Micah 6
1 Հիմա լսե՛ք Տիրոջ ասածը. «Վե՛ր կաց, դա՛տ արա լեռների առաջ, և թող բլուրները լսեն քո ձայնը»։
2 Լսե՛ք, լեռնե՛ր, Տիրոջ դատը, նաև դուք, երկրի հաստատո՛ւն հիմքեր, որովհետև Տերը դատ ունի իր ժողովրդի հետ և Իսրայելի հետ պիտի վիճի։
3 Ո՛վ իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, ես քեզ ինչո՞վ եմ հոգնեցրել, պատասխանի՛ր ինձ։
4 Որովհետև ես քեզ Եգիպտոսի երկրից հանել եմ, ստրկության տնից քեզ փրկեցի, քո առաջ եմ ուղարկել Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։
5 Ո՛վ իմ ժողովուրդ, հապա հիշի՛ր, թե ի՛նչ էր խորհում Մովաբի Բաղակ թագավորը, և նրան ինչ պատասխան տվեց Բեովրի որդի Բաղաամը, ինչ որ պատահեց Սատիմից մինչև Գաղգաղա, որպեսզի գիտենաք Տիրոջ արդար գործերը։
6 Ես ինչո՞վ ներկայանամ Տիրոջը, ընկնեմ Բարձրյալ Աստծու առաջ. արդյոք ներկայանամ ողջակեզներո՞վ, մեկ տարեկան հորթերո՞վ։
7 Մի՞թե Տերը կգոհանա հազարավոր խոյերով կամ յուղի բյուրավոր գետերով, արդյոք իմ անդրանի՞կը կտամ իմ հանցանքի դիմաց, իմ որովայնի պտո՞ւղը՝ իմ հոգու մեղքի դիմաց։
8 Քեզ հայտնել է, ո՛վ մարդ, թե ի՛նչն է բարի, և Տերն ի՛նչ է պահանջում քեզանից. միայն իրավունքը պահել, ողորմություն սիրել և խոնարհությամբ ընթանալ քո Աստծու հետ։
9 Իմաստություն է քո անունից երկյուղելը. Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, նա փրկելու է նրանց, ովքեր երկյուղում են նրա անունից, լսե՛ք, ո՛վ տոհմ և քաղաքի հավաք։
10 Դեռ ինչքա՞ն պիտի անօրեններն իրենց տներում հավաքեն խաբեությամբ ձեռք բերված գանձեր, դեռ ինչքա՞ն պիտի օգտագործեն թերի չափեր։
11 Ես մի՞թե մաքուր կհամարեմ անօրենության կշռավորին և խարդախ կշռաքարերի քսակավորին։
12 Նրա հարուստները լի են բռնությամբ, նրա բնակիչները՝ ստախոս, և նրանց բերանում խաբեբա լեզու կա։
13 Ուստի ես էլ քեզ հարվածելով հյուծելու եմ և ավերակ եմ դարձնելու քո մեղքերի պատճառով։
14 Դու պիտի ուտես ու չկշտանաս և միշտ սով պիտի զգաս, դու պիտի ջանաս քո բարիքը տեղափոխել ապահով վայր։ Եվ ինչ որ ազատես, սրի պիտի մատնեմ։
15 Դու պիտի սերմանես, բայց չհնձես, դու ձիթապտուղ պիտի տրորես, բայց յուղով չես օծվի, քաղցու պիտի անես, բայց գինի չես խմի։
16 Պահել ես Ամրիի կանոնները և Աքաաբի տան բոլոր գործերը և ընթանում ես նրա խորհուրդներով, որպեսզի քեզ ամայացնեմ, նրա բնակիչներին ֆշշոցի առարկա դարձնեմ, և դուք պիտի կրեք իմ ժողովրդի նախատինքը։