Numbers 10
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Արծաթից երկու փո՛ղ շինիր քեզ համար. կռածո կշինես դրանք՝ ժողովրդին կանչելու և բանակներին երթի հանելու համար։
3 Երբ երկուսն էլ հնչեցնեն, ամբողջ ժողովուրդը կհավաքվի քեզ մոտ՝ ժողովի վրանի մուտքի մոտ։
4 Եթե մեկը հնչեցնեն, քեզ մոտ կհավաքվեն իշխանները՝ Իսրայելի հազարապետները։
5 Երբ ազդարարության համար հնչեցնեք, թող մեկնեն արևելյան կողմում բանակած գնդերը։
6 Երբ երկրորդ անգամ ազդարարության փող հնչեցնեք, թող մեկնեն հարավային կողմում բանակատեղի դրած գնդերը։ Ազդարարության փող թող հնչեցնեն նրանց մեկնելու համար։
7 Կհնչեցնեք նաև ժողովրդին հավաքելու համար, բայց ազդարարության նման չանեք։
8 Փողերը պետք է հնչեցնեն Ահարոնի որդիները՝ քահանաները։ Սա ձեր սերունդների մեջ հավիտենական կանոն թող լինի ձեզ համար։
9 Եթե ձեր երկրում պատերազմի գնաք ձեզ նեղություն տվող թշնամու դեմ, ազդարարության փող կհնչեցնեք, և դուք կհիշվեք ձեր Տեր Աստծու առաջ և կազատվեք ձեր թշնամիներից։
10 Ձեր ուրախության օրերին, ձեր տոների ժամանակ և ամսվա առաջին օրերին փողեր կհնչեցնեք ձեր ողջակեզներն ու ձեր խաղաղության համար զոհերը մատուցելիս, որպեսզի դրանք ձեզ համար հիշատակ լինեն ձեր Աստծու առաջ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
11 Երկրորդ տարվա երկրորդ ամսի քսանին ամպը վերացավ վկայության վրանի վրայից։
12 Եվ Իսրայելի որդիները, իրենց երթի կարգի համաձայն, մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։
13 Առաջին անգամ նրանք մեկնեցին համաձայն այն հրամանի, որ Տերը տվել էր Մովսեսի միջոցով։
14 Նախ մեկնեցին Հուդայի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց գնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամինադաբի որդի Նաասոնը։
15 Իսաքարի ցեղի զորագնդի առաջնորդն էր Սոգարի որդի Նաթանայելը։
16 Զաբուղոնի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Քեղոնի որդի Եղիաբը։
17 Խորանն իջեցրին և մեկնեցին խորանը կրող Գերսոնի որդիներն ու Մերարիի որդիները։
18 Ապա մեկնեցին Ռուբենի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Սեդիուրի որդի Եղիսուրը։
19 Շմավոնի ցեղի զորագնդի առաջնորդն էր Սուրիսադայի որդի Սաղամիելը։
20 Գադի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Դագուելի որդի Եղիասափը։
21 Ապա մեկնեցին Կահաթի որդիները, որոնք տանում էին սրբարանը. մինչև նրանց գալը կանգնեցնում էին վրանը։
22 Եվ շարժվեցին Եփրեմի ցեղի որդիներն իրենց բանակի դրոշակով և իրենց զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիուդի որդի Եղիսաման։
23 Մանասեի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Փադասուրի որդի Գամաղիելը։
24 Բենիամինի ցեղի զորագնդի առաջնորդն էր Գեդեոնիի որդի Աբիդանը։
25 Բոլոր բանակներից հետո մեկնեց Դանի որդիների բանակն իր դրոշակով և իր զորագնդերով։ Նրանց զորագնդի առաջնորդն էր Ամիսադայի որդի Աքիեզերը։
26 Ասերի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Եքրանի որդի Փագիելը։
27 Նեփթաղիմի որդիների ցեղի զորագնդի առաջնորդն էր Ենանի որդի Աքիրեն։
28 Այս էր Իսրայելի որդիների մեկնելն իրենց զորագնդերով. և նրանք մեկնեցին։
29 Մովսեսն ասաց Հոբաբին, այսինքն՝ մադիանացի Ռագուելի որդուն, որը Մովսեսի աներն էր. «Մենք շարժվում ենք դեպի այն տեղը, որի մասին Տերն ասում էր, թե՝ “Ձեզ եմ տալու այն”։ Ե՛կ մեզ հետ, և մենք բարիք կանենք քեզ, որովհետև Տերը խոստացել է բարիք անել Իսրայելին»։
30 Նա պատասխանեց նրան. «Չեմ գա, այլ կգնամ իմ երկիրը և իմ ազգականների մոտ»։
31 Մովսեսն ասաց. «Խնդրեմ, մեզ մի՛ թող, որովհետև գիտես անապատի մեջ մեր բանակելու տեղերը և ուղեցույց կլինես մեզ համար։
32 Եթե մեզ հետ գաս, ինչ բարիք որ Տերն անի մեզ, մենք էլ քե՛զ նույն բարիքը կանենք»։
33 Նրանք, Տիրոջ լեռից մեկնելով, երեք օրվա ճանապարհ գնացին։ Տիրոջ ուխտի տապանակը, նրանց առջևից գնալով, երեք օրվա ճանապարհ անցավ, որպեսզի նրանց համար հանգստանալու տեղ գտնի։
34 Տիրոջ ամպը նրանց վրա էր լինում ցերեկները, երբ բանակատեղիից մեկնում էին։
35 Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, Տե՛ր, որ ցրվեն քո թշնամիները, և քո առջևից փախուստի դիմեն քեզ ատողները»։
36 Իսկ երբ տապանակը տեղում մնում էր, նա ասում էր. «Դարձի՛ր, Տե՛ր, դեպի Իսրայելի բյուր բյուրավորները»։