Psalms 109
1 Ո՛վ իմ փառքի Աստված, լուռ մի՛ մնա,
2 Որովհետև ամբարիշտի բերանը և նենգավորի բերանը բացվեցին ինձ վրա. սուտ լեզվով խոսում են իմ դեմ։
3 Ատելության լեզվով պաշարում են ինձ և իզուր տեղը կռվում են իմ դեմ։
4 Իմ սիրո փոխարեն հակառակվում են ինձ, բայց ես աղոթում եմ։
5 Բարու փոխարեն չար են հատուցում ինձ, իսկ իմ սիրո փոխարեն՝ ատելություն։
6 Մի ամբարիշտի՛ դիր նրա դեմ, և թող սատանան կանգնի նրա աջ կողմում։
7 Երբ նա դատվի, թող դատապարտված դուրս գա, և նրա աղոթքը թող մեղքի փոխվի։
8 Թող պակասեն նրա օրերը, և նրա պաշտոնը ուրիշը թող առնի։
9 Նրա որդիները թող որբ լինեն, իսկ նրա կինը՝ որբևայրի.
10 Նրա որդիներն աստանդական թափառեն և մուրան, հաց ուզեն իրենց ավերակներից։
11 Փոխ տվողը թող առնի նրա ամբողջ ունեցվածքը, և օտարները հափշտակեն նրա վաստակը։
12 Թող չլինի մեկը, որ գթություն ցույց տա նրան, և ոչ ոք թող չողորմի նրա որբերին։
13 Թող ոչնչանան նրա զավակները, նրանց անունը թող ջնջվի երկրորդ սերնդից։
14 Թող նրա հայրերի անօրենությունը հիշվի Տիրոջ առջև, և թող չջնջվեն նրա մոր մեղքերը։
15 Թող միշտ լինի Տիրոջ առջև, և նա երկրից ջնջի նրա հիշատակը.
16 Որովհետև նա չհիշեց ողորմություն անելը, այլ հալածեց խեղճ, աղքատ ու սիրտը մաշված մարդուն, որ սպանի։
17 Անեծք սիրեց, և թող այն հասնի իրեն. օրհնություն չկամեցավ, ուստի թող այն հեռու լինի նրանից։
18 Անեծքը հագավ հանդերձանքի պես. այն ջրի պես թող մտնի նրա փորը և ձեթի նման՝ նրա ոսկորների մեջ։
19 Թող նրա համար այնպես լինի, ինչպես իր հագնելու հանդերձանքը և ինչպես իր միշտ կապելու գոտին։
20 Տիրոջ կողմից սա թող վարձ լինի իմ հակառակորդներին և իմ անձի մասին չար խոսողներին։
21 Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, ինձ համար արա՛ քո անվան համեմատ, որովհետև քո ողորմությունը բարի է. փրկի՛ր ինձ,
22 Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ, և սիրտս խոցված է իմ մեջ։
23 Ես անց եմ կենում ինչպես երկարած ստվեր և ցած եմ թափվում մորեխի պես։
24 Իմ ծնկները տկարացան ծոմից, և մարմինս մաշվեց իր պարարտությունից։
25 Ես նախատինք դարձա նրանց առջև. երբ տեսնում են ինձ, շարժում են իրենց գլուխները։
26 Օգնի՛ր ինձ, Տե՛ր իմ Աստված, փրկի՛ր ինձ քո ողորմության համեմատ,
27 Որ իմանան, թե քո ձեռքն է այս, որ դու, ո՜վ Տեր, արեցիր այս։
28 Նրանք անիծում են, բայց դու օրհնի՛ր. նրանք ելնում են իմ դեմ, թող ամաչեն, բայց քո ծառան ուրախ պիտի լինի։
29 Թող ամոթ հագնեն իմ հակառակորդները և իրենց ամոթը վերարկուի պես կրեն իրենց վրա։
30 Ես շատ պիտի գոհանամ Տիրոջից իմ բերանով և շատերի մեջ պիտի օրհնեմ նրան։
31 Որովհետև նա կանգնում է աղքատի աջ կողմը, որպեսզի նրան փրկի նրանցից, ովքեր դատապարտում են նրա անձը։