Numbers 26
1 Այդ կոտորածից հետո Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի որդի Եղիազար քահանայի հետ՝ ասելով.
2 «Հաշվառե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդին՝ քսան տարեկանից բարձր եղող մարդկանց՝ ըստ իրենց հայրերի տների, բոլոր պատերազմի ելնողներին»։
3 Մովսեսն ու Եղիազար քահանան խոսեցին նրանց հետ Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ՝ ասելով.
4 «Հաշվառե՛ք քսան տարեկանից բարձր եղողներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին և Իսրայելի որդիներին, որոնք դուրս ելան Եգիպտոսի երկրից»։
5 Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկը, և Ռուբենի որդիները. Ենոքից՝ Ենոքյանների տոհմը,
6 Փաղղուսից՝ Փաղղուսյանների տոհմը, Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը, Քարմիից՝ Քարմիյանների տոհմը։
7 Ռուբենյան տոհմերը սրանք են, և սրանցից հաշվառվածները քառասուներեք հազար յոթ հարյուր երեսուն հոգի են։
8 Փաղղուսի որդին էր Եղիաբը։
9 Եղիաբի որդիներն էին Նամուելը, Դաթանը և Աբիրոնը։ Այս Դաթանն ու Աբիրոնը ժողովրդի մեջ երևելի մարդիկ էին. սրանք դեմ էին Մովսեսին և Ահարոնին և միացան Կորխի խմբին, որ Տիրոջ դեմ էր ըմբոստացել։
10 Երկիրը բացելով իր երախը՝ կուլ տվեց նրանց և Կորխին, և մեռան նրանք, երբ կրակը լափեց երկու հարյուր հիսուն հոգի։ Սրանք օրինակ եղան ժողովրդին։
11 Սակայն Կորխի որդիները չմեռան։
12 Շմավոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Նամուելից՝ Նամուելյանների տոհմը, Համինից՝ Համինյանների տոհմը, Հաքինից՝ Հաքինյանների տոհմը,
13 Զարայից՝ Զարայանների տոհմը, Սավուղից՝ Սավուղյանների տոհմը։
14 Սրանք են Շմավոնյան տոհմերը՝ քսաներկու հազար երկու հարյուր հոգի։
15 Գադի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սափոնից՝ Սափոնյանների տոհմը, Անգիից՝ Անգյանների տոհմը, Սունիից՝ Սունյանների տոհմը,
16 Ազենիից՝ Ազենյանների տոհմը, Էրիից՝ Էրյանների տոհմը,
17 Արոդիից՝ Արոդյանների տոհմը, Արելիից՝ Արելյանների տոհմը։
18 Սրանք են Գադի որդիների տոհմերը։ Սրանցից հաշվառվածները քառասուն հազար հինգ հարյուր հոգի էին։
19 Հուդայի որդիներն էին Էրը և Օնանը, բայց Էրն ու Օնանը մեռան Քանանի երկրում։
20 Սրանք են Հուդայի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սելոմից սերեց Սելոմյանների տոհմը, Փարեսից՝ Փարեսյանների տոհմը, Զարայից՝ Զարայանների տոհմը։
21 Սրանք էին Փարեսի որդիները. Եսրոնից՝ Եսրոնյանների տոհմը, Համուլից՝ Համուլյանների տոհմը։
22 Սրանք են Հուդայի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները յոթանասունվեց հազար հինգ հարյուր հոգի էին։
23 Իսաքարի որդիներն ըստ իրենց տոհմերի. Թովղայից՝ Թովղայանների տոհմը, Փուայից՝ Փուայանների տոհմը,
24 Հասուբից՝ Հասուբյանների տոհմը, Սամրոնից՝ Սամրոնյանների տոհմը։
25 Սրանք են Իսաքարի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները վաթսունչորս հազար երեք հարյուր հոգի էին։
26 Զաբուղոնի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սարեդից՝ Սարեդյանների տոհմը, Ելոնից՝ Ելոնյանների տոհմը, Հաղելից՝ Հաղելյանների տոհմը։
27 Սրանք են Զաբուղոնի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները վաթսուն հազար հինգ հարյուր հոգի էին։
28 Հովսեփի որդիներն ըստ իրենց տոհմերի Մանասեն և Եփրեմն էին։
29 Մանասեի որդիներն են Մաքիրը և Մաքիրյանների տոհմը։ Մաքիրը ծնեց Գաղաադին. Գաղաադից՝ Գաղաադյանների տոհմը։
30 Գաղաադի որդիները սրանք են. Իեզերից՝ Իեզերյանների տոհմը,
31 Քեղեգից՝ Քեղեգյանների տոհմը, Ասրիելից՝ Ասրիելյանների տոհմը, Սյուքեմից՝ Սյուքեմյանների տոհմը,
32 Սեմիդայից՝ Սեմիդայանների տոհմը, Ոփերից՝ Ոփերյանների տոհմը։
33 Ոփերի որդի Սալպաադը որդի չունեցավ, այլ աղջիկներ։ Սալպաադի աղջիկների անուններն են՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։
34 Սրանք են Մանասեի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները հիսուներկու հազար յոթ հարյուր հոգի էին։
35 Սրանք են Եփրեմի որդիներն ըստ իրենց տոհմերի. Սուտաղայից՝ Սուտաղայանների տոհմը, Բոքորից՝ Բոքորյանների տոհմը, Թաանից՝ Թաանյանների տոհմը։
36 Սուտաղայի որդիները սրանք են. Էրանից սերվեց Էրանյանների տոհմը։
37 Սրանք են Եփրեմի տոհմերը։ Սրանցից հաշվառվածները երեսուներկու հազար հինգ հարյուր հոգի էին։ Սրանք են Հովսեփի որդիներն իրենց տոհմերով։
38 Բենիամինի որդիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Բաղայից՝ Բաղայանների տոհմը, Ասբելից՝ Ասբելյանների տոհմը, Աքիրամից՝ Աքիրամյանների տոհմը,
39 Սուփամից՝ Սուփամյանների տոհմը, Ոփիմից՝ Ոփիմյանների տոհմը։
40 Բաղայի որդիներն էին Արդը և Նեեմանը։ Արդից՝ Արդյանների տոհմը, Նեեմանից՝ Նեեմյանների տոհմը։
41 Սրանք են Բենիամինի որդիներն իրենց տոհմերով։ Սրանցից հաշվառվածները քառասունհինգ հազար վեց հարյուր հոգի էին։
42 Դանի որդիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Սուհամից՝ Սուհամյանների տոհմը։ Սրանք Դանի տոհմերն են ըստ իրենց սերունդների։
43 Սուհամյանների բոլոր տոհմերից հաշվառվածները վաթսունչորս հազար չորս հարյուր հոգի էին։
44 Ասերի որդիներն ըստ իրենց տոհմերի. Հեմնայից՝ Հեմնայանների տոհմը, Հեսուից՝ Հեսույանների տոհմը, Բարիայից՝ Բարիայանների տոհմը։
45 Բարիայի որդիներից՝ Քաբերից՝ Քաբերյանների տոհմը, Մեղքիելից՝ Մեղքիելյանների տոհմը։
46 Ասերի աղջկա անունը Սարա էր։
47 Սրանք են Ասերի որդիների տոհմերը։ Սրանցից հաշվառվածները հիսուներեք հազար չորս հարյուր հոգի էին։
48 Նեփթաղիմի որդիներն ըստ իրենց տոհմերի. Հասիելից՝ Հասիելյանների տոհմը, Գունիից՝ Գունյանների տոհմը,
49 Հասերից՝ Հասերյանների տոհմը, Սիլլեմից՝ Սիլլեմյանների տոհմը։
50 Սրանք են Նեփթաղիմի տոհմերն ըստ իրենց սերունդների։ Սրանցից հաշվառվածները քառասունհինգ հազար չորս հարյուր հոգի էին։
51 Այս է Իսրայելի որդիների ընդհանուր թիվը՝ վեց հարյուր մեկ հազար յոթ հարյուր երեսուն հոգի։
52 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
53 «Սրանց միջև պիտի բաժանվի երկիրը որպես ժառանգություն՝ ըստ իրենց անունների թվի։
54 Թվով շատ եղողներին շատ ժառանգություն կտաս, իսկ թվով քիչ եղողներին՝ քիչ ժառանգություն։ Յուրաքանչյուրին իր թվի համեմատ ժառանգություն պետք է տրվի։
55 Բայց երկիրը պետք է բաժանվի վիճակ գցելով. ըստ իրենց նահապետների ցեղերի անունների պետք է ժառանգություն ստանան։
56 Ժառանգությունը շատի ու քչի միջև վիճակ գցելով պետք է բաժանվի»։
57 Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։
58 Սրանք են ղևտացիների տոհմերը. Ղոբենյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը, Մոողյանների տոհմը, Մուսյանների տոհմը և Կորխյանների տոհմը։
59 Կահաթը ծնեց Ամրամին։ Ամրամի կնոջ անունն էր Հոքաբեթ, որը Ղևիի դուստրն էր և որը Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։
60 Ահարոնի համար ծնվեցին Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։
61 Բայց Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ օտար կրակ մատուցելիս։
62 Սրանք՝ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուները, ըստ հաշվառման քսաներեք հազար հոգի էին։ Սրանք Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին, որովհետև նրանց Իսրայելի որդիների մեջ ժառանգություն չտրվեց։
63 Այս է Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ, Մովսեսի և Եղիազար քահանայի կողմից կատարված Իսրայելի որդիների մարդահամարը։
64 Սրանց մեջ չկար իսրայելացիներից ոչ մի մարդ այն հաշվառվածներից, որոնց Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառեցին Սինայի անապատում.
65 որովհետև Տերն ասել էր նրանց. «Անպատճառ պիտի մեռնեն անապատում»։ Նրանցից ոչ մեկը չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։