Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Numbers 8

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները դնես, յոթ ճրագները լույս կտան աշտանակի առջևի կողմից”»։
3 Ահարոնն այդպես էլ արեց. նա ճրագները դրեց աշտանակի առջևի կողմից, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
4 Այսպիսին էր աշտանակի շինվածքը. այն կռածո ոսկի էր, դրա բնից մինչև ծաղիկները ճախարակաձև էին՝ այն օրինակի նման, որ Տերը ցույց էր տվել Մովսեսին։ Նա այդպես էլ շինեց աշտանակը։
5 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
6 «Իսրայելի որդիների միջից վերցրո՛ւ ղևտացիներին և մաքրի՛ր նրանց։
7 Նրանց մաքրելու համար այսպես կանես. մեղսաքավիչ ջուր կցանես նրանց վրա, ածելիով կածիլես նրանց ամբողջ մարմինը, և նրանք իրենց հագուստները կլվանան ու կմաքրվեն։
8 Հետո նրանք մի զվարակ կվերցնեն և յուղով հունցված ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա, և մեղքի զոհի համար դու մի ուրիշ զվարակ կվերցնես։
9 Ղևտացիներին կմոտեցնես ժողովի վրանի առաջ, կհավաքես Իսրայելի բոլոր որդիների համայնքը։
10 Երբ ղևտացիներին կբերես Տիրոջ առջև, Իսրայելի որդիներն իրենց ձեռքերը կդնեն ղևտացիների վրա։
11 Ահարոնը ղևտացիներին որպես երերացնելու զոհ կներկայացնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից, որպեսզի նրանք կատարեն Տիրոջ ծառայությունը։
12 Ղևտացիներն իրենց ձեռքերը կդնեն այդ զվարակների գլխին. մեկը կմատուցես Տիրոջը որպես մեղքի զոհ, իսկ մյուսը ողջակեզ կանես ղևտացիների քավության համար։
13 Ղևտացիներին կկանգնեցնես Ահարոնի ու նրա որդիների առջև և նրանց երերացնելու զոհ կմատուցես Տիրոջը։
14 Այսպես ղևտացիներին կառանձնացնես Իսրայելի որդիների միջից, և ղևտացիները իմը կլինեն։
15 Դրանից հետո, երբ նրանց կմաքրես և նրանց որպես երերացնելու զոհ կմատուցես, ղևտացիները կմտնեն ժողովի վրանի գործն անելու։
16 Որովհետև նրանք ամբողջապես ինձ են տրված Իսրայելի որդիների միջից։ Իսրայելի որդիների մեջ մոր արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն նրանց եմ վերցրել ինձ համար։
17 Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդու թե անասունի, ինձ են պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր անդրանիկներին, նրանց առանձնացրի ինձ համար։
18 Եվ ղևտացիներին վերցրի Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն։
19 Իսրայելի որդիների միջից ղևտացիներին ամբողջապես տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի ժողովի վրանում կատարեն Իսրայելի որդիների սպասավորության գործը և քավություն անեն Իսրայելի որդիների համար, որպեսզի Իսրայելի որդիների վրա հարված չգա, երբ Իսրայելի որդիները մոտենան սրբարանին»։
20 Մովսեսն ու Ահարոնը և Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը ղևտացիների հանդեպ արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին։ Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին նրանց։
21 Ղևտացիները մաքրվեցին և լվացին իրենց հագուստները։ Ահարոնը նրանց որպես երերացնելու զոհ ներկայացրեց Տիրոջ առաջ։ Ահարոնը նրանց համար քավություն արեց, որպեսզի մաքրի նրանց։
22 Դրանից հետո ղևտացիները մտան ժողովի վրան, որպեսզի իրենց պաշտոնը կատարեն Ահարոնի ու նրա որդիների առջև։ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին ղևտացիների մասին, նրանք այդպես էլ արեցին նրանց։
23 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
24 «Այս լինի ղևտացիներին վերաբերող կանոնը. քսանհինգ տարեկան և բարձր եղողները կմտնեն ժողովի վրանում սպասավորություն կատարողների խմբի մեջ։
25 Հիսուն տարեկան դառնալուց հետո ետ կքաշվեն սպասավորություն կատարողների խմբից և այլևս չեն ծառայի։
26 Սակայն թող օգնեն իրենց եղբայրներին ժողովի վրանում պաշտոն կատարելու, բայց իրենք ծառայություն չանեն։ Այսպե՛ս արա ղևտացիներին իրենց սպասավորության համար»։