Proverbs 72018

1Որդյա՛կ իմ, պահի՛ր իմ խոսքերը և իմ պատվիրանները պահպանի՛ր քեզ մոտ։

2Պահի՛ր իմ պատվիրանները, որպեսզի ապրես, և իմ ուսուցումը պահպանի՛ր քո աչքի բիբի պես։

3Քո մատներին կապի՛ր դրանք, դրանք գրի՛ր քո սրտի տախտակի վրա։

4Իմաստությանն ասա՛. «Իմ քույրն ես», և ըմբռնողությանը «Բարեկա՛մ» կոչիր,

5Որպեսզի քեզ պահի շնացող կնոջից, այն ցոփ կնոջից, որի խոսքերը շողոքորթում են։

6Որովհետև իմ տան պատուհանից՝ իմ ճաղավանդակի միջով նայեցի

7Եվ պակասամիտների մեջ տեսա և երիտասարդների մեջ նկատեցի մի պակասամիտ պատանու,

8Որը փողոցով անցնում էր այն կնոջ տան անկյան մոտով և նրա տան ճանապարհը բռնեց.

9Մթնշաղին, երբ օրը տարաժամեց, երբ գիշերվա խավարը պատեց։

10Եվ ահա մի կին դիմավորեց նրան պոռնիկի հագուստով և խորամանկ սրտով։

11Նա աղմկարար էր և կամակոր. նրա ոտքերն իր տանը չէին մնում։

12Երբեմն դրսում, երբեմն հրապարակներում և ամեն անկյունում դարանամուտ էր լինում։

13Սա բռնեց նրան և համբուրեց, անամոթ դեմքով ասաց նրան.

14«Ես խաղաղության զոհեր պիտի անեի. այսօր կատարեցի իմ ուխտերը։

15Դրա համար դուրս եկա քեզ դիմավորելու՝ քեզ փնտրելու, և գտա քեզ։

16Մահիճս պատել եմ ծածկոցներով, Եգիպտոսի երփներանգ հյուսվածքով։

17Անկողնուս մեջ զմուռս, հալվե և կինամոն եմ ցողել։

18Եվ տարփանքով հագենանք մինչև առավոտ, տռփանքով զվարճանանք,

19Որովհետև ամուսինս տանը չէ, հեռու ճանապարհ է գնացել։

20Փողի քսակն իր հետ է վերցրել և լուսնի լրման օրն է տուն գալու»։

21Իր բազում համոզիչ խոսքերով հրապուրեց նրան, իր շրթունքների շողոքորթությամբ խոտորեցրեց նրան։

22Նա էլ իսկույն գնաց նրա հետևից, ինչպես որ արջառն է սպանդանոց գնում, և ինչպես շղթայակապ խենթը ՝ պատժվելու ։

23Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։

24Եվ հիմա, որդյակնե՛ր, լսեցե՛ք ինձ և ուշադրությո՛ւն դարձրեք իմ բերանի խոսքերին։

25Թող սիրտդ չխոտորվի դեպի նրա ճանապարհները. մի՛ մոլորվիր նրա շավիղներում։

26Որովհետև նա շատերին է տապալել, և նրա սպանածները բազմաթիվ էին։

27Նրա տունը դժոխքի ճանապարհն է, որ մահվան սենյակներ է իջնում։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Proverbs 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.