Leviticus 4
1 Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.
2 «Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մեկը մեղանչի, այսինքն՝ Տիրոջ արգելած բաներից մեկն անի, որ չպետք է արվեն,
3 եթե օծված քահանան մեղանչի՝ հանցավոր դարձնելով ժողովրդին, ապա նա իր գործած մեղքի համար արջառներից անարատ մի զվարակ պիտի մատուցի Տիրոջը որպես մեղքի զոհաբերություն։
4 Նա զվարակը թող բերի ժողովի վրանի մուտքի մոտ, Տիրոջ առաջ, իր ձեռքը դնի զվարակի գլխին և զվարակը մորթի Տիրոջ առաջ։
5 Օծված քահանան զվարակի արյունից թող առնի և բերի ժողովի վրան։
6 Քահանան իր մատը թաթախի արյան մեջ և այդ արյունից յոթ անգամ իր մատով շաղ տա Տիրոջ առաջ, սրբարանի վարագույրի դիմաց։
7 Քահանան զվարակի արյունից թող քսի ժողովի վրանում՝ Տիրոջ առաջ գտնվող անուշահոտ խնկի սեղանի եղջյուրներին։ Զվարակի մնացած ամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզի զոհասեղանի հատակին։
8 Եվ վերցնի մեղքի համար զոհաբերված զվարակի ամբողջ ճարպը, այսինքն՝ փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը։
9 Եվ հանի երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ,
10 ինչպես դրանք հանվում են խաղաղության համար զոհաբերվող արջառից, և քահանան դրանք թող այրի ողջակեզի զոհասեղանի վրա։
11 Իսկ զվարակի մորթը, նրա ամբողջ միսը՝ գլխի և ոտքերի հետ, փորոտիքը և աղբը,
12 այսինքն՝ ամբողջ զվարակը հանի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, և այրի կրակով, փայտերի վրա։ Մոխրի թափված տեղում այրվի։
13 Եթե Իսրայելի ամբողջ ժողովուրդը մի սխալ գործի, և դա ծածուկ մնա ժողովրդի աչքից, եթե խախտի Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, եթե անեն այն բաներից մեկը, որ ըստ Տիրոջ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։
14 Եթե իմացվի նրանց գործած մեղքը, ժողովուրդն արջառներից մի զվարակ թող մատուցի որպես մեղքի զոհ և այն բերի ժողովի վրանի առաջ։
15 Ժողովրդի ծերերը Տիրոջ առաջ իրենց ձեռքերը դնեն զվարակի գլխին և զվարակը մորթեն Տիրոջ առաջ։
16 Օծված քահանան զվարակի արյունից բերի ժողովի վրան։
17 Քահանան իր մատը թաթախի արյան մեջ և յոթ անգամ շաղ տա Տիրոջ առաջ, վարագույրի դիմաց։
18 Եվ արյունից քսի ժողովի վրանում Տիրոջ առաջ դրված սեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի ժողովի վրանի մուտքի մոտ գտնվող ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։
19 Զվարակի ամբողջ ճարպը թող հանի նրա վրայից և այրի զոհասեղանի վրա։
20 Այդ զվարակին այնպես անի, ինչպես արեց մեղքի զոհ զվարակին։ Քահանան քավություն անի նրանց համար, և նրանց թողություն կլինի։
21 Բանակատեղիից դուրս թող հանեն զվարակը և այրեն այն, ինչպես որ այրեցին նախորդ զվարակը. դա մեղքի զոհաբերություն է ժողովրդի համար։
22 Եթե մի իշխան է մեղք գործում՝ սխալմամբ խախտելով իր Տեր Աստծու պատվիրաններից մեկնումեկը, որ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։
23 Եթե նրա գործած մեղքը հայտնվի իրեն, իր արու այծերից թող զոհաբերի անարատ մի նոխազ։
24 Եվ իր ձեռքը դնի նոխազի գլխին և այն մորթի Տիրոջ առաջ, ողջակեզների մորթելու տեղում։ Դա մեղքի զոհաբերություն է։
25 Քահանան մեղքի զոհի արյունից թող վերցնի իր մատով և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ նրա մնացած արյունը թափի ողջակեզների զոհասեղանի պատվանդանին։
26 Նրա ամբողջ ճարպը թող այրի զոհասեղանի վրա, խաղաղության զոհի ճարպի նման։ Քահանան նրա մեղքի համար քավություն անի, և նրան թողություն կլինի։
27 Եթե երկրի ժողովրդից մեկն է մեղանչում՝ խախտելով Տիրոջ պատվիրաններից մեկնումեկը, մի բան, որ չպետք է աներ, այն ժամանակ հանցավոր կլինի։
28 Եթե իր գործած մեղքը հայտնվի իրեն, իր գործած մեղքի համար այծերից անարատ մի էգ այծ թող բերի։
29 Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և մեղքի զոհը մորթի ողջակեզի մորթելու տեղում։
30 Քահանան իր մատով թող վերցնի նրա արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։
31 Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի ճարպը, և քահանան այն այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ առաջ։ Քահանան քավություն անի նրա համար, և նրան թողություն կլինի։
32 Եթե գառ է մատուցում որպես մեղքի զոհ, թող բերի անարատ մի էգ գառ։
33 Եվ իր ձեռքը դնի մեղքի զոհի գլխին և այն մորթի որպես մեղքի զոհ այնտեղ, ուր ողջակեզներն են մորթում։
34 Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին, իսկ մնացած ամբողջ արյունը թափի զոհասեղանի պատվանդանին։
35 Եվ հանի նրա ամբողջ ճարպը, ինչպես հանվում է խաղաղության զոհի գառան ճարպը։ Քահանան այն թող այրի զոհասեղանի վրա Տիրոջը մատուցվող զոհերի հետ։ Քահանան քավություն անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի”»։