Numbers 15
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց.
2 “Երբ մտնեք ձեր բնակության երկիրը, որը ես կտամ ձեզ,
3 և կրակով այրված զոհաբերություն մատուցեք Տիրոջը կամ մի զոհ, մի ուխտ կատարելու կամ կամավոր ընծայի համար և կամ ձեր տոների ժամանակ, որպեսզի զոհաբերվող իր արջառներից ու ոչխարներից անուշահոտություն ընծայեք Տիրոջը,
4 այն ժամանակ զոհաբերողը Տիրոջը կմատուցի իր զոհը՝ քառորդ հիմեն յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։
5 Ողջակեզի կամ զոհի հետ որպես թափելու ընծա կնվիրաբերես նաև քառորդ հիմեն գինի յուրաքանչյուր գառի համար։
6 Կամ մեկ խոյի համար որպես հացի ընծա կմատուցես մեկ երրորդ հիմեն յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր։
7 Որպես թափելու ընծա՝ մեկ երրորդ հիմեն գինի կմատուցես իբրև անուշահոտություն Տիրոջ համար։
8 Եթե զվարակ մատուցես Տիրոջն իբրև ողջակեզ կամ զոհ ուխտ կատարելու համար և կամ խաղաղության զոհի համար,
9 ապա զվարակի հետ կես հիմեն յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուրից հացի ընծա կմատուցես։
10 Թափելու ընծայի համար կմատուցես կես հիմեն գինի. դա կրակով այրված անուշահոտ զոհ է Տիրոջ համար։
11 Յուրաքանչյուր զվարակի կամ խոյի, կամ ոչխարի կամ այծի համար այդպես թող լինի։
12 Ձեր զոհերի թվի համեմատ այդպես կանեք յուրաքանչյուրի համար՝ դրանց թվի համեմատ։
13 Ամեն երկրաբնակ այդպես պետք է անի՝ Տիրոջը կրակով այրված անուշահոտ զոհ մատուցելու համար։
14 Եթե ձեզ մոտ պանդխտացած օտարականը կամ ձեր սերնդի մեջ ձեզ հետ բնակվողը կրակով այրված անուշահոտ զոհ անի Տիրոջը, նա էլ նույն ձևով պետք է անի, ինչպես դուք եք անում։
15 Ձեր ժողովրդի և պանդխտացած օտարականի համար մեկ կանոն լինի, հավիտենական կանոն ձեր ազգերի մեջ. ինչպես դուք, այնպես էլ օտարականը լինի Տիրոջ առաջ։
16 Ձեզ համար և ձեզ մոտ պանդխտացած օտարականի համար մեկ օրենք և մեկ իրավունք պետք է լինի”»։
17 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
18 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, ուր պիտի տանեմ ձեզ,
19 և երբ ուտեք այդ երկրի հացից, բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը.
20 ձեր առաջին խմորից մի շոթ բարձրացնելու ընծա՛ մատուցեք. այն մատուցե՛ք ինչպես կալից բարձրացվող ընծա։
21 Ձեր առաջին խմորից բարձրացնելու ընծա՛ մատուցեք Տիրոջը սերնդից սերունդ։
22 Իսկ եթե սխալմամբ չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Տերն ասաց Մովսեսին,
23 այն ամենը, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրեց ձեզ այն օրվանից, երբ Տերն այս պատվիրանները տվեց ձեզ և այնուհետև՝ ձեր սերունդներին,
24 և եթե ժողովուրդը չիմանալով սխալմամբ հանցանք գործի, ապա ժողովուրդը, որպես անուշահոտ ողջակեզ, մի զվարակ թող մատուցի և նրա հացի ընծան ու թափելու ընծան, ինչպես որ օրենքն է, և այծերից մի նոխազ՝ որպես մեղքի զոհ։
25 Քահանան քավություն կանի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդի համար, և թողություն կլինի նրանց, որովհետև սխալմունք էր։ Եվ նրանք իրենց ընծան Տիրոջը որպես զոհ մատուցեն և իրենց մեղքի զոհը՝ Տիրոջ առաջ իրենց սխալմունքի համար։
26 Եվ թողություն կլինի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին ու նրանց մեջ պանդխտացած օտարականներին, որովհետև ամբողջ ժողովուրդը սխալվել էր։
27 Եթե մի մարդ սխալմամբ մեղք գործի, ապա թող մի տարեկան էգ այծ մատուցի մեղքի զոհի համար։
28 Քահանան քավություն կանի սխալմամբ մեղք գործած անձի համար. Տիրոջ առաջ սխալմամբ մեղք գործելիս քավություն կանի նրա համար, և թողություն կլինի նրան։
29 Իսրայելի տեղաբնակ որդիների և նրանց մեջ պանդխտացած օտարականի համար միևնույն օրենքը պետք է լինի սխալմամբ մեղք գործողի համար։
30 Բայց եթե մի մարդ միտումնավոր մեղք գործի, տեղացի թե օտարական, հայհոյած կլինի Տիրոջը։ Այդ մարդը պիտի վերանա իր ժողովրդի միջից,
31 որովհետև նա արհամարհեց Տիրոջ խոսքը և զանց առավ նրա պատվիրանները։ Այդ անձը անպատճառ պիտի վերանա. նա պիտի կրի իր անօրենության պատիժը ”»։
32 Երբ Իսրայելի որդիներն անապատում էին, տեսան մի մարդու, որ շաբաթ օրը փայտ էր հավաքում։
33 Եվ այդ փայտ հավաքողին տեսնողները նրան բերեցին Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ամբողջ ժողովրդի մոտ։
34 Բանտ դրեցին նրան, որովհետև դեռ չէին վճռել, թե ի՛նչ պետք է անեն նրան։
35 Տերն ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պիտի մեռցվի. ամբողջ ժողովուրդը կքարկոծի նրան բանակատեղիից դուրս»։
36 Եվ ամբողջ ժողովուրդը բանակատեղիից դուրս բերեց նրան ու քարկոծեց. և նա մեռավ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
37 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
38 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց, որ իրենց համար ծոպեր կարեն իրենց զգեստների քղանցքներին սերնդեսերունդ և քղանցքի ծոպերի վրա կապույտ մի ժապավեն դնեն։
39 Այդ ծոպերը պետք է ունենաք, որպեսզի տեսնեք այն և ձեր միտքը բերեք Տիրոջ բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք և չհետևեք ձեր սրտերի ու ձեր աչքերի ցանկություններին, որոնց հետևից գնալով՝ դուք մոլորվում եք ։
40 Որպեսզի ձեր միտքը բերեք և կատարեք իմ բոլոր պատվիրաններն ու ձեր Աստծու առաջ սուրբ լինեք։
41 Ես եմ ձեր Տեր Աստվածը, որ ձեզ հանեցի Եգիպտոսի երկրից, որպեսզի Աստված լինեմ ձեզ համար։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։