Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 13

:
Armenian - 2018
1 Դրանից հետո ժողովուրդը մեկնեց Ասերոթից և բանակեց Փառանի անապատում։
2 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
3 «Մարդի՛կ ուղարկիր, որ հետախուզեն Քանանի երկիրը, որը ես տալու եմ Իսրայելի որդիներին։ Ամեն մի ցեղից, ըստ իրենց հայրերի, կուղարկես մեկ մարդ. բոլորն էլ նրանց մեջ իշխաններ լինեն»։
4 Մովսեսը Տիրոջ հրամանի համաձայն այդ մարդկանց ուղարկեց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի ժողովրդի գլխավորներն էին։
5 Սրանք են նրանց անունները. Ռուբենի ցեղից՝ Զաքուրի որդի Սամուա,
6 Շմավոնի ցեղից՝ Քոռիի որդի Սափատ,
7 Հուդայի ցեղից՝ Հեփոնի որդի Քաղեբ,
8 Իսաքարի ցեղից՝ Հովսեփի որդի Իգազ,
9 Եփրեմի ցեղից՝ Նավեի որդի Օսես,
10 Բենիամինի ցեղից՝ Ռափուի որդի Փաղտի,
11 Զաբուղոնի ցեղից՝ Սուդիի որդի Գեդդիել,
12 Հովսեփի ցեղից, այսինքն՝ Մանասեի ցեղից՝ Սուսիի որդի Գադդի,
13 Դանի ցեղից՝ Գամաղիի որդի Ամիել,
14 Ասերի ցեղից՝ Միքայելի որդի Սաթուր,
15 Նեփթաղիմի ցեղից՝ Վափսիի որդի Նաբի,
16 Գադի ցեղից՝ Մաքքիի որդի Գուել։
17 Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսն ուղարկեց հետախուզելու այդ երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Օսեսի անունը Հեսու դրեց։
18 Մովսեսը նրանց ուղարկեց Քանանի երկիրը հետախուզելու և ասաց նրանց. «Հարավային կողմից դեպի վեր գնալով՝ բարձրացե՛ք լեռնային շրջանը
19 և տեսե՛ք, թե դա ի՛նչ երկիր է. այնտեղ բնակվող ժողովուրդը ուժե՞ղ է, թե՞ տկար, փոքրաթի՞վ է, թե՞ բազմամարդ.
20 ինչպիսի՞ն է այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, լա՞վ է, թե՞ վատ. ինչպիսի՞ն են այն քաղաքները, որտեղ բնակվում են նրանք, վրաններո՞ւմ են ապրում, թե՞ բերդերում.
21 ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ տկար, այնտեղ անտառներ կա՞ն, թե՞ ոչ։ Խիզա՛խ եղեք և բերե՛ք այդ երկրի պտուղներից»։ Այդ օրերը խաղողի առաջին բերքի օրերն էին։
22 Նրանք վեր գնացին և հետախուզեցին այդ երկիրը Սին անապատից դեպի Եմաթ, մինչև Րոոբ։
23 Բարձրացան հարավային կողմից և եկան Քեբրոն. այնտեղ էին ապրում Ենակի որդիները՝ Աքիմանը, Սեսին և Թոլմին։ Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել։
24 Նրանք եկան մինչև Եսքողի ձորը, այնտեղից կտրեցին խաղողի մի ողկույզ որթատունկի ճյուղով և երկու հոգով այն տարան մի ձողի միջոցով. վերցրին նաև նռներ և թզեր։
25 Այդ վայրը կոչվեց Եսքողի ձոր այն ողկույզի պատճառով, որը Իսրայելի որդիները կտրել էին այնտեղից։
26 Նրանք քառասուն օր այդ երկիրը հետախուզելուց հետո վերադարձան։
27 Նրանք եկան հասան Մովսեսի, Ահարոնի և իսրայելացիների ամբողջ համայնքի մոտ՝ Կադես, Փառանի անապատում. լուր բերեցին նրանց և ամբողջ ժողովրդին ու նրանց ցույց տվեցին այդ երկրի պտուղները։
28 Պատմեցին Մովսեսին և ասացին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ։ Իսկապես այնտեղ կաթ ու մեղր է հոսում, և ահա՛ դրա պտուղները։
29 Միայն թե այդ երկրի մեջ բնակվող ժողովուրդը հզոր է, քաղաքները պարսպապատ են և խիստ մեծ։ Մենք այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին։
30 Ամաղեկացիները բնակվում են այդ երկրի հարավային կողմում, քետացիները, հեբուսացիները և ամորհացիները բնակվում են լեռնային շրջաններում, իսկ քանանացիները բնակվում են ծովեզերքին և Հորդանան գետի մոտ»։
31 Քաղեբը Մովսեսի շուրջը հավաքված ժողովրդին լռեցրեց և ասաց. «Վեր ելնենք և տիրենք այդ երկրին, որովհետև մենք վստահաբար կարող ենք տիրել դրան»։
32 Բայց նրա հետ գնացող մարդիկ ասացին. «Մենք չենք կարող այդ ժողովրդի դեմ դուրս գալ, որովհետև նրանք մեզանից ավելի ուժեղ են»։
33 Եվ նրանք իրենց հետախուզած երկրի մասին վատ լուրեր հաղորդեցին Իսրայելի որդիներին՝ ասելով. «Այն երկիրը, որի միջով անցանք հետախուզելու համար, իր բնակիչներին ուտող երկիր է։ Նրա բոլոր բնակիչները, որ մենք տեսանք, բարձրահասակ մարդիկ են։
34 Այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդիներին, որոնք հսկաներից են. այնպես որ մենք մեր աչքին, ինչպես և նրանց աչքին մորեխների պես էինք»։