Psalms 1022018

1Ո՜վ Տեր, լսի՛ր իմ աղոթքը, և իմ աղաղակը թող հասնի քեզ։

2Երեսդ ինձնից մի՛ թաքցրու իմ նեղության օրը. խոնարհի՛ր ականջդ դեպի ինձ. այն օրը, երբ կանչեմ, շուտով պատասխա՛ն տուր ինձ։

3Որովհետև իմ օրերը ծխի պես վերջացան, և իմ ոսկորներն այրվեցին չոր խռիվի պես։

4Սիրտս կոտրվեց և ցամաքեց խոտի նման, այնպես որ հաց ուտելս էլ մոռացա։

5Հառաչանքիս ձայնից ոսկորս կպավ մարմնիս։

6Ես նմանվեցի անապատի հավալուսնի, ավերակների բուի պես եղա։

7Անքուն մնացի և կտուրի վրա մեն-մենակ ծտի նման եղա։

8Ամեն օր իմ թշնամիները նախատում են ինձ, և ինձ վրա կատաղածները երդվում են իմ դեմ։

9Որովհետև հացի պես մոխիր եմ ուտում և խմելիքս խառնում եմ արտասուքիս հետ

10Քո բարկության և ցասումի պատճառով, որովհետև դու բարձրացրիր ինձ վեր և դեն գցեցիր։

11Իմ օրերը երկարած ստվերի պես են, և ես չորացա խոտի պես։

12Բայց դու, Տե՛ր, հավիտյան կաս, և քո հիշատակը՝ սերնդից մինչև սերունդ։

13Դու պիտի վեր կենաս, պիտի ողորմես Սիոնին, որովհետև ժամանակն է նրան ողորմելու, որովհետև հասել է որոշված ժամանակը։

14Որովհետև քո ծառաները հավանեցին նրա քարերը և գթացին նրա փոշուն։

15Եվ հեթանոսները պիտի վախենան Տիրոջ անունից, և երկրի բոլոր թագավորները՝ քո փառքից։

16Քանզի Տերը պիտի շինի Սիոնը և իր փառքով պիտի երևա։

17Նա ուշադրություն է դարձնում խեղճերի աղոթքին և չի անարգում նրանց աղոթքը։

18Սա պիտի գրվի եկող սերնդի համար, և ստեղծվելիք ժողովուրդը պիտի գոհություն մատուցի Տիրոջը։

19Որովհետև նա իր սրբարանի բարձունքից նայում է. Տերը երկնքից նայում է երկրին,

20Որպեսզի լսի կապվածի հառաչանքը և ազատ արձակի մահվան որդիներին,

21Որպեսզի Սիոնի մեջ պատմեն Տիրոջ անունը և նրա գովասանքը՝ Երուսաղեմում,

22Երբ մեկտեղ ժողովվեն ժողովուրդները և թագավորությունները՝ Տիրոջը ծառայելու համար։

23Նա ճանապարհիս մեջ թուլացրեց իմ զորությունը և կարճացրեց իմ կյանքի օրերը։

24Ես ասացի. «Ո՜վ Աստված իմ, ինձ մի՛ վերցրու իմ կյանքի օրերի կեսին. քո տարիները սերնդից մինչև սերունդ են։

25Սկզբից երկրի հիմքերը հաստատեցիր, և քո ձեռքի գործն է երկինքը։

26Նրանք պիտի կորչեն, բայց դու պիտի մնաս, նրանք բոլորը շորի պես պիտի մաշվեն, հագուստի պես պիտի փոխես նրանց, և նրանք պիտի փոխվեն։

27Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն վերջանալու։

28Քո ծառաների որդիները պիտի ապրեն, և նրանց սերունդը պիտի հաստատ մնա քո առջև»։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Psalms 102.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.