Proverbs 11
1 Խարդախ կշեռքը զզվելի է Տիրոջ համար, իսկ ուղիղ կշռաքարը նրան հաճելի է։
2 Երբ ամբարտավանությունը գա, անարգանքը ևս կգա, բայց իմաստությունը խոնարհների հետ է։
3 Ուղղամիտների պարկեշտությունը կառաջնորդի նրանց, իսկ անհավատարիմների նենգությունը կոչնչացնի նրանց։
4 Ցասման օրը հարստությունից օգուտ չկա, բայց արդարությունը կազատի մահից։
5 Պարկեշտների արդարությունը կուղղի նրանց ճանապարհը, բայց անիրավը կընկնի իր անիրավությամբ։
6 Ուղղամիտների արդարությունը նրանց կազատի, բայց անհավատարիմները ցանկության մեջ կբռնվեն։
7 Երբ անիրավը մեռնի, նրա հույսը կվերանա, և անօրենների ակնկալությունը կկորչի։
8 Արդարը կազատվի տագնապից, և անիրավը նրա տեղը կգնա։
9 Անհավատն իր բերանով կկորցնի իր հարևանին, բայց արդարները գիտությամբ կազատվեն։
10 Արդարների հաջողակությամբ քաղաքը կհրճվի, իսկ անիրավների կորստի ժամանակ ցնծության ձայն կլինի։
11 Ուղղամիտների օրհնությամբ քաղաքը կբարձրանա, բայց անիրավների բերանով կկործանվի։
12 Իր հարևանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը լռում է։
13 Բանսարկության գնացողը գաղտնիքը կհայտնի, իսկ հավատարիմ հոգի ունեցողը բանը կծածկի։
14 Ժողովուրդն առանց առաջնորդության կընկնի, բայց խորհրդատուների բազմությամբ փրկություն կլինի։
15 Անշուշտ չարիքի կհանդիպի նա, ով օտարին երաշխավոր կդառնա, բայց երաշխավորությունն ատողը ապահով է։
16 Շնորհալի կինը պատիվն ամուր կպահի, և բռնավորները հարստություն կհափշտակեն։
17 Ողորմած մարդն իր անձին լավություն կանի, բայց դաժան մարդը իրեն է վնասում։
18 Անիրավ մարդը ոչինչ չի վաստակում, իսկ արդարություն սերմանողը ճշմարիտ վարձ կունենա։
19 Իսկապես արդար մարդը կյանքի կտիրանա, իսկ չարության հետևողը դեպի իր մահն է գնում։
20 Տիրոջ առաջ զզվելի են ծուռ սիրտ ունեցողները, բայց նրան հաճելի են պարկեշտ ճանապարհի տերերը։
21 Անշուշտ չարն անպատիժ չի մնա, իսկ արդարների սերունդը կազատվի։
22 Ինչպես որ ոսկե օղակն է խոզի քթին, այնպես էլ գեղեցիկ կինը, որ դատողություն չունի։
23 Արդարների ցանկացածը միայն բարություն է, բայց անիրավների ակնկալիքը բարկություն է։
24 Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, և կա, որ շատ է խնայում ու աղքատության է հասնում։
25 Առատաձեռն մարդը կբարգավաճի, և ոռոգողն ինքն էլ կոռոգվի։
26 Ժողովուրդն անիծում է ցորենը պահողին, բայց օրհնություն է տալիս այն ծախողին։
27 Բարություն փնտրողը բարեհաճություն է որոնում, իսկ չարություն ցանկացողը կհանդիպի նրան։
28 Իր հարստության վրա հույս դնողը կտապալվի, բայց արդարները սաղարթի պես կծաղկեն։
29 Իր տանը նեղություն պատճառողը քամին կժառանգի, և հիմարը կծառայի իմաստուն սիրտ ունեցողին։
30 Արդարի պտուղը կյանքի ծառ է, և հոգիներ վաստակողն իմաստուն է։
31 Եթե արդարը երկրիս վրա ահա իր հատուցումն է ստանում, ո՜ւր մնացին անիրավն ու մեղավորը։