմաստո՛ւն դարձրու ինձ, որ ճանաչեմ քո վկայությունները։
126 Ժամանակն է, որ Տերն անի այս, որովհետև նրանք խափանեցին քո օրենքը։
127 Դրա համար էլ ոսկուց և ազնիվ ոսկուց ավելի ես քո պատվիրաններն եմ սիրում։
128 Դրա համար էլ լիովին ուղիղ եմ պահում բոլոր պատվիրանները և ատում եմ ստության ամեն ճանապարհ։
129 Քո վկայությունները զարմանալի են, դրա համար էլ իմ անձը պահում է դրանք։
130 Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն դարձնում պարզամիտներին։
131 Իմ բերանը բացում և շունչ եմ առնում, որովհետև ցանկանում եմ քո պատվիրանները։
132 Նայի՛ր ինձ և ողորմի՛ր ինձ այնպես, ինչպես դու սովոր ես անել քո անունը սիրողներին։
133 Իմ ընթացքը հաստատի՛ր քո խոսքի մեջ, և անօրենություն չի տիրի ինձ վրա։
134 Փրկի՛ր ինձ մարդկանց բռնությունից, և ես կպահեմ քո պատվիրանները։
135 Երեսդ լուսավորի՛ր քո ծառայի համար և ինձ սովորեցրո՛ւ քո հրամանները։
136 Ջրերի առուներ են ցած գալիս իմ աչքերից, որովհետև մարդիկ չեն պահում քո օրենքը։
137 Դու արդար ես, Տե՛ր, և ուղիղ են քո դատաստանները։
138 Քո վկայությունների արդարությունը պատվիրեցիր, և դրանք կատարյալ ճշմարիտ են։
139 Իմ նախանձը մաշեց ինձ, որովհետև թշնամիներս մոռանում են քո խոսքը։
140 Քո խոսքը չափազանց մաքուր է, և քո ծառան սիրում է այն։
141 Ես ցածր և անարգված եմ, բայց չեմ մոռանում քո պատվիրանները։
142 Քո արդարությունը հավիտենական արդարություն է, և քո օրենքը՝ ճշմարիտ։
143 Նեղությունը և ցավը գտան ինձ. քո պատվիրաններն իմ ուրախությունն են։
144 Քո վկայությունների արդարությունը հավիտյան է. իմաստո՛ւն դարձրու ինձ, և պիտի ապրեմ։
145 Ամբողջ սրտով կանչում եմ. լսի՛ր ինձ, Տե՛ր, և ես պիտի պահեմ քո հրամանները։
146 Քեզ եմ կանչում. փրկի՛ր ինձ, և ես պիտի պահեմ քո վկայությունները։
147 Կանուխ գալիս եմ արշալույսին և աղաղակում. ես հույսս քո խոսքի վրա դրեցի։
148 Գիշերը չվերջացած՝ բացվում են իմ աչքերը՝ քո խոսքերի մասին մտածելու համար։
149 Լսի՛ր իմ ձայնը քո ողորմության համեմատ, Տե՛ր, քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
150 Անօրենության հետևողները մոտեցան, նրանք հեռացան քո օրենքից։
151 Տե՛ր, դու մոտիկ ես, և քո բոլոր պատվիրանները ճշմարտություն են։
152 Վաղուց իմացա քո վկայություններից, որ դու դրանք հաստատեցիր հավիտյան։
153 Տե՛ս իմ խեղճությունը և փրկի՛ր ինձ, որովհետև չեմ մոռանում քո օրենքը։
154 Պաշտպանի՛ր իմ իրավունքը և փրկի՛ր ինձ, քո խոսքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
155 Փրկությունը հեռու է ամբարիշտներից, որովհետև չեն փնտրում քո հրամանները։
156 Տե՛ր, շատ է քո բարեգթությունը. քո իրավունքի համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
157 Շատ են ինձ հալածողներն ու նեղություն տվողները, բայց ես դուրս չեմ գալիս քո օրենքից։
158 Ես տեսնում եմ քո դեմ ապստամբածներին և զզվում եմ նրա համար, որ չեն պահում քո խոսքը։
159 Տե՛ս, որ սիրում եմ քո պատվիրանները, Տե՛ր, քո ողորմության համեմատ ապրեցրո՛ւ ինձ։
160 Քո խոսքի սկիզբը ճշմարտություն է, և հավիտյան են քո բոլոր արդար վճիռները։
161 Իշխաններն իզուր հալածում են ինձ, բայց իմ սիրտը վախենում է քո խոսքերից։
162 Ես ցնծում եմ քո խոսքով, ինչպես մեկը, որ շատ ավար է գտնում։
163 Ատում եմ ստությունը և համարում գարշելի. քո օրե՛նքն եմ սիրում։
164 Օրը յոթ անգամ օրհնում եմ քեզ քո արդար վճիռների համար։
165 Մեծ խաղաղություն կա քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։
166 Տե՛ր, ես սպասում եմ քո փրկությանը և կատարում եմ քո պատվիրանները։
167 Իմ անձը պահում է քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք։
168 Ես պահում եմ քո պատվիրաններն ու վկայությունները, որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առաջ են։
169 Տե՛ր, թող իմ աղաղակը մոտ գա քո առջև. քո խոսքի համեմատ իմաստո՛ւն դարձրու ինձ։
170 Թող իմ աղաչանքը հասնի քո առջև. քո խոսքի համեմատ փրկի՛ր ինձ։
171 Իմ շրթունքները օրհնություն են բխում, որ ինձ սովորեցնես քո հրամանները։
172 Իմ լեզուն թող խոսի քո խոսքի մասին, որովհետև քո բոլոր պատվիրաններն արդար են։
173 Ձեռքդ թող օգնական լինի ինձ, որովհետև ես ընտրում եմ քո պատվիրանները։
174 Տե՛ր, ես ցանկանում եմ քո փրկությունը, և քո օրենքն է իմ ուրախությունը։
175 Իմ անձը թող ապրի և օրհնի քեզ, և ինձ թող օգնեն քո իրավունքները։
176 Ես մոլորվեցի ինչպես կորած ոչխար. եկ փնտրի՛ր քո ծառային, որովհետև ես չմոռացա քո պատվիրանները։