Matthew 72018

1«Մի՛ դատեք, որ չդատվեք.

2որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։

3Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։

4Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ "Թող շյուղն աչքիդ միջից հանեմ", երբ ահա քո աչքի մեջ գերան կա։

5Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերա՛նը հանիր և այդ ժամանակ կտեսնես, թե ինչպե՛ս եղբորդ աչքից շյուղը հանես։

6Սուրբ բանը շներին մի՛ տվեք, ոչ էլ ձեր մարգարիտները խոզերի առաջ գցեք, որպեսզի դրանք ոտնակոխ չանեն ու շրջվելով ձեզ պատառոտեն։

7Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի.

8որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։

9Կամ ո՞վ է ձեզանից այն մարդը, որից եթե իր որդին հաց խնդրի, նրան քար կտա,

10կամ ձուկ խնդրի, նրան օձ կտա։

11Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։

12Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։

13Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։

14Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները։

15Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։

16Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։

17Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։

18Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։

19Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։

20Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք։

21Ոչ թե ամեն ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ Հոր կամքը, որ երկնքում է։

22Այն օրը շատերն ինձ կասեն. "Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով շատ հրաշքներ գործեցինք"։

23Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. "Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ"։

24Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։

25Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։

26Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։

27Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին, զարկեցին տանը, ու այն կործանվեց, և նրա կործանումը մեծ եղավ»։

28Երբ Հիսուսն այս խոսքերն ավարտեց, ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրա,

29որովհետև նրանց ուսուցանում էր իշխանություն ունեցողի պես և ոչ թե դպիրների նման։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Matthew 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.