Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Luke 7

:
Armenian - 2018
1 Երբ Հիսուսը վերջացրեց իր բոլոր խոսքերը ժողովրդին, որ լսում էր, մտավ Կափառնաում։
2 Մի հարյուրապետի ծառա, որ շատ սիրելի էր նրա համար, հիվանդացել և մերձիմահ էր։
3 Նա, Հիսուսի մասին լսելով, հրեաների երեցներից ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով նրան, որ գա, իր ծառային փրկի։
4 Նրանք, Հիսուսի մոտ գալով, նրան թախանձալից խնդրում էին և ասում. «Նա արժանի է, որ այդ նրան անես,
5 որովհետև սիրում է մեր ազգը և ժողովարանը նա՛ կառուցեց մեզ համար»։
6 Հիսուսը գնաց նրանց հետ. երբ տնից արդեն շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց՝ ասելով. «Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։
7 Դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու։ Այլ՝ խոսքո՛վ ասա, և ծառաս կբժշկվի։
8 Որովհետև ես էլ իշխանության ենթակա մարդ եմ և իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, և գնում է, մյուսին՝ արի՛, և գալիս է, իմ ծառային՝ այս բա՛նն արա, և անում է»։
9 Հիսուսը, այս լսելով, նրա վրա զարմացավ, դարձավ իրեն հետևող ժողովրդին ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ Իսրայելում անգամ այսպիսի հավատ չգտա»։
10 Եվ այն ուղարկված մարդիկ տուն վերադարձան ու հիվանդ ծառային բժշկված գտան։
11 Հետևյալ օրը Հիսուսը գնում էր մի քաղաք, որ Նային էր կոչվում. նրա հետ գնում էին աշակերտները ու բազում ժողովուրդ։
12 Եվ երբ մոտեցավ քաղաքի դարպասին, ահա մի մեռել էին դուրս բերում, որ միակ որդին էր իր մոր, և նա այրի էր. քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։
13 Տերը, նրան տեսնելով, գթաց ու ասաց. «Մի՛ լար»։
14 Եվ մոտենալով դիպավ դագաղին. դագաղը տանողները կանգնեցին։ Եվ ասաց. «Պատանի՛, քե՛զ եմ ասում, վե՛ր կաց»։
15 Մեռելը վեր կացավ, նստեց ու սկսեց խոսել։ Եվ Հիսուսը նրան իր մորը տվեց։
16 Ահը պատեց բոլորին, և Աստծուն փառավորում էին՝ ասելով. «Մի մեծ մարգարե է մեր մեջ հայտնվել», և «Աստված այցելել է իր ժողովրդին»։
17 Եվ նրա այս համբավն ամբողջ Հրեաստանով ու նրա շրջակայքով մեկ տարածվեց։
18 Հովհաննեսին նրա աշակերտներն այս բոլորի մասին պատմեցին։ Հովհաննեսն իր աշակերտներից երկուսին իր մոտ կանչեց,
19 Տիրոջ մոտ ուղարկեց՝ ասելու. «Դո՞ւ ես, որ գալու է, թե՞ ուրիշին սպասենք»։
20 Այդ մարդիկ, նրա մոտ գալով, ասացին. «Հովհաննես Մկրտիչը մեզ քեզ մոտ է ուղարկել և ասում է. "Դո՞ւ ես, որ գալու է, թե՞ ուրիշին սպասենք"»։
21 Նույն ժամին նա շատերին բժշկեց հիվանդություններից, տառապանքներից ու չար ոգիներից, բազում կույրերի տեսողություն շնորհեց։
22 Եվ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ տեսաք ու լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռյալները հարություն են առնում, ու աղքատներին Բարի լուրն է ավետվում։
23 Եվ երանի՜ նրան, ով իմ պատճառով չի ընկնի»։
24 Երբ Հովհաննեսի պատգամավորները գնացին, սկսեց ժողովրդին Հովհաննեսի մասին խոսել. «Ի՞նչ տեսնելու համար ելաք անապատ գնացիք՝ քամուց շարժվող մի եղե՞գ։
25 Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ փափուկ զգեստներ հագած մի մարդո՞ւ. ահավասիկ նրանք, ովքեր փառավոր հագուստների ու փափուկ կենցաղի մեջ են, թագավորների պալատներում են։
26 Հապա ի՞նչ տեսնելու համար ելաք գնացիք՝ մի մարգարեի՞. այո՛, ասում եմ ձեզ, որ առավել քան մարգարեն։
27 Դա նա է, ում մասին գրված է. "Ահա քո առջևից ուղարկում եմ իմ պատգամաբերին, որպեսզի քո առաջ քո ճանապարհը պատրաստի" ։
28 Ասում եմ ձեզ, որ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ մարգարե չկա, բայց Աստծու արքայության մեջ ամենափոքրն ավելի մեծ է, քան նա»։
29 Երբ ամբողջ բազմությունը, նույնիսկ մաքսավորները, Հովհաննեսին լսեցին, ընդունեցին Աստծու արդարությունը՝ Հովհաննեսի մկրտությամբ մկրտվելով։
30 Փարիսեցիներն ու օրենսգետները, ընդհակառակը, Հովհաննեսից չմկրտվելով, մերժեցին այն, ինչ Աստված կամենում էր նրանց համար։
31 «Արդ այս սերնդի մարդկանց ո՞ւմ նմանեցնեմ, ո՞ւմ են նման։
32 Նման են այն երեխաներին, որոնք նստում են հրապարակներում, միմյանց ձայն են տալիս և ասում. "Մենք ձեզ համար փող հնչեցրինք, բայց դուք չպարեցիք, ողբ ասացինք, բայց լաց չեղաք"։
33 Քանզի Հովհաննես Մկրտիչը եկավ, ո՛չ հաց էր ուտում, ո՛չ էլ գինի խմում, և ասում եք. "Դև ունի"։
34 Եկավ Մարդու Որդին. ուտում է և խմում, բայց ասում եք. "Ահա ուտող և գինի խմող մի մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ"։
35 Բայց իմաստությունն արդարացվեց նրա բոլոր որդիների կողմից»։
36 Փարիսեցիներից մեկը նրան խնդրում էր, որ իր հետ հաց ուտի։ Նա, մտնելով փարիսեցու տուն, սեղան նստեց։
37 Եվ ահա այդ քաղաքում մի մեղավոր կին կար. երբ իմացավ, որ նա փարիսեցու տանը սեղան է նստել, մի ալաբաստրյա շիշ անուշահոտ յուղ բերելով
38 և հետևից նրա ոտքերի մոտ կանգնելով՝ լաց լինելով սկսեց արտասուքով նրա ոտքերը թրջել ու իր գլխի մազերով սրբել. նրա ոտքերն էր համբուրում և յուղով օծում։
39 Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, այդ տեսնելով, իր մտքում ասաց. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է իրեն դիպչում, որովհետև նա մեղավոր է»։
40 Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Սիմո՛ն, մի բան ունեմ քեզ ասելու»։ Նա էլ ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Ու ասաց.
41 «Մի փոխատու երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դինար էր պարտք, մյուսը՝ հիսուն։
42 Եվ երբ սրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Արդ սրանցից ո՞րն ավելի շատ կսիրի նրան, ասա՛»։
43 Սիմոնն էլ պատասխանեց. «Ինձ այնպես է թվում, թե նա, որին ավելի շատ շնորհվեց»։ Հիսուսն ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։
44 Եվ դեպի կինը դառնալով՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. ես քո տուն մտա, և դու իմ ոտքերին ջուր չլցրեցիր, բայց սա ոտքերս իր արտասուքներով թրջեց ու իր մազերով սրբեց։
45 Դու ինձ համբույր չտվեցիր, իսկ սա այստեղ մտնելուցս ի վեր ոտքերս համբուրելուց չդադարեց։
46 Դու իմ գլուխը յուղով չօծեցիր, իսկ սա իմ ոտքերն անուշահոտ յուղով օծեց։
47 Դրա համար ասում եմ քեզ. սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց. բայց ում որ քիչ ներվի, նա քիչ կսիրի»։
48 Եվ այդ կնոջն ասաց. «Քո մեղքերը ներված են քեզ»։
49 Նրա հետ սեղան նստողներն սկսեցին իրենց մտքում ասել. «Ո՞վ է սա, որ նույնիսկ մեղքերին է թողություն տալիս»։
50 Եվ նա այդ կնոջն ասաց. «Քո հավատը քեզ փրկեց. գնա՛ խաղաղությամբ»։