Bible

Elevate

Your Sunday Morning Worship Service

Try RisenMedia.io Today!

Click Here

Luke 19

:
Armenian - 2018
1 Հիսուսը մտավ Երիքով և անցնում էր նրա միջով։
2 Եվ ահա մի մարդ՝ Զակքեոս անունով, որ մաքսապետ էր և հարուստ,
3 ուզում էր տեսնել, թե ով է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետև կարճահասակ էր։
4 Առաջ վազելով՝ մի ժանտաթզենու վրա բարձրացավ, որպեսզի նրան տեսնի, որովհետև այդտեղով էր անցնելու։
5 Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց ու նրան ասաց. «Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր, որովհետև այսօր պետք է քո տանը մնամ»։
6 Նա շտապ իջավ ու նրան ուրախությամբ ընդունեց։
7 Բոլորը, տեսնելով, տրտնջում էին ու ասում. «Մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու»։
8 Զակքեոսը կանգնեց ու Տիրոջն ասաց. «Տե՛ր, իմ ունեցվածքի կեսն աղքատներին կտամ ու եթե մեկին զրպարտությամբ զրկել եմ, քառապատիկ կվճարեմ»։
9 Հիսուսը նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկություն եղավ, որովհետև սա ևս Աբրահամի որդի է,
10 որովհետև Մարդու Որդին եկել է կորածին փնտրելու ու փրկելու»։
11 Եվ մինչ նրանք լսում էին այս բաները, մի առակ էլ հավելեց, որովհետև Երուսաղեմին էր մոտենում, և նրանք կարծում էին, թե Աստծու արքայությունը շուտով հայտնվելու է։
12 Արդ ասաց. «Մի ազնվական մարդ հեռու երկիր գնաց, որպեսզի իր թագավորությունը ստանա ու վերադառնա։
13 Կանչելով իր տասը ծառաներին՝ նրանց տասը մնաս տվեց ու ասաց. "Շահարկե՛ք, մինչև գամ"։
14 Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամավորներ ուղարկեցին նրա հետևից և ասացին. "Չենք ուզում, որ դա մեզ վրա թագավորի"։
15 Եվ նա, թագավորությունը ստացած, վերադարձավ ու ասաց, որ կանչեն այն ծառաներին, որոնց արծաթ էր տվել, որպեսզի իմանա, թե ով ի՛նչ է շահել։
16 Առաջինը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը տասը մնաս շահ բերեց"։
17 Նրան ասաց. "Լա՛վ, բարի՛ ծառա, քանի որ քիչ բանում հավատարիմ եղար, տասը քաղաքի վրա իշխանությո՛ւն ունեցիր"։
18 Երկրորդը եկավ ու ասաց. "Տե՛ր, քո մնասը հինգ մնաս շահ բերեց"։
19 Նրան էլ ասաց. "Դու էլ հինգ քաղաքի վրա՛ եղիր"։
20 Մյուսն էլ եկավ ու ասաց. "Տե՛ր, ահա քո մնասը, որ թաշկինակի մեջ փաթաթած պահում էի։
21 Վախենում էի քեզանից, որովհետև դու խիստ մարդ ես. վերցնում ես, ինչ որ չես դրել, և հնձում ես, ինչ որ չես ցանել"։
22 Եվ նրան ասաց. "Քո բերանով եմ քեզ դատելու, չա՛ր ծառա։ Գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, հնձում եմ, ինչ որ չեմ ցանել.
23 այդ ինչո՞ւ իմ արծաթը լումայափոխներին չտվեցիր, որ ես երբ գայի, այն շահով հետ առնեի"։
24 Եվ ներկա գտնվողներին ասաց. "Վերցրե՛ք դրանից մնասը ու տվե՛ք տասը մնաս ունեցողին"։
25 Նրան ասացին. "Տե՛ր, նա արդեն տասը մնաս ունի"։
26 "Ասում եմ ձեզ, որ ամեն ունեցողի կտրվի, իսկ չունեցողից, ինչ էլ որ ունի, կվերցվի։
27 Իսկ իմ այն թշնամիներին, որոնք չէին ուզում, որ ես իրենց վրա թագավորեմ, այստե՛ղ բերեք ու իմ առաջ սպանե՛ք"»։
28 Եվ երբ այս ասաց, առաջացավ, որ Երուսաղեմ ելնի։
29 Երբ մոտեցավ Բեթփագեին ու Բեթանիային՝ Ձիթենյաց կոչվող լեռան մոտ, իր աշակերտներից երկուսին ուղարկեց
30 ու ասաց. «Գնացե՛ք դիմացի գյուղը ու այնտեղ մտնելիս մի կապած ավանակ կգտնեք, որի վրա երբեք ոչ մի մարդ չի նստել. արձակե՛ք այն ու բերե՛ք։
31 Եվ եթե մեկը ձեզ հարցնի՝ "Ինչո՞ւ եք արձակում", նրան այսպե՛ս ասեք՝ "Տերը դրա կարիքն ունի"»։
32 Երբ ուղարկվածները գնացին, գտան այնպես, ինչպես իրենց ասել էր։
33 Մինչ նրանք ավանակն էին արձակում, նրա տերերը նրանց ասացին. «Ավանակն ինչո՞ւ եք արձակում»։
34 Նրանք ասացին. «Տերը դրա կարիքն ունի»։
35 Եվ այն բերեցին Հիսուսի մոտ, իրենց հագուստներն էլ ավանակի վրա գցեցին և Հիսուսին վրան նստեցրին։
36 Մինչ նա գնում էր, իրենց հագուստները փռում էին ճանապարհի վրա։
37 Եվ երբ նա արդեն Ձիթենյաց լեռան զառիվայրին մոտեցավ, աշակերտների ամբողջ բազմությունն ուրախությամբ սկսեց բարձր ձայնով Աստծուն օրհնել այն բոլոր հրաշքների համար, որ տեսել էր։
38 Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկող թագավորը (Սաղ. 118.26). խաղաղությո՜ւն երկնքում, ու փա՜ռք Բարձրյալին»։
39 Փարիսեցիներից ոմանք բազմության միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, աշակերտներիդ սաստի՛ր»։
40 Նա պատասխանեց ու ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն, քարերն են աղաղակելու»։
41 Եվ երբ մոտեցավ, քաղաքը տեսնելով՝ լաց եղավ նրա վրա
42 ու ասաց. «Գոնե այսօր դու էլ իմանայիր ինչպե՛ս խաղաղություն գտնել։ Բայց հիմա այն քո աչքերից ծածկված է։
43 Որովհետև քեզ վրա օրեր պիտի գան, ու թշնամիներդ շուրջդ պիտի պատնեշապատեն և քեզ պաշարեն, ամեն կողմից քեզ պիտի նեղեն։
44 Քեզ զավակներիդ հետ հիմնահատակ պիտի անեն և քարդ քարի վրա չպիտի թողնեն, քանի որ չճանաչեցիր ժամանակը, երբ քեզ այցելության եկավ Տերը »։
45 Հիսուսը, տաճար մտնելով, սկսեց դուրս հանել վաճառողներին ու գնողներին։
46 Նրանց ասաց. «Գրված է. "Իմ տունն աղոթքի տուն պիտի լինի", իսկ դուք այն ավազակների որջի եք վերածել»։
47 Եվ ամեն օր տաճարում ուսուցանում էր նրանց, իսկ քահանայապետները, դպիրներն ուզում էին նրան կորստյան մատնել։
48 Եվ միջոց չէին գտնում, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարված, լսում էր։