Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Psalms 10

:
Armenian - 2018
1 Ո՜վ Տեր, ինչո՞ւ ես հեռու մնում և քեզ թաքցնում նեղության ժամանակներում։
2 Ամբարիշտի ամբարտավանությունից այրվում է աղքատը. թող բռնվեն այն չար խորհուրդներով, որ իրենք հնարեցին։
3 Որովհետև ամբարիշտը պարծենում է իր սրտի ցանկությամբ, ագահն անիծում և անարգում է Տիրոջը։
4 Ամբարիշտն իր երեսի ամբարտավանությամբ երբեք չի փնտրում Աստծուն. Աստված չկա նրա բոլոր խորհուրդներում։
5 Նրա ճանապարհները ծանր են ամեն ժամանակ. քո կանոնները վեր են նրա տեսողությունից. նա փքվում է իր բոլոր թշնամիների վրա։
6 Նա ասում է իր սրտում. «Ես չեմ սասանվի սերնդից սերունդ, չար բան չի գա ինձ վրա »։
7 Նրա բերանը լիքն է անեծքով, նենգությամբ և սպառնալիքով, նրա լեզվի տակ նեղություն կա և անօրենություն։
8 Նա գյուղերի դարանն է մտնում, ծածուկ տեղում սպանում է անմեղին, նրա աչքերը ծածուկ նայում են խեղճին։
9 Թաքուն տեղում դարանամուտ է լինում, ինչպես առյուծն իր որջում. դարան է մտնում, որ աղքատին հափշտակի, և հափշտակում է աղքատին՝ իր որոգայթի մեջ գցելով նրան։
10 Կուչ է գալիս, պառկում, և խեղճերն ընկնում են նրա ճանկերի տակ։
11 Նա ասում է իր սրտում. «Աստված մոռացավ, թաքցրեց իր երեսը, նա բնավ չի տեսնի»։
12 Վե՛ր կաց, Տե՛ր, ո՜վ Աստված, բարձրացրո՛ւ քո ձեռքը, մի՛ մոռացիր նեղյալներին։
13 Ինչո՞ւ ամբարիշտն անարգի Աստծուն և իր սրտում ասի. «Դու չես քննի»։
14 Դու տեսնում ես, որովհետև դու նայում ես այն ցավին ու նեղությանը, որոնց համար պիտի հատուցես քո ձեռքով. աղքատն իրեն հանձնում է քեզ. դու ես որբի օգնականը։
15 Կոտրի՛ր ամբարիշտի և չարի բազուկը, որ նրա չարությունը փնտրես և էլ չգտնես։
16 Տերն է թագավորը հավիտյանս հավիտենից, հեթանոսները կորել են նրա երկրից։
17 Դու լսում ես աղքատների ցանկությունը, Տե՛ր. հաստատի՛ր նրանց սիրտը և ակա՛նջ դիր,
18 Որ դատաստան անես որբի և խեղճի համար, որ մարդը, որ հողից է, այլևս չհալածի նրանց։